Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Պայքարել եւ պայքարելու ենք ցեղասպանության բոլոր դրսեւորումների դեմ»


«Մեր պարտքն է գիտակցել, ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, եւ այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է», – Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հրապարակած իր ուղերձում այսօր ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ընդգծելով, որ յուրաքանչյուր ապրիլի 24 առիթ է՝ «նորոգելու մեր ուխտը՝ հավատարիմ լինել հայոց պետականությանը, որի գոյությունն արդեն բացառում է եւ բացառելու է հայերի ցեղասպանության կրկնությունը», – Հայաստանի նախագահը խոստանում է. – «Մենք՝ որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել եւ պայքարելու ենք աշխարհի որեւէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսեւորումների դեմ` ազգատյացության սերմանումից մինչեւ բնաջնջում, անտարբեր լռությունից մինչեւ ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը»։

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջեւ: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ: Տարածաշրջանի բնիկ եւ հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը եւ բռնագաղթի ճանապարհին», – հիշեցնում է Սերժ Սարգսյանն ու իր ուղերձում արձագանքում է հորդորներին՝ «100 տարի առաջվա հին վերքերը չփորփրել, այլ նայել առաջ», ասելով. – «Մեր պատասխանը նման հորդորներին հետեւյալն է՝ Օրհան Փամուկին եւ Հրանդ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թե՛ թուրքական, թե՛ հայ հասարակությունների համար այս խնդիրն արդիական է եւ հրատապ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG