Մատչելիության հղումներ

Առանց դրոշմապիտակների սկավառակների վաճառքը արգելվել է


Georgia -- video and audio DVD/CD store, Tbilisi, 22Jul2010
Georgia -- video and audio DVD/CD store, Tbilisi, 22Jul2010
Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը Երեւանում գործող սկավառակների խանութների տնօրեններն ու աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց: Նրանք դժգոհում են, որ արդեն 3-4 օր է Հայաստանի ողջ տարածքում արգելվել է առանց դրոշմապիտակների ձայնասկավառակների եւ տեսասկավառակների վաճառքը։

Ակցիայի մասնակից, «Հայ-ֆայ» սկավառակների խանութի տնօրեն Արտաշես Բոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում էկոնոմիկայի նախարարությունը իրենց չի տրամադրում դրոշմապիտակներ, առանց որոնց սկավառակների վաճառքն արգելվում է:

«Էկոնոմիկայի նախարարությունը վաճառքի կետերին 6 ամիս ժամանակ էր տրամադրել եղած սկավառակները վաճառելու համար, սակայն ժամանակահատվածը բավարար չի եղել ամբողջ խմբաքանակը իրացնելու համար եւ այժմ կանգնել ենք այս խնդրի առաջ», - ասում է Բոստանջյանը:

«Հայ-ֆայ»-ի տնօրենը նշում է, որ Հայաստանում այսօր չափազանց քիչ են ձայնասկավառակները, որոնք ունեն դրոշմապիտակներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Համբարյանն վստահեցնում է, որ այս քայլի նպատակը մեկն է՝ պաշտպանել ստեղծագործողների հեղինակային իրավունքները եւ պայքարել «պիրատական» արտադրանքի դեմ։

«Պետք է պայմանագիր իրավատիրոջ թույլտվությամբ, եթե այդտեղ ամեն ինչ նորմալ եղավ, ապա ոչ մի խնդիր չկա: Ուղղակի սա անսպասելի էր եւ մեր երկրում «բում» տեղի ունեցավ եւ այս պիրատական արտադրանքին վերջ տրվեց: Միտումը ոչ թե խանութների փակելն էր, այլ ասելը, որ եկեք, կնքեք պայմանագրեր հեղինակների հետ, վարձատրեք նրանց», - հավելում է Համբարյանը:

Համբարյանը նշում է, որ առաջիկայում կառավարությունը կքննարկի այս հարցը, եւ հնարավոր է` խանութներին հնարավորություն տրվի վաճառել օրինական ձեռք բերված սկավառակները:

Նա անդրադարձավ նաեւ Հայաստան ներմուծող սկավառակներին` վստահեցնելով, որ ներմուծողների հետ իրենք խնդիրներ չունեն:

Մտավոր սեփականության գործակալության հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների բաժնի գլխավոր մասնագետը նշեց, որ մինչեւ տարվեվերջ փոփոխության կենթարկվի «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքը: Այն ավելի համահունչ կլինի ժամանակի պահանջին: Այդպիսով փորձ կարվի պաշտպանել հեղինակների իրավունքները նաեւ թվային աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG