Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում քննարկել են չճանաչված պետություններում կայացած ընտրությունները


Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանը (ձ) հետեւում է զորավարժությունների ընթացքին, արխիվ
Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանը (ձ) հետեւում է զորավարժությունների ընթացքին, արխիվ
Օրերս Վաշինգտոնում մի ուշագրավ քննարկում է տեղի ունեցել. հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետություններում անցկացված ընտրությունների վերաբերյալ ապրիլի 15-ին իր ուսումնասիրությունն է ներկայացրել Դուբլինի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Դոնախա Օբաքոյնը:

Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում անցկացված ընտրությունների վերաբերյալ ուսումնասիրությունը ֆինանսավորել է Իռլանդիայի կառավարությունը, իսկ առիթը 2012 թվականին ԵԱՀԿ նախագահությունը մեկ տարով ստանձնելու հանգամանքն էր, ինչպես նաեւ 2013-ի հունվարից Եվրամիության նախագահության հեռանկարը:

Քանի որ այս տարածաշրջանում Իռլանդիան առանձնապես աշխարհաքաղաքական հետաքրքրություններ չի ունեցել, ոչ էլ պատմական կապեր են եղել, գոյություն ուներ տեղեկատվական մեծ պակաս: Այդ բացը լրացնելու համար Դոնախա Օբաքոյնն առաջարկել է հետազոտություն անցկացնել եւ կառավարությանը զեկույցներ ներկայացնել, թե ինչպես Իռլանդիայի ղեկավարությամբ ԵԱՀԿ-ն եւ Եվրամիությունը կարող են մեղմել կոնֆլիկտային իրավիճակները տարածաշրջաններում:

Հետազոտության համար փորձագետը մեկնել է տարածաշրջանի երկրներ, եղել է չճանաչված հանրապետություններում, այցելել է նաեւ հակամարտություններին առնչվող երկրներ` Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, Մոլդովա:

Փորձագետի խոսքով` 2012 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ վերընտրվել ցանկացող նախագահ Բակո Սահակյանը շատ ուժեղ մրցակից ուներ` Վիտալի Բալասանյանը:

«Նա ուժեղ մրցակից էր, քանի որ պատերազմի բովով էր անցել: Դա շատ կարեւոր է, որ Ղարաբաղում որեւէ քաղաքական գործիչ լուրջ ընդունվի: Ղարաբաղում նրան հերոս են համարում, նրա նկարը բոլոր դպրոցներում փակցված է, նա նաեւ փորձ ունի, նախկինում պաշտպանության փոխնախարար է եղել եւ նախագահի խորհրդական», - նշել է Օքաբոյնը:

Օբաքոյնը Ղարաբաղի նախագահական ընտրություններում նկատում է նաեւ հետխորհրդային երկրներին շատ բնորոշ երեւույթ` ֆորմալ թեկնածուների առկայությունը: Ըստ փորձագետի` կառավարությունը կեղծ թեկնածուներ է առաջադրում` ընտրություններին մրցակցության պատրանք ստեղծելու համար:

Քվեարկության ավարտից հետո պարզվում է, որ թեեւ գործող նախագահը 65 տոկոսով հաղթել է, սակայն նրա մրցակիցը ստացել է աննախադեպ` 32 տոկոս ձայն: Դա ընդդիմության երբեւէ գրանցած ամենաբարձր արդյունքն էր Ղարաբաղում, նշում է փորձագետը:

Դոնախա Օբաքոյնն ասում է` ընտրակեղծիքներ, որպես այդպիսիք, չեն նկատել, սակայն քարոզարշավը չի եղել արդար եւ հավասար: Տեսանելի էր այն հսկայական վարչական ռեսուրսը, որ կիրառում էր գործող նախագահը, ինչը շատ սովորական երեւույթ է հետխորհրդային տարածքի համար:

Մյուս կարեւոր հանգամանքը ըստ փորձագետի` հատկապես Ղարաբաղի քաղաքական վերնախավի համար «Ֆրիդոմ հաուս» իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում մասամբ ազատ երկրի վարկանիշը վերականգնելն էր: Երբ 2010-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում որեւէ ընդդիմադիր չհայտնվեց օրենսդիր մարմնում, Ղարաբաղը տեղափոխվեց ոչ ազատ երկրների շարք, որտեղ հաստատված է նաեւ Ադրբեջանը: Նախագահական ընտրությունների մրցակցային լինելու շնորհիվ Ղարաբաղը շտկեց 2010 թվականին գրանցած հետընթացը:

Ամփոփելով չճանաչված հանրապետություններում ընտրությունների իր դիտարկումը` փորձագետը գտնում է, որ այս երկրներում ընտրությունները զարմանալիորեն մրցակցային են անցնում, անկանխատեսելի ելք ունեն, ու չնայած տարածված կարծիքի` այնտեղ քաղաքական գործընթացները ամբողջովին չեն վերահսկվում Երեւանի կամ Մոսկվայի կողմից:

«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության լրագրողի հարցին, թե որպես հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հաջողություն ունեցած երկրի քաղաքացի, ինչպե՞ս է տեսնում այս տարածաշրջանում հակամարտությունների լուծումը, փորձագետը պատասխանել է, որ եթե Մերձդնեստրի առումով կարգավորման որոշակի հույսեր կան, ապա Կովկասի հարցում ինքը վատատես է, քանի որ հակամարտության տարածքներից բնակչության մի մասը արտաքսվել է, բացի այդ Հարավային Կովկասի երկրներում չկա կայուն ժողովրդավարություն, եւ քանի դեռ այս հարցերը լուծված չեն, ինքը հակամարտությունների կարգավորման հարցում լավատես չի կարող լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG