Մատչելիության հղումներ

Մանկապարտեզները գերծանրաբեռնված են եւ նոր երեխաներ ընդունելու խնդիր ունեն


Այսօր երեխային մանկապարտեզ ընդունելու համար ծնողը ստիպված է նախօրոքերեխային գրանցել ու համբերատար սպասել իր հերթին, քանի որ խմբերը ծանրաբեռնված են եւ նոր երեխաներ ընդունելու համար տեղ չկա:

Երեւանի թիվ 19 մանկապարտեզի տնօրեն Մարինա Զալինյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ծնողները բողոքում են. - «Ծնողն աշխատում է եւ ցանկանում է, որ երեխան մանկապարտեզ հաճախի եւ բնական է, որ ծնողը զայրույթ է արտահայտում: Ես բացատրում եմ, որ ձեր հույսը մի կտրեք, գուցե ձեր հերթը հասնի, բայց ցավոք ժամկետ չեմ կարող ասել»:

Զալինյանի խոսքով, այսօր ունեն հերթագրված 204 երեխա եւ աշնանը դպրոց գնացող երեխաներին կփոխարինեն հերթականությամբ գրանցված մոտ 60 երեխա :

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ խնդիրն առաջացավ, երբ 2011 թվականի մարտի 31-ի որոշմամբ հաճախումները մանկապարտեզ դարձան անվճար:

Սողոմոնյանը նաեւ խոսեց արհեստական գերբեռնվածության մասին` մատնանշելով հատկապես Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանները: Վարչության պետը բացատրում է, որ ծնողներն իրենց հարմարավետության համար երեխաներին տանում են այն մանկապարտեզները, որոնք մոտ են իրենց աշխատավայրերին, իսկ իրենք էլ դա օրենքով չեն փորձում կարգավորել, որեվհետեւ այդկերպ կբռնանան ծնողի իրավունքին:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը նշում է, որ եթե նախկինում մանկապարտեզների թիվը հասնում էր 300-ի, ապա այսօր Երեւանում գործում է 160 մանկապարտեզ. - «90-ականների ժառանգություն ենք մենք վաստակել: Մանկապարտեզները օտարվեցին, ոչ նպատակային օգտագործման են տրվել, բնակելի տարածքներ են այսօր եւ անհատույց տարածքներ կան` 25, 50, 99 տարով վարձակալության տրված: Կան որոշումներ, որոշումները պետք է դատական կարգով լուծում ստանան եւ կան, որ արդեն անկարող ենք մենք որեւէ հարց լուծել, բայց կան նաեւ, որ ժամկետներ են լրանում: Մենք մի քանի փոքրիկ տարածքներ ազատեցինք եւ նոր խմբեր բացեցինք, բայց էլի քիչ է»:

Ոլորտի պատասխանատուն համաձայն է, որ խնդիրը հրատապ լուծման կարիք ունի, սակայն հաշվի առնելով իրական պատկերը, կարճ ժամանակում խնդիրը լուծելու հույս չի հայտնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG