Մատչելիության հղումներ

Օսկանյան. «Հետընտրական շրջանում համաձայնության գալու խնդիր է»


Վարդան Օսկանյան, արխիվ
Վարդան Օսկանյան, արխիվ
Իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Երեւանի ավագանու ընտրությունների ընտրացուցակի առաջին տեղը զբաղեցնող Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քաղաքական ուժերի հետ համագործակցելու հնարավորություն դեռ տեսնում է:

Չնայած ընդդիմադիր ուժերը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին, այսուհանդերձ կարեւորում են միմյանց հետ համագործակցությունն ընդդեմ իշխանությունների: Օսկանյանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան անդրադարձավ անցած շաբաթ օրը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի` ավագանու ընտրություններում համագործակցության վերաբերյալ հնչեցրած գնահատականներին: Առաջին նախագահն ասել էր, որ դեռ հնարավորություն կա միասնական քաղաքական պրոցես տանելու, բայց` «լրջորեն, առանց դեմագոգիայի, առանց կշտամբանքների կամ ակնարկների...»:

Օսկանյանն ի պատասխան այս դիտարկման, ասում է. - «Գիտեք, մենք միշտ էլ ասել ենք, որ պատրաստ ենք այլ քաղաքական ուժերի հետ համագործակցել: Այդ հնարավորությունը, իհարկե, կա, ես էլ եմ տեսնում: Խնդիրը հետընտրական շրջանում համաձայնության գալու խնդիր է, որովհետեւ արդեն յուրաքանչյուրը առանձին ցուցակով մասնակցում է, դա հնարավոր չէ փոխել, եւ ընտրություններից հետո, նայած ով ինչ տոկոս կհավաքի, եթե ոչ իշխանական ուժերը հնարավորություն ունեն հիսուն պլյուսի հասնել, եւ քաղաքապետ նշանակել, կարծում եմ, որ մենք համաձայնություն կգտնենք»:

Երեւանի քաղաքապետի աթոռին հավակնող նախկին արտգործնախարարն այն կարծիքին է, որ կարելի է համագործակցել նաեւ իշխող Հանրապետականի հետ, եթե, իհարկե, առաջիկա ընտրություններն անցնեն նորմալ` Հանրապետականի կողմից առանց ընտրակեղծիքների: Նման պարագայում Հանրապետականի նախկին կոալաիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մանդատները վայր չի դնի, այլ կաշխատի նորմալ ընտրությունների արդյունքում ձեւավորված ավագանու կազմում: Հակառակ դեպքում Օսկանյանը չի բացառում նաեւ մանդատներից հրաժարվելու տարբերակը:

«Դա քաղաքական գնահատականի խնդիր է: Եթե ակնհայտ ինչ-որ կեղծիքներ կան, արդեն ասել ենք, որ մենք ադեկվատ կարձագանքենք»,- նշեց ԲՀԿ ներկայացուցիչը:

Օսկանյանի կարծիքով, ամենակարեւորն այն է, որ Երեւանի կառավարումը չպատկանի իշխող Հանրապետականին: Հակակշիռն անհրաժեշտ է, թեկուզեւ այն դեպքում, երբ մայրաքաղաքը անցնի ոչ թե Բարգավաճի, այլ ընդդիմադիր որեւէ ուժի ձեռքը, կարծում է Օսկանյանը: Նա, սակայն, հավատում է իր հաղթելու հնարավորությանը:
XS
SM
MD
LG