Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. «Միջադեպերի հանգամանքները մանրամասն քննվելու են»


Երեւան, 9-ը ապրիլի, 2013թ.
Երեւան, 9-ը ապրիլի, 2013թ.

Հայաստանի ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել ապրիլի 9-ի իրադարձությունների կապակցությամբ:

Ապրիլի 9-ին Երեւանի Բաղրամյան պողոտայով «ապօրինի երթի առանձին` անգամ հավաքի կազմակերպիչների համար անկառավարելի դարձած, հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած քաղաքացիների վարքագիծը ոստիկանությանը հարկադրեց ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ»: Այդ մասին ասված է Հայաստանի ոստիկանության այսօր տարածած հայտարարությունում:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ գործադրել է «բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների անպատասխանատու եւ հակաիրավական վարքագիծը չհանգեցնի առավել ծանր հետեւանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը»:

Ոստիկանության ծառայողները օրենքներով սահմանված իրենց այս հիմնական պարտականությունները կատարել են արդյունավետ` կանխելով իրավիճակի սրումը եւ հնարավոր այլ բացասական հետեւանքների առաջացումը, ասված է հայտարարությունում:

Հայտարարությունում ընդգծված է, որ իրավախախտները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ոստիկանություն եւ կարճ ժամանակ անց ազատ արձակվել:

Ինչ վերաբերում է առանձին միջադեպերին տրվող կամ տրվելիք գնահատականներին, ապա Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ «միջադեպերի բոլոր հանգամանքները մանրամասն քննվելու են, եւ յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական եւ իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն»:

Այդուհանդերձ, անդրադառնալով ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու կամ անհամաչափ գործելու վերաբերյալ որոշ արձագանքներին, Ոստիկանությունը հիշեցնում է, որ երթի երթուղու վերաբերյալ լիազոր մարմնի` Երեւանի քաղաքապետի որոշմամբ սահմանվել էր երկու սահմանափակում, մասնավորապես` Բաղրամյան պողոտայով եւ Պռոշյան փողոցով անցնող երթուղու փոխարեն առաջարկվել էր փոքր-ինչ փոփոխված երթուղի, ապա շարունակում է. - «Իրավական պետությունում պետք է խստորեն պահպանվեն գործող օրենքների եւ վարչական ակտերի դրույթները: Չվիճարկված եւ իրավաբանական պարտադրականություն ունեցող ակտերին չենթարկվելը կոպիտ իրավախախտում է եւ չի կարող ունենալ որեւէ արդարացում, ներառյալ` հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ իրականացման անպատեհ հղումը»:

«Հավաքների ազատության իրավունքը որեւէ կերպ չի պաշտպանում հավաքի անցկացման արգելված վայր բռնի կերպով մուտք գործելու` հավաքի մասնակիցների որեւէ իրավունք», - ասված է հայտարարությունում: - «Ինչ վերաբերում է քաղաքապետի որոշման հիմնավորվածությանը, հավաքի ազատության եւ հանրային շահերի միջեւ արդարացի հավասարակշռության ապահովմանը, ապա այդ հարցը ենթակա էր պարզման դատարանում, ոչ թե փողոցում»:

Իրավապահների գործողությունների համաչափության վերաբերյալ հանրության առանձին ներկայացուցիչների հայտարարությունները Ոստիկանությունը որակում է «մեղմ ասած, ժամանակավրեպ եւ զուրկ մասնագիտական հիմնավորումներից»` խոստանալով յուրաքանչյուր դեպքում գնահատել այդ գործողությունների իրավաչափությունը եւ իր գնահատականները ներկայացնել հանրության դատին:

«Հարկ է նկատի ունենալ, որ համաչափության սկզբունքի պահպանման հարցի պարզումը ոչ թե ոչ պրոֆեսիոնալ գործիչների, այլ մասնագետների խնդիրն է, ովքեր պետք է գնահատեն շահերի ողջամիտ հավասարակշռության հարցը: Այս բարդ հարցի քննարկումը պահանջում է գործի անհատական հանգամանքների ամբողջական եւ օբյեկտիվ ուսումնասիրություն, բազմաթիվ գործոնների գնահատում, այդ թվում` սահմանափակման բնույթը եւ ծավալը, հետապնդվող նպատակի կարեւորությունը, միջամտելու պատճառները եւ դրսեւորումները», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG