Մատչելիության հղումներ

Ապրիլի 11-ի մամուլ


«168 ժամ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը, իհարկե, մեծ հաշվով, պարտվեց: Պարտվեց` չկարողանալով առաջնորդել բազմահազար քաղաքացիներին: Բայց դա նաեւ հասարակության պարտությունն էր, հասարակության առնվազն այն հատվածի, որը դժգոհ է իշխանությունից, որը չի ընդունում այս իշխանությանն ու նրա վարած քաղաքականությունը, եւ որն, ի դեմս Րաֆֆիի, այս իրականությունը փոխելու հնարավորություն էր տեսնում: Հասարակության այդ հատվածն է՛լ ավելի է հիասթափվելու երկրում ինչ-որ բան փոխելու հնարավորությունից, որոշ մասը արտագաղթելու է: Եվ ճակատագրի հեգնանքով վերջին քսան տարիներին հայրենադարձության խորհրդանիշ դարձած Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործունեությամբ, ավելի շատ` անգործությամբ դառնալու է Հայաստանից արտագաղթի հերթական ալիքը խթանողներից մեկը»:

Հիասթափության հնարավորությանն է անդրադառնում նաեւ «Առավոտ»-ի խմբագիրը` արձանագրելով. - «Անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի նախագահը, իսկ ով՝ «գլխավոր ընդդիմադիրը», ով է արմատական, հեղափոխական, իսկ ով՝ պահպանողական կամ անվճռական, հերթական հետընտրական զարգացումների ամենավատ արդյունքը, որը կարող է լինել, հիասթափությունն է: Այդ բառը ապրիլի 9-ից հետո չափից դուրս հաճախ է հնչում: Շատ իզուր: Արդեն բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ պետք չէ ոգեւորվել այն աստիճանի, որպեսզի հետո խորը դեպրեսիայի մեջ ընկնես, առավել եւս պետք չէ որեւէ հույսեր կապել այս կամ այն ամսաթվի հետ»:

«Ժամանակ» թերթում կարդում ենք. - «Ապահով Հայաստանը մինչեւ այնտեղ է, որտեղ իշխանությունները գծում են սահմանը, եւ եթե որեւէ մի քաղաքացի փորձում է անցնել այդ սահմանը, ապա նրան դիտարկում են որպես սահմանախախտ եւ ենթարկում պատժի: Հայաստանի իշխանությունները հայաստանյան պետական սահմանների հանդեպ երեւի այնքան ուշադիր չեն, որքան իրենց գծած իշխանական վարչահրամայական սահմանների հանդեպ: Եվ պետական սահմանները եթե հանձնված են Ռուսաստանի պահպանությանը, ապա իշխանության սահմանները նրանք չեն վստահի ոչ մեկին»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. - «Երեկ Երեւանի կենտրոնում գտնված անձինք մի փաստից էին ապշած՝ ինչքան շատ ոստիկան կա մեր երկրում: Ըստ ամենայնի, մարզերի ոստիկանական ուժերն էլ էին բերվել մայրաքաղաք: Բայց մի՞թե բազում սոցիալական խնդիրներ ունեցող երկիրը, որն իր կենսաթոշակառուին չի կարողանում նորմալ թոշակ տալ, իրավունք ունի նման շռայլություն թույլ տալ՝ եւ հսկայական բանակ պահել, եւ ահռելի ոստիկանություն: Իսկ եթե սրանց գումարենք նաեւ Ազգային անվտանգության ծառայության, դատախազության, հարկային-մաքսայինի, ԴԱՀԿ-ի եւ այլ ուժային ու կիսաուժային կառույցների բեռը, կստացվի, որ մենք՝ հարկատուներս, ոչինչ չստեղծող պարազիտների մի հսկա բազմություն ենք պահում, որը մեր գրպանից սնվում է եւ հարկ եղած տեղը մեզ ծեծում-ջարդում-բռնում-նվաստացնում: Եթե այդ բոլոր գործողությունները կատարվեին հանցագործների ու կարգազանցների նկատմամբ, ոչինչ չունենք ասելու՝ հասարակության բնականոն կյանքն ապահովելու համար բոլոր պետություններն էլ պատժիչ սանկցիաներով են օժտված: Սակայն երբ պատժիչ գործողությունները կիրառվում են քաղաքական նպատակներով, ոմանց թալանելու, կեղեքելու իրավունքը պաշտպանելու, մյուսների ժողովրդավարական իրավունքները սահմանափակելու նպատակով, ապա դա միայն վրդովմունքի տեղիք կարող է տալ»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ելույթին` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթում սահմանված այս բոլոր գերակայություններն ու դրանցից բխող գործնական առաջադրանքները կոնկրետացնելու խնդիրն ընկնելու է Հայաստանի նոր կառավարության վրա։ Բայց քանի որ առաջիկա տարիներին երկրի առջեւ ծառացած խնդիրները նախագահի կողմից սահմանվել են ավելի քան հստակ ու աներկբա կերպով, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի գործադիր իշխանության ոլորտում նույնպես սպասվում են լուրջ փոփոխություններ։ Նման տեսականորեն ճիշտ ու հստակ գերակայությունների իրականացման համար Հայաստանը զգում է նոր ու թարմ մտածողությամբ օժտված կադրերի կարիքը, որոնք ի վիճակի կլինեն բեկում մտցնել երկրի տնտեսական զարգացումն արագացնելու, իրավունքի գերակայության ապահովման ու ժողովրդավարության խորացման գործում»: «Եվ եթե առաջիկայում այս միանգամայն ճշգրիտ ու առարկայական գնահատականներին հետեւեն կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու հմտությունը, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի հաղթահարման ներուժ ու կարողականություն ունեցող կադրերի նշանակումները, ապա դրանով բարենպաստ պայմաններ կստեղծվեն նաեւ հայաստանյան հասարակության համախմբման համար», - ամփոփում է թերթը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG