Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանի պահանջը Ոստիկանությանը «շատ քիչ է հետաքրքրում»


Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյան, արխիվ
Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյան, արխիվ
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հակադարձելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությանը եւ հրաժարականների պահանջին, ասաց, որ դա իրենց «շատ քիչ է հետաքրքրում»:

Հովհաննիսյանը անցած գիշեր հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջել է Սերժ Սարգսյանի եւ նրան ենթակա իրավապահ մարմինների ղեկավարներ Վլադիմիր Գասպարյանի, Գորիկ Հակոբյանի եւ «համապատասխան հարգարժան մյուս պաշտոնյաների» հրաժարականները, վկայակոչելով նախօրեին Ոստիկանության տարածած, իր բնորոշմամբ` «հակասահմանադրական» հայտարարությունը:

«Դա իր խնդիրն է, մենք մեր գործողություններն ենք կատարում նորմալ, իսկ թե ինչ է ինքը հայտարարում, դա իր պրոբլեմն է. դա մեզ շատ քիչ է հետաքրքրում»,- հայտարարեց Ներսես Նազարյանը:

Ոստիկանությունը նախօրեին տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշել էր. - «Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը: Նման պարագայում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ձեռնամուխ լինի օրենքով սահմանված իր այլ պարտականությունների կատարմանը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «այսինքն, դուք չե՞ք համարում, որ հայտարարության մեջ թույլ եք տվել լիազորությունների գերազանցում», Երեւանի ոստիկանապետը պատասխանեց. - «Իհարկե ոչ, իրենք շատ կերազեն, որ Ոստիկանությունը որեւէ չարաշահում թույլ տա, նման բան չկա, մենք հասարակական կարգն ենք պահելու, եւ ինչքան ուզում է իրենք հուզվեն, մենք մեր արած ամեն մի հայտարարության համար պատասխանատու ենք»:

«Դուք ձեր հայտարարության մեջ նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական եւ Քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը, ի՞նչ միտումներ եք նկատի ունեցել», - այս հարցին էլ Ներսես Նազարյանը արձագանքեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները արդեն սկսել են «սադրանքներ հրահրել», այսօր արդեն ոստիկանների հետ վիճաբանության, քաշքշուկի եւ «ոստիկանին հարվածելու» դեպք է եղել:

«Այ դա է նշանակում, որ արդեն փորձում են չափը անցնել, այ հենց դրանից ենք զգուշանում, որը որ կանխատեսում էինք, եւ նման բաներ արդեն փորձում են իրենք անել», - ասաց Երեւանի ոստիկանապետը:

Այսօր երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները կրկին հավաքվելու են Ազատության հրապարակում, նախատեսված է նաեւ երթ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք Ոստիկանությունը խստացնելո՞ւ է հսկողությունը ակցիաների նկատմամբ, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պատասխանեցին միայն, որ Ոստիկանությունը կոչված է պահպանել հասարակական կարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG