Մատչելիության հղումներ

Գյուղապետի սպանության գործով կալանավորվել է Արայիկ Պետրոսյանը


Պռոշյան գյուղի գյուղապետի սպանության գործով կալանավորվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը:

Ինչպես հայտնում է Ոստիկանությունը, ապրիլի 5-ին նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածին 2-րդ մասի 2-րդ կետով (Անձի կամ նրա մերձավորի սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Ապրիլի 5-ին նախաքննական մարմնի միջնորդությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանությունը նախօրեին հայտարարել էր, որ այս գործով ձերբակալվել են Պռոշյան գյուղի բնակիչներ 1980 թվականին ծնված Արտակ Պետրոսյանը եւ 1982 թվականին ծնված Արայիկ Պետրոսյանը, ովքեր եղբայրներ են:

50-ամյա դաշնակցական գյուղապետը սպանվել էր ապրիլի 2-ի առավոտյան գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել էր աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված հրազենային վնասվածքից:

ՀՅ Դաշնակցությունը հայտարարել է, որ քաղաքական ենթատեքստ է տեսնում իր ընդդիմադիր պահվածքով առանձնացող Մուրադյանի սպանության մեջ:

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG