Մատչելիության հղումներ

Ապրիլի 5-ի մամուլ


Մամուլը լայնորեն արձագանքել է Gallup-ի վերջին հարցմանը, ըստ որի հետխորհրդային 12 երկրներից Հայաստանն ամենաշատն է հակված արտագաղթելուն:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ն այս կապակցությամբ գրում է. - «Բացահայտ առաջատարը Հայաստանն է, մեր բնակչության 40 տոկոսը, պարզվում է, հնարավորության դեպքում կարտագաղթեր երկրից: Համեմատության համար նշենք, օրինակ, որ Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ցուցանիշը 14 տոկոս է: Որքան էլ Սերժ Սարգսյանը պնդի, որ արտագաղթի հիմնական պատճառը գաղջ մթնոլորտն է, այնուամենայնիվ հասկանալի է, որ մարդիկ արտագաղթում են հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով: Պարզապես չեն կարողանում ապրել Հայաստանում: Նորմալ աշխատանք գտնելու հնարավորություն չկա, բիզնեսով զբաղվելու հնարավորություն չկա, վիճակն էլ օրեցօր վատանում է: Հասկանո՞ւմ է արդյոք այս ամենը Սերժ Սարգսյանը: Դատելով վերջին ասուլիսից` չի հասկանում: Նա, օրինակ, պնդում էր, որ մարդիկ ամենեւին էլ արդարության պակասի պատճառով չեն հեռանում Հայաստանից, որովհետեւ արտագաղթողները հիմնականում Ռուսաստան են գնում, իսկ այնտեղ արդարության առումով վիճակն ավելի լավ չէ (համենայն դեպս` հայերի համար): Այո, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում «արդարության» հասնել կարելի է միայն փողով` լինի դա ոստիկանության, դատարանների թե իշխանության տարբեր օղակների հետ հարաբերություններում: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ Ռուսաստանում այդ փողը վաստակել հնարավոր է, իսկ Հայաստանում հնարավոր չէ: Պարզ ասած` փող ունեցող հայը Ռուսաստանում ավելի պաշտպանված է, քան փող չունեցողը` Հայաստանում: Դրա համար էլ մարդիկ գնում են այնտեղ, որտեղ պաշտպանված լինելու ավելի մեծ շանսեր կունենան»:

«Օրակարգ» թերթը գրում է. - «Գիտակցո՞ւմ են արդյոք Հայաստանի ղեկավարները, որ 40 տոկոսը արդեն արտագաղթածները եւ արտագաղթողները չեն, այլ ընդամենը այդ ցանկությունն ունեցողները: Գիտակցո՞ւմ են արդյոք, որ այս տրենդը շարունակվելու դեպքում հայությունից ընդհանրապես կարող է մնալ միայն Սփյուռքը, իսկ Հայաստանից՝ նրա դատարկ տուփը: Ցավալիորեն կարելի է հավաստել, որ չեն գիտակցում: Չեն գիտակցում, որովհետեւ կարծում են երկրում մնացողը հեղափոխություն կանի, չեն գիտակցում, որովհետեւ սահմանամերձ գյուղում աշխատատեղ չունենալու համար այդ գյուղի բնակչին են մեղադրում եւ ոչ երբեք իրենց»:

Թեման շարունակում է «Առավոտ»-ը, որի խմբագրականում կարդում ենք. - «Պատճառները, իհարկե, հայտնի են. նման տրամադրությունների հիմնական մեղավորը իշխանոթյունն է, որն, ըստ երեւույթին, ադեկվատ պատկերացում չունի երկրի իրական վիճակի մասին եւ անհաղորդ է մարդկանց կարիքներին: Բայց եկեք ընդունենք նաեւ, որ Հայաստանը վերոհիշյալ 12 երկրներից ամենաաղքատը, ամենաավտորիտարը, ամենակոռումպացվածը եւ ամենաանարդարը չէ: Բոլոր տապալված (պետություններից Հայաստանը ամենատապալվածը չէ: Նույնիսկ մթնոլորտը մեզ մոտ ամենագաղջը չէ: Ո՞րն է, ուրեմն, հավանական պատճառներից մեկը: Իհարկե, դա լուրջ հետազոտություն է պահանջում, բայց փորձեմ ենթադրել, որ մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք՝ հայերս, չափից դուրս հեշտ ենք հուսավառվում եւ նույնքան հեշտ հիասթափվում»:

«Հրապարակ»-ն անդրադառնում է առաջիկայում սպասվող «զույգ երդմնակալություններին». - «Եթե փորձենք որեւէ օտարերկրացու աչքերով նայել Հայաստանում կատարվող իրադարձություններին, կտեսնենք, որ աշխարհի ոչ մի երկրում միանգամից 2 նախագահի 2 ինաուգուրացիա չի եղել: Սա ոչ միայն նոնսենս է, այլեւ պարզապես զավեշտալի վիճակ: Աշխարհի ոչ մի երկրում նախագահի երդմնակալությանը մասնակցելը յուրօրինակ վստահության հանրաքվեի չի վերածվել, ինչպես փորձում են անել մեզանում: Աշխարհի ոչ մի երկրում ընտրությունները չեն փոխարինվել հրապարակներում մարդագլխաքանակով «ընտրություն» կազմակերպելու ակցիաներով: Սրանք երեւույթներ են, որ զուտ հայկական են եւ կարելի է համարել մեր «ներդրումը» համաշխարհային քաղաքական մշակույթի ասպարեզում»:

«Հայկական ժամանակ»-ն անդրադառնում է «Արմավիա»-ի սնանկացման գործընթացին. - «Անսպասելիորեն դադարեցրել է իր չվերթները մի ավիաընկերություն, որը զբաղեցնում է երկրի ավիափոխադրումների շուկայի առնվազն կեսը: Եթե որեւէ այլ երկրում նման բան տեղի ունենար, ապա ամենաքիչը, որ կլիներ այդ երկրում, կառավարությունն արտահերթ նիստ կգումարեր: Իսկ կառավարության երեկվա հերթական նիստում «Արմավիա» բառն անգամ չհնչեց: Իբր ոչինչ տեղի չի ունեցել, իբր ամեն ինչ կարգին է: Իրականում, սակայն, տեղի է ունենում սահմռկեցուցիչ իրադարձություն: Խնդիրն այն է, որ «Արմավիա»-ն սովորական ընկերություն չէ: Նրա սնանկացման դեպքում, ամենայն հավանականությամբ, կվճարի պետությունը, այսինքն մենք` հարկատուներս»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG