Մատչելիության հղումներ

Դատարանների անկախության եւ ՔՀԿ-ների գերբեռնվածության խնդիրները լուծում չեն ստացել


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ
Հայաստանը միջանկյալ զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ին, որտեղ արձանագրել է, որ մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը բարելավելուն միտված ՄԱԿ-ի 162 առաջարկություններից երկու տարիների ընթացքում կատարել է 43-ը: Առաջարկություններից 42-ը չեն կատարվել, 78-ը կատարվել են մասնակի:

2011 թվականի դրությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին անդամակցող բոլոր երկրները ներկայացրել էին իրենց երկրում մարդու իրավունքների վիճակի մասին հաշվետվություն: Զեկույցի արդյունքում մշակված ՄԱԿ-ի առաջարկությունները պետք է կատարվեն չորս տարիների ընթացքում, որոնցից երկուսն արդեն անցել են:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե հասարակական կազմակերպությունները եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հրապարակել են իրենց միջանկյալ այլընտրանքային զեկույցը, որտեղ եւս անդրադարձել են Հայաստանի ստանձնած պարտավորություններին հիմնականում արդարադատության ոլորտում: Այս ոլորտում, իրավաբանների դիտարկմամբ, առաջարկությունները կատարվել են կամ մասամբ, կամ չեն կատարվել:

«Արձանագրել ենք, որ դատական համակարգի անկախությունը դեռեւս կատարյալ չէ, դատարանները կողմնակալություն են դրսեւորում հօգուտ մեղադրողի, կողմերի հավասարության սկզբունքը չի պահպանվում եւ խախտվում է անմեղության կանխավարկածը, քրեակատարողական հիմնարկները շարունակվում են գերծանրաբեռնված լինել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի իրավաբան Տաթեւիկ Ղարիբյանը:

Քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրը մատնանշեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդեւանյանը: Նրա խոսքով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում ՔԿՀ ծանրաբեռնվածությունն արդեն իսկ մարդու իրավունքների խախտում է. - «Իրականում գիտակցում ենք, որ Արդարադատության նախարարությունը միջոցներ ձեռնարկում է այս մասով, կառուցվում են նոր ՔԿՀ-ներ, շենքեր, սակայն դա չէ այն լուծումը, որը կարելի էր տալ այս խնդրին, որովհետեւ սա միանշանակ հրատապ խնդիր է»:

Ինչ վերաբերում է դրական տեղաշարժին, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի նախագահ Արման Դանիելյանը նշեց անչափահասների արդարադատության ոլորտում մասնագիտացված դատավորների նշանակումը. - «Մինչ այդ չկար այդպիսի տարանջատում, այսօր առանձնացվել են դատավորներ, ովքեր կոնկրետ դատարանում քննում են բոլոր անչափահասների գործերը, եւ արդեն նկատելի է դատավորների վերաբերմունքի փոփոխությունը անչափահասների դատավարության ընթացքում»:

Մեկ այլ դրական տեղաշարժ է, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Արդարադատության նախարարության 2012-2016 թվականի «Իրավական եւ դատական բարեփոխումների» ռազմավարության ծրագիրը, որի ընթացքում ենթադրվում է, որ կլուծվի նաեւ ՔԿՀ-ների գերբնակեցվածության խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG