Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ողջունում է Հովհաննիսյանի՝ հացադուլը դադարեցնելու որոշումը


«Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը կկայանա»
please wait

No media source currently available

0:00 0:18:15 0:00
Իշխող Հանրապետականը ողջամիտ է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլը դադարեցնելու որոշումը։

«Ես ողջունում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլը։ Իսկապես այս ժամանակահատվածի ամենաողջամիտ քայլը դա էր։ Ի պատիվ իրեն, ընդունելով, լսելով երկրի նախագահի հորդորը, հացադուլը դադարեցրեց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։

Հիշեցնենք՝ փետրվարին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի օրը դադարեցրել է հացադուլը՝ հայտարարելով, որ պատրաստ է հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ ցանկացած վայրում, բայց ոչ նախագահի նստավայրում։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ քայլեր է նախատեսում անել իշխանությունը, Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց, որ հաշվի առնելով կողմերի հռետորաբանությունը, իր կարծիքով Հովհաննիսյան - Սարգսյան հանդիպումը կկայանա։

«Եթե երկու կողմերի՝ մեր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի, հռետորիկան եւ դինամիկան փորձում ենք վերլուծել, տալ ամբողջական գնահատական, ապա մենք տեսնում ենք, որ այդ հանդիպումը իրատեսական է, որ կայանա», - մանրամասնեց իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Մինչ կողմերը եզրեր են փնտրում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը կազմակերպելու համար, Հանրապետականի կարկառուն ներկայացուցիչ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարում է, թե կջարդի Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը։ Հովհաննիսյանն այսօր Սյունիքի մարզում էր, եւ թեեւ նա ժամադրել էր մարզպետին, որպեսզի վերջինս իր սպառնալիքը իրականացնի, այդ հանդիպումը չկայացավ։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով գնահատելով իր կուսակցության ներկայացուցչի այս խոսքերը, Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց. - «Ես դատապարտում եմ ցանկացած հայտարարություն, որը կվնասի այս փուլում այ այս գործընթացը, որովհետեւ դա ոչ Սուրիկ Խաչատրյանի բանակցություններն են, որ պետք է տանեն ինչ-որ մի տեղ, ոչ Հովհաննես Սահակյանի։ Սա ընդհանուր մի քաղաքական իրավիճակ է, որը ցանկացած քայլ եթե վիժեցնելու է, ես նայելու եմ որպես վատ արարք, որը տանելու է ոչ մի տեղ։ Այս առիթը նաեւ օգտագործելով պետք է ասենք, որ զերծ մնան, մի փոքր զսպվածություն... նախեւառաջ իմ թիմակիցներին ես կոչ եմ անում եւ հորդորում եմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG