Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը եւ կվերսկսի մարզային այցելությունները


Ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կիրակի օրը` Սուրբ Հարության պատարագից հետո կավարտի իր «համեստ ծոմը»:

«Հայաստանի բոլոր քաղաքացիների` հայերի եւ ազգային փոքրամասնությունների, Արցախի, Սփյուռքի հետ մենք միասին պատրաստվելու ենք ապրիլի 9-ին», - ասաց Հովհաննիսյանը` ներկայացնելով իր ապագա ծրագրերը:

Ապրիլի 1-ից «Ժառանգության» առաջնորդը կվերսկսի իր մարզային այցելությունները` բավական լայն աշխարհագրությամբ: Մինչեւ ուրբաթ նա լինելու է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում:

Ուրբաթ օրը Երեւանում մեծ հանրահավաք է նախատեսված, որի ընթացքում, ինչպես Հովհաննիսյանն ասաց, կորոշեն ապրիլի 9-ի իրենց անելիքները:

«Միասին որոշում կկայացնենք», - ասաց Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր առաջնորդը իր մարզային այցելությունները սկսում է Սյունիքի մարզից` Կապան քաղաքից: Նա այսօր բավականին կոշտ ձեւով պատասխանեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:

Խաչատրյանը իր վերջին հարցազրույցում խիստ քննադատել էր Հովհաննիսյանի հորը` պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին, նրան մեղադրել էր «հայոց պատմությունը կեղծելու» մեջ ու ասել հետեւյալը. - «Եթե ես 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ օձի գլխի պես»:

«Իսկ եթե Դուք սպառնում ենք, թե ոնց որ օձի գլուխն եք ջարդում, իմ գլուխը պիտի ջարդեք ժողովրդի առաջ, ես Ձեզ ժամադրում եմ` Կապանում, երկուշաբթի, ժամը 10-ին` ժողովրդի առաջ», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը այսօր նաեւ ասաց, որ նախագահից մինչ օրս այդպես էլ որեւէ պատասխան չստացավ` նախորդ հանրահավաքում հնչեցրած «բանական, սրտացավ եւ շրջահայաց» առաջարկի վերաբերյալ:

Հովհաննիսյանը կրկին անդրադարձավ Սերժ Սարգսյանի վերընտրվելու կապակցությամբ տարբեր երկրների նախագահների շնորհավորական ուղերձներին, ասաց` նրանք էլ գիտեն, որ գործող իշխանությունը ձեւական է:

«Բայց հավատացեք, որքան էլ մենք քննադատում ենք Ռուսաստանին, Ֆրանսիային, Ամերիկային իրենց նամակների համար, նույն Ռուսաստանը, նույն Ֆրանսիան եւ Ամերիկան գիտեն, որ այս գործող իշխանությունը ֆիկտիվ է, դե ֆակտո է եւ կեղծիքի վրա է հիմնված», - ասաց ընդդիմադիր առաջնորդը:

Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ իշխող Հանրապետականի տարբեր ներկայացուցիչների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին:

«Եվ փոխանակ մենք ածականներ տանք` ներքեւից վերեւ, հատկապես շրջապատ մանկլավիկներին, իրենք են խոսում ածականներով… շոու, ինչ-որ բան հում է, կապրիզ, բռնազավթում… էս սրանք դուք եք, դուք եք արել», - ասաց նա:

Հովհաննիսյանը հացադուլը սկսելուց առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում կերդվի «միայն իր դիակի վրայով»: Նա այսօր ասաց, թե պատրաստ է հանուն իր պայքարի մեռնել, բայց «նախընտրում է կյանքը եւ հաղթանակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG