Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն կոչ է անում «վերջ տալ կապրիզներին եւ առարկայական երկխոսություն սկսել»


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում վերջնագրերի լեզվով չխոսել եւ առարկայական երկխոսություն սկսել:

Ազգային Ժողովի հանրապետական փոխնախագահ, իշխող ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «գնդակն այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի դաշտում է»` համոզմունք հայտնելով, որ «Ժառանգության» առաջնորդն է իրավիճակը փակուղի տանում:

«Մենք մշտապես քաղաքական երկխոսության կողմնակից ենք, բայց մենք երբեք պատրաստ չենք բավարարել այս կամ այն քաղաքական գործչի կամակորությունները: Այդ իմաստով նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկները, նամակները ուժի մեջ են, ինքը պատրաստ է լսել եւ քննարկել, բայց մենք բաց ենք հրապարակային քննարկման, ոչ թե կապրիզները բավարարելու համար, ուստի գնդակը գտնվում է Րաֆֆի դաշտում, թող ինքը որոշի», - ասաց Շարմազանովը:

«Բոլոր այն քայլերը, որոնք դուրս են քաղաքական պայքարի տրամաբանությունից եւ դուրս են քաղաքական օրակարգից, իհարկե, կապրիզ եւ վերջնագիր է: Ի՞նչ է նշանակում պահանջել բաներ, որոնք հակասում են գործող Սահմանադրությանը: Ի՞նչ է նշանակում, որ անպայման պետք է Ազատության հրապարակում լինի հանդիպումը: Ի՞նչ է` իրենց համար ձեւն է կարեւոր, թե՞ բովանդակությունը: Մեզ համար բովանդակությունն է կարեւոր, մենք կողմ ենք հրապարակային երկխոսությանը, բայց ոչ երբեք երկխոսությանը հրապարակներում, որովհետեւ հրապարակում երկխոսություն չի լինում», - ասաց Շարմազանովը:

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, պատասխանելով արտահերթ նախագահական կամ համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ հրավիրելու, մինչ այդ առնվազն ութ պաշտոններ զիջելու, ընտրակեղծարար մարզպետներին պաշտոնանկ անելու` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին, պատրաստակամություն էր հայտնել երկխոսել` հորդորելով Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը եւ միասին սկսել աշխատել: Դրան ի պատասխան` «Ժառանգության» առաջնորդը նախագահին առաջարկեց հանդիպել «ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով Ազատության հրապարակում»` իրենց առաջարկները համարելով երկխոսության համար նվազագույն շեմը, որի կետերից մեկը հանելու դեպքում պետք է համարժեք կետ ավելացվի: Այս նամակագրությանը հաջորդեց նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությունը, որ նախագահի հանդիպումները կազմակերպվում են նախագահի նստավայրում վաղօրոք պլանավորված արարողակարգով:

«Պարոն Սերժ Սարգսյանը բարդույթ չունի եւ կապրիզներով չի տառապում, պարոն Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահն է եւ ընդունված նորմերին ու կանոններին համապատասխան իր հյուրերին ընդունում է նախագահական նստավայրում: Եւ երկրորդը` գա Ազատության հրապարակ, ի՞նչ անի, գա միտինգի մասնակցի՞… կամ հազար հոգու մեջ երկխոսություն է լինում: Մի քիչ անլուրջ է: Մի կողմից երկխոսություն են առաջարկում, մյուս կողմից բաներ է առաջարկում, որը ծիծաղելի է, էլի: Կարելի է առաջարկել, իհարկե, կարելի է նաեւ փոխզիջման գնալ, բայց երբ որ դու ասում ես` «5 կամ 7 կետ առաջարկում եմ, եթե հանկարծ մեկի հետ համաձայն չլինեք, պետք է դրան համարժեք բան տաք»… էնպիսի տոնով է խոսում, ոնց որ Ժուկովը Բեռլինի գրավումից առաջ», - ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով «Ժառանգություն» կողմից հնչող այն պնդումներին, թե նախագահական նստավայրն է փակուղի տանում երկխոսությունը, Շարմազանովն ասաց` հանրությունը շատ լավ հասկանում է, թե «ով է փակուղի տանում եւ կապրիզներով խոսում»:

«Չնայած մեզ հետ խոսում են ոչ ընդունելի տոնայնությամբ, մենք իշխանություն ենք, իշխանությունը պարտավոր է հանդուրժող լինել, մենք եւս մեկ անգամ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանի շուրթերով ասում ենք, որ մենք պատրաստ ենք լսել, առարկայական երկխոսություն անել: Բայց դա չի նշանակում, որ դու պետք է արդեն պահանջներ ներկայացնես` ԱԱԾ-ի պետ են ուզում, պաշտպանության նախարար են ուզում, կրթության նախարար են ուզում, հինգ մարզպետ եմ ուզում», - ասաց ՀՀԿ խոսնակը` շարունակելով. - «Մեր ձեռքում կախարդական փայտիկ չկա, որ պարոն Հովհաննիսյանի երազանքները իրականացնենք: Ինքը 37 տոկոս է հավաքել, մենք պատրաստ ենք լսել այդ մարդուն, ով 37 տոկոս է հավաքել, լսել նրա քաղաքական ծրագրերը: Կարեւորը նույնիսկ այն է, որ ինքը նախագահի կոչին արձագանքի: Խաչ արեց, հետո ասաց` իքս է, խնդրում ենք երկու անգամ, որ հացադուլը դադարեցնի, ասում է` ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Սուպերմե՞ն է, ի՞նչ է, որ 20 օր հաց չի ուտում, ամեն ինչ նորմալ է: Մենք իրեն առողջություն ենք մաղթում, բայց մենք ուզում ենք ոչ թե քաղաքական շոուի կամ PR-ի զոհ գնալ իր պես, այլ իրոք խնդիր կա, խնդիրը լուծենք»:

«Եղբայր արի նստենք, քննարկենք: Հինգ բա՞ն ես առաջարկում, հինգից չորսը ընդունելի կլինի կամ ընդունելի չի լինի, գուցե մեկը ընդունելի լինի… իսկ եթե դու միայն պահանջում ես միակողմանի զիջումներ, չկա նման բան: Սկի հարեւան երկրի նախագահները հասկացան, որ վերջնագրերով չի կարելի Հայաստանի Հանրապետության նախագահի հետ խոսել, վերջնագրերով խոսելը որեւէ տեղ չտանող ճանապարհ է: Ավելին` վերջնագրերով խոսել եւ հաղթողի կերպար ստանալը, աքիլլեսյան տոնով խոսելը ժողովրդավարության լեզուն չէ: Եթե դու իրոք ուզում ես երկխոսություն, դու պետք է քո քիմքից այն կողմ էլ բան տեսնես, մի քայլ էլ դու անես», - շեշտեց ՀՀԿ-ի խոսնակը:

Հարցին, թե հնարավո՞ր է` Սերժ Սարգսյանը գրավոր ներկայացնի իր առաջարկները, քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում է, Շարմազանովը հակադարձեց. - «Սերժ Սարգսյանը չպետք է իրեն գրավոր առաջարկներ ներկայացնի: Սերժ Սարգսյանը վերընտրված նախագահ է, քաղաքական ուժերը պետք է առաջարկներ ներկայացնեն: Ինձ թվում է իմ հարգարժան գործընկերոջ մոտ ինչ-որ դերերի խառնում է տեղի ունեցել: Եմելյան Պուգաչովն էլ համարում էր, որ ինքը Ռուսաստանի կայսր Պետրոս երրորդն է, բայց դա այդպես չէր»:
XS
SM
MD
LG