Մատչելիության հղումներ

Հայաստանի «երրորդ ամենահարուստ» մարդը


«Հայաստանի ամենահարուստ 3-րդ մարդն եմ»
please wait

No media source currently available

0:00 0:08:13 0:00
Աշխույժ ու ժիր Նարեն Հունանի 10-րդ երեխան է, 10-րդն է բայց վերջինը չէ: Քիչ անց արթնանում է բազմազավակ ընտանիքի ամենակրտսերը՝ 6 ամսական Հասմիկը, որը դեռ շատ բան չի հասկանում, բայց գիտի որ իրեն գրկողները այս տանը շատ-շատ են:

«Ամուսինս Վարդենիսից է: Իրենք էլ տասը երեխա են», ֊ պատմում է տանտիկինը՝ Անահիտը:

Վարդենիսցի Հունանն ու երեւանցի Անահիտը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում են ապրում՝ իրենց 11 երեխաների հետ միասին:

Հունանն իրեն համարում է Հայաստանի երրորդ ամենահարուստ մարդը:

«Ոչ թե փողի կողմից, այլ երեխեքի կողմից», - հարստության իր հաշվարկներն է ներկայացնում Հունանն ու բացատրում, - «Փող ունեցողը պետք է դնի տակը, վախվխելով նստի, որ չտանեն: Իսկ երեխաները․․․»:

Ընտանիքն ապրում է երեխաների նպաստով, գյուղում սեզոնային աշխատանք կատարելով, երբեմն էլ դիմում են գյուղապետի օգնությանը:

«Ամառը սրան-նրան օրը հինգ հազարով, չորս հազարով ես ու ամուսինս աշխատում ենք, ձմեռն էլ՝ նպաստի հույսին: Երկուսը չափահաս են, իրենց չենք ստանում, 9-ին՝ ստանում ենք 83 հազար: Գյուղապետն է օգնում: Անցած տարի, եթե ինքը չլիներ, մենք ձմռան տակից դուրս չէինք գա», - պատմում է Անահիտը:

Հունանը մասնագիտությամբ որմնադիր է, ասում է աշխատանքի չի տեղավորվում, որպեսզի նպաստից չզրկեն:

Իսկ պարտքերից խուսափել չի լինում: Խանութպան Անահիտը անվերջանալի թվացող պարտացուցակն է բացում եւ ասում, թե ցուցակի առյուծի բաժինը հենց այս ընտանիքինն է:

Բազմանդամ ընտանիքի հոգսերը այսքանով չեն ավարտվում: Տունը, որտեղ այս պահին բնակվում են, իրենցը չէ:

«Գյուղապետին խնդրեցինք: Ժամանակավոր հատկացրեցին, մինչեւ տեսնենք իրենք երբ կգան», - ասում է Հունանը:

Այլ տանտերերին պատկանող 3 սենյականոց տան երկու սենյակներն են օգտագործում, երեխաներից ոմանք միասին են գիշերում, ոմանք՝ հատակին:

Ամռանը, տանտերերի վերադարձից հետո, ստիպված կլինեն լքել այս տունը եւ վերադառնալ մի քանի մետր այն կողմ գտնվող իրենց նախկին կացարան՝ վթարային վիճակում գտնվող գյուղի նախկին հիվանդանոցային շենքի մի հատվածը, որը գյուղապետը նրանց էր տրամադրել անժամկետ: Այստեղ փլված է միջնապատը, տանիքը կաթում է:

Հունանն ու Անահիտը ասում են, թե սոցիալական խնդիրները փորձում են շրջանցել մեկը մյուսին թիկունք կանգնելով:

11 երեխաների լույս աշխարհ բերած տիկին Անահիտի միակ ցանկությունը գլխավերեւում սեփական ծածկ ունենալն է։

Հունանը ասում է, թե դա հեքիաթի պես բան է, իսկ ինքը վաղուց հեքիաթների չի հավատում․․․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG