Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը կատարում է նվիրել «Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին»


Այսօր ամերիկահայ հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հանդես է եկել նոր ձայնագրությամբ: Իր ֆեյսբուքյան էջում տեղադրված երգը Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունն է` հանրահայտ Տիգրան Համասյանի դաշնամուրային նվագակցումով: Մեկնաբանելով երգը` Facebook-ի իր էջում երգիչը գրում է` այն նվիրվում է Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին:

Մարտի 21-ին youtube-ում մի տեսահոլովակ էր հայտնվել, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման ակտիվիստները կոչ էին անում ամերիկահայ երգիչ-երգահան Սերժ Թանկյանին ապրիլի 9-ին Երեւան գալ՝ աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին: Տեսահոլովակում հիմնականում նկարահանվել են երիտասարդներ, ովքեր նշում են, որ ցանկանում են Թանկյանին ապրիլի 9-ին տեսնել Ազատության հրապարակում:

«Սպասո'ւմ ենք քեզ, Սերժ Թանկյան». այսպես է վերնագրված մարտի 21-ին youtube-ում հայտնված տեսահոլովակը:

Մարտի 21-ին youtube-ում տեղ գտած այդ տեսահոլովակը տեղադրել է օգտատեր Ֆիլիպ Արզումանյանը, հոլովակի ստորին մասում անգլերեն բացատրություն է գրված. - «Հարգելի Սերժ Թանգյան, հայերը երազում են տեսնել ձեզ այստեղ ապրիլի 9-ին` մասնակցելու մեր նորընտիր նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիսավոր երդման արարողությանը: Տեսահոլովակում ընդամենը մի քանիսն են: Մենք ձեր կարիքն ունենք այդ օրը: Խնդրում ենք միանալ մեզ: Քանի որ վերջապես վերադարձում ենք մեր երկիրը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ակտիվիստները կարծում են, որ Թանկյանի ձայնագրությունն իրենց է նվիրված, Ֆիլիպը պատասխանեց. - «Որ նա տեսել է, 100 տոկոս գիտեմ, այսպիսի ինֆորմացիա կա: Բայց հուսով եմ` դա պատասխանն էր ոչ թե մեզ` տեսահոլովակը նկարահանողներիս, այլ պատասխանն էր բոլոր այն մարդկանց, ովքեր կատարում են այդ փոփոխությունները, եւ նա ուզում է մեզ տեղյակ պահել, որ մասնիկն է այդ շարժման եւ դրական փոփոխությունների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG