Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի նամակին վաղը կպատասխանի


Նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում ընդունում է Րաֆֆի Հովհաննիսյանին, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում ընդունում է Րաֆֆի Հովհաննիսյանին, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի նամակին վաղը գրավոր կպատասխանի:

Այդ մասին «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց այսօր երեկոյան Ազատության հրապարակի հարթակից` ձեռնպահ մնալով առայժմ որեւէ այլ մեկնաբանությունից:

Ուրբաթ օրը կայացած հանրահավաքում Հովհաննիսյանը, նոր արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից զատ, ղեկավար պաշտոններ էր պահանջել իշխանության առանցքային ոլորտներում: Ընդդիմադիր առաջնորդը պահանջել էր նաեւ պաշտոնանկ անել «կեղծարար մարզպետներին»: Ի պատասխան` Սերժ Սարգսյան այսօր երկխոսելու պատրաստակամություն է հայտնել` միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորելով դադարեցնել հացադուլը:

Այսօր ցերեկը նախագահական նստավայրից Սերժ Սարգսյանի պատասխան նամակի հրապարակումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ժամ անցկացրեց վրանի ներսում, իսկ երեկոյան մի քանի խոսք ասաց քաղաքացիական ֆորումի նիստից առաջ:

«Վաղը պարոն Սարգսյանին գրավոր կպատասխանեմ, չորեքշաբթի օրը ժամը 12-ին ես լրատվամիջոցների բոլոր հարցերին կպատասխանեմ այդ եւ հարակից այլ թեմաների վերաբերյալ», - ասաց նա:

Սերժ Սարգսյանի նամակին վերաբերող հարցերին Րաֆֆի Հովհաննիսյանն առայժմ չի պատասխանում:
XS
SM
MD
LG