Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Երեւակայության գավաթ 2013» մրցույթի հայաստանյան ընտրական փուլը


Այսօր մեկնարկեց «Երեւակայության գավաթ 2013» մրցույթի հայաստանյան ընտրական փուլը: «Երեւակայության գավաթը» «Մայքրոսոֆթ»-ի ամենահայտնի ուսանողական միջոցառումն է:

Հայաստանն այս մրցույթին մասնակցում է արդեն 6-րդ անգամ: Անցած տարի հայաստանյան ընտրական փուլը հաղթահարած «mLAB» թիմը մասնակցեց մրցույթին Ավստրալիայում, իսկ այսօր «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցիչները պարգեւներ հանձնեցին թիմի երեք ուսանողներին: Թիմի համակարգող Ժենյա Կարապետյանի խոսքով` չնայած Ավստրալիայում հայաստանյան թիմը տեղ չգրավեց, ժյուրիի արձագանքները ցույց տվեցին, որ իրենց հաջողվեց Հայաստանը լավ ներկայացնել:

Մրցույթի մեկնարկի մասին հայտարարեցին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը, «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի հետ համատեղ:

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի խոսքով, մրցույթի հաղթող թիմը հնարավորություն կստանա «Մայքրոսոֆթ»-ի աջակցությամբ իրականացնել իր գաղափարը, իսկ ներկայացված մյուս նախագծերը հնարավորություն կունանան դիմել հատուկ ֆինանսավորման հիմնադրամին՝ ծրագրերը հետագայում իրականացնելու համար:

«Մայքրոսոֆթ ընկերությունը հենց առաջին օրվանից 2006 թվականից հատկապես մենք մեծ ուշադրություն ենք դարձրել կրթական ոլորտին: Բազմաթիվ նախաձեռնություններ ունենք այդ ոլորտում»,-նշեց Գրիգոր Բարսեղյանը:

Այս տարի «Մայքրոսոֆթ»-ը կրկնապատկել է հաղթող թիմերի պարգեւատրման գումարը` հասցնելով այն 300.000 ԱՄՆ դոլարի:

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի տնօրեն Եվա Հյուսյանը հայտնեց, որ այս տարի մրցույթի մեկ անվանակարգի փոխարեն երեքն են լինելու` խաղեր, նորարարություն եւ համաշխարհային քաղաքացիություն:

Սա այն մրցույթն է, որին կարող են մասնակցել ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսանողները, այլ առհասարակ ուսանողներ տարբեր բուհերի տարբեր ֆակուլտետներից: Թիմը պետք է բաղկացած լինի 16 տարեկանը լրացած երեք ուսանողից եւ թիմի համակարգողից:

Այս տարի մրցույթն անցկացվելու է ամռանը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG