Մատչելիության հղումներ

Ճարտարապետ. Փակ շուկայի նախագիծը դեռեւս քննարկվում է


Փակ շուկայում տեղի ունեցած քանդման կամ փլուզման դեպքից հետո` 2012 թվականի օգոստոսից, մշակույթի նախարարության խնդրանքով շուկայի նախագծային աշխատանքներով զբաղվում է ճարտարապետ Սիմյոն Բարսեղյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է շենքը մոտեցնել Աղաբաբյանի նախագծին, ճարտարապետը պատասխանեց. - «Անկեղծ, ես կուզեի, որ այդպես լիներ, բայց եթե տան այդ հնարավորությունները եւ ընդունենք պատվիրատուի եւ բոլոր մարդկանց կամքը, ովքեր մասնակցում են տվյալ աշխատանքին, միգուցե մաքսիմալ կլինի այս ցանկությունը: Բայց շատ կարեւոր է պահպանել շենքն իր ամբողջ կերպարով, կամարները նորից կառուցել, այն կառուցված ավելորդ կոնստրուկցիաները կամ ավելորդ հարթությունները պետք է ապամոնտաժվեն»:

Բարսեղյանը նշում է, որ տեխնոլոգիական եւ ֆունկցիոնալ խնդիրները լուծելու համար փորձել են նախագիծը հարմարեցնել այսօրվա կյանքին: Սակայն ճարտարապետը վստահեցնում է, որ նախագիծն այս տեսքով դժգոհության որեւէ ալիք մասնագետների շրջանում չի բարձրացրել:

«Պատվիրատուն ասաց` խնդրում եմ երկու առաջարկություն էլ ներկայացրեք իմ կողմից, իսկ պատվիրատուն ցանկություն ուներ մինչեւ չքանդված կամարների մասով ամբողջությամբ դնել հարկեր, այսինքն մոտավորապես այնպես, ինչպես հիմա կա: Պատվիրատուն ուներ ուրիշ առաջարկություն եւս՝ պահպանելով արտաքին մասը, որը մենք քննարկել էինք, բայց էսկալատորը նախկին պրոյեկտում մենք դրել էինք 5 թռիչք այս կողմ, իսկ հիմա ինքը ցանկություն ուներ բերել առաջ», - պատմեց Բարսեղյանը:

Բարսեղյանի խոսքով` այս առաջարկը սուր քննարկումների առիթ է հանդիսացել, եւ ճարտարապետ Նարեկ Սարգսյանն առաջարկել է այն եւս մեկ անգամ քննարկել` ուսումնասիրել հենց Փակ շուկայում, որը մինչ օրս տեղի չի ունեցել:

«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակում են բողոքի ձայն բարձրացնել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդամներից մեկը նշեց, որ շինարարական աշխատաքներ են իրականացվում, որոնք որեւէ փաստաթղթով ֆիքսված եւ հանրայնացված չէ:

Նախաձեռնության անդամների բողոքին ի պատասխան` ճարտարապետը նշեց. - «Որոշ առումներով համամիտ եմ քաղաքացիների բողոքի հետ, սակայն նշեմ, որ կան ժամանակային անճշտություններ: Այսօր ասել` ամբողջական մի պրոյեկտ կա, որն կարելի է ներկայացնել կամ ցուցադրել, կա, բայց սա աշխատանքի մի հատված է միայն եւ սա առաջարկություն է, որը քննարկվում է տարբեր մասնագիտական շրջանակներում, երբ դա ավարտվի, իհարկե, ի ցույց կդրվի»:

Նշեմ, որ քաղաքապետը հրամայել էր դադարեցնել շինարարական աշխատանքները:
Սակայն մեր տեսախցիկը ֆիքսեց, որ այս պահին տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ: Բարսեղյանն ասում է, որ բարեկարգվում են դեպի նկուղային հարկեր տանող շենքի կողային ճանապահները, իսկ շենքի ստորգետնյա հարկերի մասով նախագիծը հաստատվել է եւ այդ հատվածով թույլտվություն արդեն ստացել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG