Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի զեկույց. Առողջապահության ոլորտ


Հրապարակվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2012 թվականի զեկույցի առողջապահության ոլորտին վերաբերող հատվածը:

Զեկույցը, հիշեցնենք, կազմվում է քաղաքացիների կողմից մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված նամակների, լրատվամիջոցներում հրապարակված նյութերի եւ հասարակական կազմակերպությունների ու ոլորտի փորձագետների միջոցով ստացված տեղեկությունների հիման վրա:

Զեկույցում արձանագրված են առողջապահության ոլորտի ինչպես ձեռքբերումները, այնպես էլ բացթողումները:

«Այս ոլորտն առհասարակ կարգավորված չէ: Չկան բժշկական էթիկայի կանոններ… Բժիշկներին այստեղ որոշ դեպքերում պետք է դիտարկել նաեւ որպես պաշտոնատար անձ` մարդիկ, որքեր ունեն որոշ իշխանություն, որոշ վարչական ռեսուրսներ: Եվ երբ չկան որեւէ էթիկայի կանոններ, դա, հավատացեք, իսկապես մտահոգիչ է, եւ դրա վերաբերյալ մենք տարբեր բողոքներ ստացել ենք», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդեւանյանը:

Զեկույցն արձանագրում է, որ լիարժեքորեն չի վերահսկվում շուկայում առկա դեղերի որակը, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան համավճարի զեղջման կամ դրանից ազատվելու վերաբերյալ, շարունակվում է չլուծված մնալ բժշկական սխալի օրենսդրական կարգավորման հարցը, թեեւ անվճար բուժօգնություն են ստանում մինչեւ 7 տարեկան երեխաները, սակայն թարկարժեք բժշկական հետազոտությունները եւ բուժումը դեռեւս անհասանելի են նրանց համար, բավարար քայլեր չեն կատարվել հաշմանդամներին անվճար դեղորայքով ապահովելու հարցում:

Զեկույցում անդրադարձ կա նաեւ Առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը. - «Հասցեագրվող դիմում-բողոքները, ահազանգերը «թեժ գծին» ավելի շատ են, քան լուծում ստացող խնդիրները»:

Արձագանքելով այս զեկույցին` Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Կոնստրուկտիվ ենք վերաբերվում հաշվետվությանը: Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը իր լուծումը կստանա հենց առաջին կիսամյակի ընթացքում»:

Զեկույցում արձանագրվել են նաեւ ոլորտի դրական զարգացումները կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի, մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության տրամադրման, նաեւ շտապ բուժօգնության տրամադրման մասով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG