Մատչելիության հղումներ

Կառավարությունն արձագանքում է ստացված բողոքներին


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նույնականացման քարտին առնչվող քաղաքացիներից ստացված բողոքներին:

«2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը, եւ ենթադրվում է, որ շուրջ 270 հազար քաղաքացի իրականացնելու են վճարումներ իրենց անհատական հաշիվների վրա եւ իրավունք պետք է ունենան ստանալ տեղեկատվություն, թե իրենց հաշիվների վրա ինչքան գումար է կուտակվել եւ պետությունը ինչպես է ավելացրել իրենց գումարները», - նիստում ասաց Սարգսյանը:

Ըստ վարչապետի, այդ ամենի համար քաղաքացիները կարող են օգտագործել իրենց նույնականացման քարտերը. - «Այսօր մենք ստանում ենք մեր քաղաքացիներից հարցադրումներ, թե արդոք այդ քարտը հնարավորություն է տալիս քաղաքացուն օգտվել բազմաբնույթ ծառայություններից, եւ իրենից չպետք է պահանջեն անձնագիր: Եվ ունենք բողոքներ, որ, չնայած այն հանգամանքին, որ մենք օրենսդրությամբ սահմանել ենք, որ ID [նույնականացման] քարտը կարող է փոխարինել անձնագիրը, բայց բազմաթիվ օղակներում պահանջում են քաղաքացուց բացի ID քարտից նաեւ անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին»:

Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին վարչապետը խնդրեց պարզաբանել, թե որ դեպքում քաղաքացուց չպետք է պահանջվի անձնագիր, եթե արդեն իսկ ներկայացվել է նույնականացման քարտը:

«Համաձայն «Նույնականացման քարտերի մասին» օրենքի, նույնականացման քարտը ՀՀ քաղաքացու անձի ու քաղաքացիության ինքնությունը հաստատող փաստաթուղթ է: Եվ անձնագիր պահանջելը ոչ իրավաչափ պահանջ է», - պատասխանեց փոխոստիկանապետը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց մի քանի դեպք, երբ քաղաքացուց նույնականացման քարտի հետ մեկտեղ պահանջվել է անձնագիր, մասնավորապես բանկերում, նոտարական գրասենյակներում. - «Այդ կազմակերպությունները ստիպված են լինում պահանջել անձնագիր, որովհետեւ չեն կարողանում իդենտիֆիկացնել անձի բնակության հասցեն, որը ID քարտի վրա ֆիզիկապես գրված չէ»:

Դավիթ Սարգսյանի խոսքով, կա հարցի լուծման հետեւյալ տարբերակը, այն է` բոլորը ձեռք բերեն card reader` քարտը կարդացող սարքը, որի միջոցով հնարավոր կլինի նույնականացման քարտից քաղաքացու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, քարտ կարդացող սարքից պետք է իրենց մոտ ունենան նաեւ նոտարները:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ սարքի համար դիմել են պատկան մարմնին եւ հույս հայտնեց, որ գործող 85 նոտարները մոտ ժամանակներում կստանան դրանք:

Ոստիկանության տվյալներով, նույնականացման քարտի համար դիմել է 64 հազար քաղաքացիներ, որոնցից 62 հազարը ստացել են քարտերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG