Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է երդվի»


Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյան
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) «նորմալ» է համարում ստվերային կառավարություն ձեւավորելու իր առաջարկի շուրջ վերջին օրերին ծավալված քննադատությունը` վստահ մնալով, այդուհանդերձ, որ այդ կառավարության սցենարն իրատեսական է:

Հիշեցնենք, Ազատության հրապարակում անցած կիրակի կայացած հանրային քննարկման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկվեց կազմել ստվերային կառավարություն եւ «դե ֆակտո» իշխանափոխությունը դարձնել «դե յուրե». Փաշինյանն այդ օրը բարձրաձայնեց մի շարք քաղաքական եւ քաղաքացիական գործիչների անուններ, ովքեր «կարող են մաս կազմել ժողովրդի կողմից ընտրված նախագահի կառավարությանը»: Հնչեցվեցին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանի, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանի, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի, գործարար Խաչատուր Սուքիասյանի, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի, Արթուր Սաքունցի եւ տասնյակ այլ անուններ:

Դրանից հետո այդ անձանցից ոմանք դեմ արտահայտվեցին ստվերային որեւէ գործընթացի. ոմանք դա համարեցին լոկ «միտինգում հնչեցված տեսակետ»: Միաժամանակ առաջարկը հայտնվեց որոշ քաղաքական գործիչների եւ քաղաքագետների քննադատության թիրախում:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ գործընթացը սկսվել է հենց այսպիսի քննարկումների եւ դիրքորոշումների հստակեցման համար. - «Կան մարդիկ, ովքեր դա սխալ են համարում, կան մարդիկ, ովքեր դա ճիշտ են համարում, կան մարդիկ, ովքեր դեռեւս պատրաստ չեն վերջնական դիրքորոշում արտահայտել այդ թեմայի վերաբերյալ: Հենց քննարկումը նրա համար է, որ յուրաքանչյուրը իր դիրքորոշումը այս թեմայի կապակցությամբ հստակեցնի: Ինքս կարծում եմ, կարծել եմ եւ շարունակում եմ կարծել, որ եթե մենք ուզում ենք երկրում տեղի ունենա իրական փոփոխություն, դրա համար անհրաժեշտ է, որ հստակ հանրության համար տեսանելի լինի, թե ինչ այլընտրանք է առաջարկում գործող իշխանական բուրգը: Ես նորմալ եմ գնահատում, որ ասում են` ինչ-որ մարդիկ հրաժարվել են ստվերային կառավարության անդամ դառնալ: Դա էլ է շատ կարեւոր, պետք է հասկանալ` ով է պատրաստ, ով պատրաստ չէ: Առնվազն մենք գիտենք, թե ում չպետք է նկատի ունենանք այդ կառավարության կազմում: Ես այն օրը անուններ եմ հնչեցրել, անընդհատ եմ անուններ հնչեցնելու. յուրաքանչյուրն իր դիրքորոշումը թող հստակեցնի»:

Նիկոլ Փաշինյանը կարեւոր է համարում նաեւ հնչեցված անուններին հանրային արձագանքը, որը հնարավորություն կտա ընտրել «ժողովրդի միանշանակ աջակցությունը վայելող գործիչներին»:

Փաշինյանը ի սկզբանե առաջարկում էր այդ կառավարությունը ձեւավորումը ավարտին հասցնել մինչեւ ապրիլի 9-ը՝ Հանրապետության նախագահի պաշտոնակալության օրը, սակայն, նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պատճառով այդ սցենարը նշված ժամականում չի իրագործվում:

Հարցին, թե արդյոք ժամանակավրեպ չի լինի ստվերային կառավարության ձեւավորումը Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Ոչ, իհարկե ոչ: Որովհետեւ ապօրինի իշխանությունը պետք է հեռացվի: Ապօրինի իշխանությունը կհեռացվի ժողովրդի միջոցով այն բանից հետո, երբ հանրությունն իր առաջ կունենա իր եւ իր կողմից վստահության արժանացած թեկնածուի կողմից ձեւավորված նոր կառավարություն, նոր իշխանություն: Ցանկացած փուլում` ապրիլի 9-ին, հունիսին, 2014 թվականին, 2015 թվականին… Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ստվերային կամ Րաֆֆի Հովհաննիսյանը նոր տերմին է մտցրել` լուսավոր կառավարության ձեւավորումը այն քաղաքական վերջին քայլն է, որ նախորդում է իշխանափոխությանը: Մինչեւ հիմա մեր բոլոր պրոբլեմները, երբ մեզ չի հաջողվել հասնել իշխանափոխության, բխել են նաեւ դրանից. որ հանրությունը քաղաքական պրոցեսներին լիարժեք մասնակցություն չի ունեցել»:

Անդրադառնալով ապրիլի 9-ին Ազատության հրապարակում անցկացվելիք Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը` Նիկոլ Փաշինյանն ասաց. - «Իհարհե, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է երդվի, եւ նա պետք է երդվի ժողովրդի առաջ, որ ժողովրդի վստահության քվեն մինչեւ վերջ իրացնելու է»:

Իսկ այլընտրանքային երդմնակալությունը «սատանիստական», «աղանդավորական», «թատերական» բնորոշողներին պատգամավորը հակադարձեց. - «Ցավալին այն է, որ այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած գործընթացների մասին ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության մեր որոշ գործընկերներ խոսում են գրեթե նույն բառապաշարով, ինչ բառապաշարով 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը խոսում էր նույն Ազատության հրապարակում տեղի ունեցող պրոցեսների մասին: Սա` ուղղակի որպես դիտարկում»:
XS
SM
MD
LG