Մատչելիության հղումներ

Մարտի 19-ի մամուլ


Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսին` «Ժողովուրդ» թերթը գրում է. - «Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի խոսել ընդդիմության կողմից հետընտրական պայքարում ապօրինություններ, հակաօրինական գործողություններ կատարելու դեպքում իրավապահների միջամտության մասին, այլ, իր խորհրդական Ալիկ Սերգեյիչի բառերով ասած, զգուշացրել է «հեղափոխությունն օրորոցում խեղդելու մասին»` ասելով, որ, եթե ընդդիմությունն իշխանության այլընտրանքային կառույցներ ստեղծի, այդ դեպքում էլ իրավապահներն իրենց քայլերը կանեն: Այլ կերպ ասած` նա ակնարկել է` շուրջօրյա հանրահավաքները կդադարեցվեն բռնությամբ, ինչպես 2088 թվականին: Պատմության մեջ բազմաթիվ դեպքեր են եղել. ընդդիմությունը նման դեպքերում միշտ ձգտում է հրապարակում ստեղծել իշխանության այլընտրանքային մարմիններ` կազմաքանդելով իշխանությունը: Ժամանակին ճիշտ այդպես էր վարվում «Ղարաբաղ» կոմիտեն, որի դեմ իշխանությունները փորձում էին նույն մեթոդներով պայքարել, բայց, ի վերջո, հետեւանքը եղավ հեղափոխությունն ու Հայաստանի անկախության հռչակումը»:

«Հրապարակ»-ը տեղեկացնում է. - «Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը երեկ հայտարարեց, որ իր կուսակցությունը չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: «Մենք նպատակահարմար էինք համարում մասնակցությունը միասնական ուժեղ ցուցակով, սակայն քանի որ դա տեղի չի ունեցել, ՀԺԿ-ն չի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Խոսքը գնում է հիմնական ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ-ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համախմբման մասին»,- ասել է նա: Այսպիսով նաեւ որոշակիություն մտցվեց Կոնգրեսի մասնակցության հարցում, քանի որ, ըստ լուրերի, Լեւոն Տեր-Պետրոսյանը բանակցում էր Դեմիրճյանի հետ, որպեսզի ՀԺԿ-ի միջոցով ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին: Իր հերթին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ-ում անդրադառնալով այս թեմային, նշեց, թե մի քանի օրից իրենք ԿԸՀ կներկայացնեն ՀԱԿ ցուցակը»:

«Իրատես de facto»-ի խմբագրականում կարդում ենք. - «Սերժ Սարգսյանը վերադարձավ Մոսկվայից: Մոսկվան ակնհայտորեն գոհ էր նրանից: Բրյուսելից էլ վերադարձավ: Իսկ Բրյուսելն այնքան էր գոհ, որ Մարտենսը հերթական անգամ մեղադրվեց ՀՀԿ «գրվելու» մեջ: Ավելին` լուրեր հասան, թե Եվրոպան «գտել» է, որ Րաֆֆին անկանխատեսելի է, ու, որպես պրոյեկտ, ոչ մի փշուր արեւմտյան ոգի չի պարունակում. թող ամերիկացիք ու ռուսները դարդ անեն էդ ամենի շուրջ` մտածել էր Եվրոպան: Բայց հետո պարզվեց, որ Եվրոպան հայի հետին խելքով «գտել» էր` բայց խի՞: Լավ էլ «պրոյեկտ» է, ինչո՞ւ չօգտվենք: Ու Մարտենսի` Րաֆֆուն ուղղված հայ-խոսքերին ի շարունակություն, խաղի մեջ մտավ ԵԺԿ փոխնախագահ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրոկը: Նա ասաց` չկա «ե՛ւ-ե՛ւ», կա «կա՛մ-կա՛մ». Հայաստանը պետք է կա՛մ ազատ առեւտրի գոտուն, ասոցացման պայմանագրին միանա, կա՛մ էլ Մաքսային միություն մտնի, զի այս «ատրիբուտները» միմյանց հակոտնյա են»:

«Ժամանակ»-ը Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ զրուցել է փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի հետ: Հարց. - «Իշխանությունները ինչո՞ւ համաձայնեցին, որ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի»: Պատասխան. - «Իշխանությունները նախ պետք է կարողանան բացատրել, թե ինչու չպետք է համաձայնեն: Եվ քանի որ իրենք չեն կարողանալու բացատրել, թե ինչու են դեմ նման հանձնաժողովների ստեղծմանը, եւ քանի դեռ որեւէ բացահայտում իրականություն չի դարձել, անընդհատ բացահայտմանը տանող ինչ-որ մարմին ստեղծելու պահանջ է լինելու: Եթե նախաքննական մարմինը բացահայտումներ իրականացրած լիներ, հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտություն երբեք չէր լինի: Իսկ եթե դա իրականություն չի դառնում, որեւէ հանձնաժողով չի կարող բացահայտում անել: Բայց հանձնաժողովների ստեղծումը, կարծում եմ, կարող է նպաստել, որ ինչ-որ բան մեռյալ կետից կարողանա թեկուզ շարժվել: Գոնե թեման կմնա ակտուալ, որովհետեւ դա լուծում պահանջող հարց է»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Պատմական եւ ժամանակակից իրադարձությունները գնահատելիս մեզ մոտ կարծես թե գերակշռողը էմոցիաներն են: Այդ ամենի մասին ինձ ստիպեց հիշել ՀՀ նախագահի հետ մեր՝ լրագրողներիս զրույցը: Սերժ Սարգսյանի արտահայտած շատ մտքերի հետ ես համաձայն չեմ, բայց անդրադառնամ մի մտքի, որի հետ համաձայն եմ: Խոսքը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին է, որն այս պահին ոչ Հայաստանին, ոչ ԼՂՀ-ին քաղաքական, տնտեսական եւ բարոյական առումով ոչինչ չի տա եւ ուղղակիորեն կփչացնի մեր հարաբերությունները Մինսկի խմբի համանախագահ, այսինքն՝ մեզ համար ամենակարեւոր երկրների հետ: «Գուցե Տորոնտոյում կլինի մի հայ, որը հպարտություն կզգա, որ Հայաստանը ճանաչել է ԼՂՀ-ն»,- այդպես է երեկ ասել Սերժ Սարգսյանը: Բայց մենք հո Տորոնտոյում չե՞նք ապրում: Ասածս այն է, որ անընդհատ չհիշենք այն մասին, թե ինչ ենք կորցրել, այլ, որոշակի պրագմատիզմ դրսեւորելով, պահպանենք այն, ինչ ունենք: Որպեսզի դա նույնպես չդառնա պատմական հայրենիք, որը սիրելը, ինչպես հայտնի է, ավելի հեշտ է, քան իրականը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG