Մատչելիության հղումներ

ՍԴ-ն ուժի մեջ թողեց նախագահի ընտրությունների արդյունքները


Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի արդեն նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի միավորված դիմումը, որոնք նրանք պահանջում էին չեղյալ համարել փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները։

«Հանուն Հայաստանի Հանրապետության, Սահմանադրական դատարանը որոշեց Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 62ա որոշումը թողնել ուժի մեջ», – իր ղեկավարած մարմնի որոշումը ընթերցեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ակնկալում էր, որ իրեն կճանաչեն ընտրված նախագահ։ Սահմանադրական դատարանը գտավ, որ նրա հաղթանակի մասին վկայող փաստեր չեն ներկայացվել։

Սահմանադրական դատարանի 34 էջանոց որոշումը լսելով՝ Հովհաննիսյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ՍԴ–ն հովանավորում է Սերժ Սարգսյանին։

«Եթե դատարանը կաշկանդված չէր, չէր հովանավորում Սերժ Սարգսյանին, ապա թող բերեին 1988 պարկերը այստեղ... շատ հանգիստ կարող էին երկու օրվա ընթացքում բացել բոլոր պարկերի պարունակությունը եւ պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Իսկ տեղի է ունեցել ուղղակի գողություն», – նշեց նա։

Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորը ցավով արձանագրել էր, որ իրենք ստիպված են լինելու այլընտրանքային դատավարություն անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ արդեն 5-րդ օրը հացադուլ է անցկացնում Րաֆֆի Հովհաննիսյանը։

Սահմանադրական դատարանում որոշման հրապարակմանը չէր հետեւում երկրորդ դիմումատուն՝ Անդրիաս Ղուկասյանը։

Պատասխանող կողմի ներկայացուցիչը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ՍԴ-ում լրագրողների հետ հանդիպմանը ասաց՝ «ներկայացված սին դատողություններն ու գնահատականները մեղմ ասած անընդունելի են»։

Սահմանադրական դատարանը այսօր քննադատություն հնչեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների վերաբերյալ, գտնելով, որ նրանք չեն պատկերացնում հատկապես ինչ են վիճարկում։

«Սա իրավունքի դատարան է, ոչ թե փաստի», – ասաց որոշումը հրապարակող Գագիկ Հարությունյանը։

Որոշման հրապարակման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ դիմողների կողմից ներկայացված բոլոր 11 միջնորդությունների մերժման հանգամանքին. – «Ժամանակին իրենց առնչվող մասով այդ գործողությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դիմողի ներկայացուցիչները ձգտում էին լրացնել ոչ իրավաչափ կամ գործնականում անիրագործելի միջնորդություններով, հանրային տպավորություն ստեղծելով, որ Սահմանադրական դատարանը իբր կարող էր, սակայն չցանկացավ իրականացնել այն, ինչն իրենք էին պարտավոր օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնել»։

Միեւնույն ժամանակ, Բարձր դատարանն արձանագրեց, որ ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհությունը շատ խորն է՝ պայմանավորված «տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման այն միտումներով, երբ սահմանադրական արժեքների ու սկզբունքների, մասնավորապես իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի ձեւախեղման վտանգ է առաջանում»։ Սահմանադրական դատարանը գտավ, որ այս հարցին պետք է անդրադարձ կատարվի անհրաժեշտ սահմանադրաիրավական փոփոխություններով, քանի որ ընտրական տեխնոլոգիաների կատարյալ գործածմամբ հնարավոր չէ փարատել հասարակությունում առկա անվստահությունը։

Սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց. – «Չի բացառվում, որ որոշ նոր առաջարկություններ անեմ Ընտրական օրենսգրքի հետ կապված, որպեսզի ավելի ցցուն դարձնեմ քաղաքական ուժերի պատասխանատվությունը, որպեսզի չլինեն քաղաքական ուժեր, որոնք ունեն նույնքան իրավունքներ, ինչքան, ենթադրենք, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովի անդամները, բայց նրանք կանգնեն մեղադրողի դիրքում՝ չկիսելով պատասխանատվությունը»։

Վերջում նշենք, որ Սահմանադրական դատարանը գտավ՝ Արտաշատի 17/05 տեղամասում ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն։

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ արդյունքները չեն կարող հավաստի համարվել», – հայտարարեց Գագիկ Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG