Մատչելիության հղումներ

«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է լուրջ վտանգներ պարունակել»


ԱՄՆ - Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Ջեյմս Կլապերը Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 12-ը մարտի, 2013թ.
ԱՄՆ - Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Ջեյմս Կլապերը Սենատում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 12-ը մարտի, 2013թ.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ վտանգներ պարունակել», - պնդում են ամերիկյան հետախուզության մասնագետները համաշխարհային ռիսկերին նվիրված իրենց ամենամյա զեկույցում:

Երեքշաբթի օրը Սենատում կայացած հատուկ լսումների ընթացքում այս զեկույցն ամերիկացի օրենսդիրներին է ներկայացրել Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Ջեյմս Կլապերը:

Ամերիկյան հետախուզական կառույցների կողմից կազմված այս փաստաթղթի` Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորաբար, ասված է. - «Հայերի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը շարունակում է բռնկման հնարավոր օջախ հանդիսանալ: Փոխադարձ անվստահությունը, [ռազմատենչ] հռետորաբանության սաստկացումն ու շփման գծում պարբերաբար կրկնվող բռնարարքները մեծացնում են հնարավոր սխալ հաշվարկի հավանականությունը, որն ի վերջո կարող է հանգեցնել իրավիճակի է՛լ ավելի սրման»:

Հարեւան Վրաստանում ստեղծված իրավիճակին անդրադառնալով` ամերիկացի փորձագետները նկատում են, որ անցած տարվա հոկտեմբերին Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքի` խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո իրադրությունը զգալիորեն փոխվել է: «Մի կողմից, հույս է ծագել, որ երկկողմ վրաց - ռուսական հարաբերությունները կարող են որոշակիորեն բարելավվել: Դրա հետ մեկտեղ, Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցության տասնամյա իշխանության ավարտից հետո երկիրը բախվում է լուրջ փոփոխությունների մարտահրավերին, ինչը մեծացնում է ներքաղաքական անկայունության վտանգը», - նկատում են զեկույցի հեղինակները:

Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի տարածքում 2013-ին սպասվող զարգացումներին, ապա Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների կանխատեսմամբ` պաշտոնական Մոսկվան կշարունակի զարկ տալ նոր ինտեգրացիոն ծրագրերի իրականացմանը: «Չնայած Մոսկվան կշարունակի կարեւորել Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունները` այնուհանդերձ, ռուսական արտաքին քաղաքականությունը հիմնականում կկենտրոնանա նախկին խորհրդային հանրապետությունների ուղղությամբ: Մոսկվան կփորձի այս պետություններում ուժեղացնել իր ազդեցությունը` դրանց ավելի սերտորեն կապելով իր կողմից առաջ քաշվող ինտեգրացիոն ծրագրերին: Խոսքը նախեւառաջ Ռուսաստան - Ղազախստան - Բելառուս մաքսային միության եւ Պուտինի առաջարկած Եվրասիական միության մասին է», - նշում են ամերիկացի վերլուծաբանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG