Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու «սավառնող» կոչ Թուրքիային


Շվեդիա - Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը սկսում է եռօրյա պաշտոնական այցը Ստոկհոլմ, 11-ը մարտի, 2013թ.
Շվեդիա - Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը սկսում է եռօրյա պաշտոնական այցը Ստոկհոլմ, 11-ը մարտի, 2013թ.

Շվեդիայի հայկական կազմակերպությունների նման անսովոր ակցիայի պատճառ դարձան Գյուլի այցի առթիվ ձեռնարկված անվտանգության խիստ միջոցառումները։

«Ճանաչել 1915 թվականի Ցեղասպանությունը», - շվեդերեն նման վերտառությամբ մեծ պաստառով մարզական օդանավը երկուշաբթի օրը մոտ երկուսուկես ժամ շարունակ պտտվում էր Ստոկհոլմի կենտրոնական թաղամասի վրայով` հենց այն պահին, երբ թագավորական պալատին հարող տարաքծում մեկնարկել էր պետական այցով Շվեդիա ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Այս քայլի նախաձեռնողը Շվեդիայում գործող հայկական կազմակերպություններն էին: Շվեդահայ միությունների համադրող կենտրոնի խոսնակ Վահագն Ավետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նման անսովոր բողոքի ակցիայի պատճառը նախեւառաջ Գյուլի այցի առթիվ ձեռնարկված անվտանգության աննախադեպ խիստ միջոցառումներն էին, որոնք գրեթե անհնարին էին դարձնում ավանդական ցույցի անցկացումը:

«Նախագահ Գյուլի այցի առթիվ Ստոկհոլմի ողջ կենտրոնական հատվածը փակ էր: Սկզբում նա ժամանեց թագավորական պալատ, ապա նրանք [կառքով] տարբեր փողոցներով անցան: Այդ իսկ պատճառով մտածում էինք, որ ինչ անենք, եւ մեզ մոտ նման միտք ծագեց` օդանավին փակցնել «Թուրքիա, ճանաչի՛ր Հայոց ցեղասպանությունը» պաստառը», - նշեց Ավետյանը:

Իսկ չորեքշաբթի կեսօրին Ստոկհոլմի կենտրոնում կմեկնարկի ձեւով ավելի ավանդական մեկ այլ բողոքի ակցիա` նույնպես նվիրված Գյուլի այցին: Հայկական եւ ասորական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվելու են շվեդական խորհրդարանի` Ռիկսդագի շենքի մոտ:

«Մեր ցույցը համընկնելու է Գյուլի այցելության հետ խորհրդարան, որտեղ նա պետք է զեկույցով հանդես գա: Այս ցույցով մենք կոչ ենք անելու Գյուլին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նաեւ հարգել մարդու իրավունքները. հայտնի է, որ այդ ոլորտում իրավիճակը Թուրքիայում եւս բավարար չէ: Մյուս կողմից, սա նաեւ կոչ է շվեդական կառավարությանը` ճանաչել Ցեղասպանությունը: Շվեդական խորհրդարանը այն արդեն իսկ ճանաչել է, հիմա էլ հերթը կառավարությանն է», - ասաց Վահագն Ավետյանը:

Ի դեպ, Աբդուլա Գյուլի այցը Շվեդիա մեկնարկեց Ռիկսդագի կողմից Օսմանյան Թուրքիայում հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների Ցեղասպանության ճանաչման մասին որոշումն ընդունելուց ուղիղ երեք տարի անց: 2010-ի մարտին Շվեդիայի կառավարությունը հրապարակայնորեն դատապարտեց սեփական խորհրդարանի որոշումը, ավելին` Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը 2010-ին անձամբ էր զանգահարել իր թուրք պաշտոնակից Էրդողանին` ներողություն խնդրելով Ռիկսդագի կողմից կայացված որոշման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG