Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ սկսեց Ազատության հրապարակում


Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի օրը իր հրավիրած հանրահավաքից հետո հացադուլ սկսեց Երեւանի Ազատության հրապարակում։

«Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը, օրհնելով ժողովրդին հակասող, հալածող, ծաղրող, խեղող թեկնածուին, դա իրենք կանեն իմ դիակի վրա», - իր ելույթում ասաց Հովհաննիսյանը․ - «Մարտի 31-ը Սուրբ Հարության օրն է՝ Զատիկն է։ Ես մինչեւ մարտի 31-ը, եւ դրանից հետո՝ մինչեւ ապրիլի 9-ը, եթե իրենք ուժը չգտան իրենց մեջ, ես պիտի աղոթեմ նրանց համար։ Մինչեւ սիրո, տղամարդկության, մարդկայնության եւ իմաստության պահը, ես հայտարարում եմ մեր հրապարակում ոչ թե իմ հացադուլը, այլ իմ կեղծիքադուլը, վախադուլը եւ ստադուլը։ Եվ քանի դեռ պարոն Սարգսյանն ինքնաբացարկ չի արել հայրենիքի համար, մեր ժողովրդի, իր թոռնիկների, իմ թոռնիկների եւ երեխաների ապագայի համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու եւ կեղծիք եւ սուտ եւ սպառնալիք չեմ ընդունելու որեւէ մեկից»։

Հիշեցնենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրություններում գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանը ստացել է քվեների 58,64 տոկոսը, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36.74 տոկոսը։ Հովհաննիսյանը ընտրությունների արդյունքները վիճարկել է Սահմանադրական դատարանում։

«Եթե Սահմանադրական դատարանը չուղղի իր հետագիծը, եթե ինքը հակասահմանադրական, հակապետական վճիռ կայացնի՝ խեղելով ժողովրդի իրավունքը եւ ընտրությունը, իրեն նույնպես պիտի ասենք ցտեսություն եւ նաեւ մեր դատարանը միասին այստեղ պիտի ստեղծենք», - այս առնչությամբ նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ իրենց ճանապարհը տանելու է դեպի հաղթանակ։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, թե այս ընթացքում որպես «համազգային եւ համապետական հրամայական», Ազատության հրապարակում ձեւավորվելու է «Ազգային համաձայնության մեր վարչակարգը»։

«Այսպես, թե այնպես, ապրիլի 9-ին մենք միասին տոնելու ենք նոր Հայաստանի երդմնակալությունը՝ ինագուրիացիան։ Կեցցե նոր Հայաստանը ապրիլի 9-ին», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Իր ելույթը եզրափակելով՝ ընդդիմադիր առաջնորդը որդու՝ Կարինի հետ տեղավորվեց հրապարակի նստարաններից մեկի վրա։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ վրան չի տեղադրելու՝ գիշերը բաց երկնքի տակ է անցկացնելու։

«Ես չեմ հավատում կեղծ վերջնագրերի, բայց հավատում եմ, որ ժողովուրդը այս անգամ արդեն հաղթել է, հաղթել է ամբողջ հանրապետությամբ մեկ, եւ ժամանակի հարց է։ Ես տալիս եմ, գոնե իմ ժամացույցով, մինչեւ ապրիլի 9-ը ժամանակ», - մեզ հետ զրույցում ասաց նա։

Գիշերը` Ազատության հրապարակում, բաց երկնքի տակ


Րաֆֆի Հովհաննիսյանը գիշերը անցկացրեց Ազատության հրապարակում, բաց երկնքի տակ։

«Այս ստադուլը, կեղծադուլը, վախադուլը, որը նաեւ հացից զրկում է ենթադրում, նրա համար է, որ ամբողջ հայությունը հասկանա, որ իմ կյանքի իմաստը նա է, որ մինչեւ ապրիլի 9-ը մենք թույլ չտանք, որ կեղծ երդում լինի այն հարգելի թեկնածուի կողմից, ով չվայելեց հայ ժողովրդի վստահությունը եւ ընտրությունը, ում անվան համար կեղծվեցին ընտրությունները, եւ ով չի կարող դառնալ դե յուրե սահմանադրական նախագահ», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կիրակի օրվա հանրահավաքի ժամանակ իր ելույթի ո՞ր հատվածը պետք է համարել այն մասը, որի համար Սերժ Սարգսյանը պետք է ինքը խնդրի, որ հրաժարական տա, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Մենք արդեն այդ ջրբաժանը անցել ենք, նա ինքը պիտի մտածի, որովհետեւ մեծ ազգային հետագիծ ունեցող մարդ, խղճով մարդ, քրիստոնյա մարդ, եւ ոչ թե իմ ելույթի որ հատվածն է մղիչը, այլ` որ հայ ժողովուրդը իրեն չի ընտրել, եւ ինքը դա գիտի։ Եվ առաջարկում եմ, որ մինչեւ ապիլի 9-ը, եւ նախընտրաբար` մինչեւ Սուրբ Հարության տոնը, ինքը ընդունի, որ ինքը չի կարող լինել իրավակարգ, լեգիտիմ նախագահ, եւ որ Հայաստանը պիտի թուլանա այդ անժողովրդական, այդ հակաժողովրդական վիճակից, եւ որ ինքը պետք է լուծում տա, որպեսզի Հայաստանը ուժեղ լինի իր իրավունքով, իր ազգային շահով, իր ամուր սահմաններով եւ իր պետական ինքնիշխանությամբ»։

«Այդ արդեն ինքը պիտի որոշի, ես հիմք չունեմ որեւէ առաջարկ անել, ես առաջարկներս արել եմ` ինքը մերժել է։ Հիմա եթե ինքը ասելիք ունի, կրկնում եմ` ինքը հայ ժողովրդի շահից եւ իրավունքից եւ սահմանադրական արդեն ստեղծված իշխանությունից թող բխեցնի իր առաջիկա քայլերը», - շարունակեց «Ժառանգության» առաջնորդը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ է նշանակում իր հայտարարությունը` «եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա [...], դա իրենք կանեն իմ դիակի վրա», Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես իմ խոսքը պիտի չմեկնաբանեմ` ես շատ ուղիղ խոսել եմ, շատ հստակ եմ խոսել, եւ դուք այդ հստակությունը ընկալեք ինչպես որ կա։ Դա ո՛չ վերջնագիր է, ո՛չ սպառնալիք, այլ դա ճանապարհ է, դա ճշմարտություն է, եւ ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը ունենա գրանցված իր հաղթանակը։ Լավ կլինի, որ պարոն Սարգսյանը դա գիտակցի եւ կյանքով ցույց տա, հետագծով, օրինակով` նոր սերունդի համար, որ ինքը այդ ուժը ունի»։

«Սպասո՛ւմ եմ դրան, ես այդ ուժը ունեմ», - ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG