Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն մերժեց տեղական դիտորդական կազմակերպության դիմումը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր, հրապարակայնորեն ցույց չտալով «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության այն տեսանյութերը, որոնք փաստում են Արտաշատը եւ հարակից համայնքներն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում արձանագրված ընտրախախտումները, որոշեց մերժել տեղական դիտորդական կազմակերպության դիմումը` տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողություններին եւ անգործությանն անդրադառնալու կապակցությամբ:

Դիմումի մեջ նկարագրված են տասնյակ դեպքեր: Մասնավորապես, ըստ դիմումի՝ 17/5 ընտրատեղամասում, բացի իրավապահների ուշադրությունը գրաված լցոնման դեպքից, տեղամասային հանձնաժողովի անդամները խոչընդոտել են դիտորդի եւ լրագրողի գործունեությունը:

Ըստ դիմումի՝ 17/37 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել Սերժ Սարգսյանի վստահված անձի սպառնալիքը՝ դիտորդի գլխին տեսախցիկ կոտրելու վերաբերյալ: 17/10 ընտրատեղամասում, ըստ դիմումի, Կարո Կարապետյանը, որն ի դեպ, ընտրության օրը չուներ վստահված անձի վկայական, դիտորդին արգելել է ծանոթանալ ընտրական փաստաթղթերին: Եվ նմանատիպ տասնյակ պնդումներ:

Դիտորդական կազմակերպության դիմումը, հիշեցնենք, ավելի վաղ մերժել էր թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հասցեագրվել է բողոք՝ վերադասության կարգով:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրահանգով, մոտ մեկ ժամ շարունակ անդրադարձ եղավ այն տեսանյութերին, որոնք կատարվել են ընտրության օրը, բայց չեն ապացուցում ընտրախախտումների մասին պնդումները: Դիտորդները բացատրեցին, որ տեխնիկապես հնարավորություն չեն ունեցել զատել բուն ընտրախախտումները եւ ներկայացրել են ընտրության օրը կատարած տեսագրություններն ամբողջությամբ:

Մուկուչյանի խոսքից պարզվեց, որ 47 սկավառակներից 3-ն էր առանձնացվել եւ 3-ն էլ ցուցադրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Երկարատեւ քննարկումներից հետո դիտորդական կազմակերպության փաստաբան Վահե Գրիգորյանը հարցադրում հնչեցրեց. - «Եթե այդ 47 սկավառակից 3-ում կրկնվող նյութեր կան, մի կողմ դրեք այդ սկավառակները եւ ըստ էության ընտրախախտումների մասին խոսեք»:

«Ես շատ կոնկրետ հարց ունեմ Ձեզ եւ հանձնաժողովի անդամներին` 44 սկավառակների մեջ դուք Սերժ Սարգսյանի օգտին որեւէ ընտրախախտում տեսա՞ք, թե՞ ոչ». - Գրիգորյանի այս հարցին Մուկուչյանը կոնկրետ պատասխան չտվեց` ասելով. - «Մենք կհասնենք այդ խնդիրներին, հերթով կասենք»:

Բայց այդպես էլ չցուցադրվեցին այն տեսանյութերը, որոնք վկայում են, ըստ դիտորդների՝ կոպիտ ընտրախախտումների մասին:

Նիստի ավարտին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե ինչու դրանք չցուցադրվեցին, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. - «Որովհետեւ ցուցադրելու անհրաժեշտություն չկար, հանձնաժողովի մոտ արդեն ձեւավորվել էր որոշակի մոտեցում այդ հարցի վերաբերյալ: Այսինքն` որ առկա են որոշակի հանգամանքներ, որոնք լրացուցիչ ուսումնասիրման անհրաժեշտություն ունեն եւ պետք է ներկայացվեն դատախազությանը.... Դրանք բոլորը վերաբերում էին առանձին մասնավոր դեպքերի»:

Դիտորդական կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Եգորյանը պնդում է, որ ապացույցները փաստում են կազմակերպված, մեկ կենտրոնից կառավարվող ընտրական հանցագործությունների մասին: Իսկ ԿԸՀ-ի այսօրվա նիստի նպատակը, ըստ կազմակերպության նախագահի Լուսինե Հակոբյանի. շոու կազմակերպելն էր. - «Առաջին մասը հստակորեն կազմակերպված էր իշխանամետ լրատվամիջոցների համար, որպեսզի նրանք արձանագրեին մի փաստ, որ մենք իրականում ապացույցներ չունենք»:

Դիտորդները պատրաստվում են դիմել վարչական դատարան:
XS
SM
MD
LG