Մատչելիության հղումներ

Հայաստանում սուր շնչառական վարակների աճ է արձանագրվել


Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը վստահեցնում է, որ այսօր կյանքին վտանգ սպառնացող դեպքեր հիվանդանոցներում չունեն:

Սուր եւ թեթեւ շնչառական վարակների պատճառով մարզերում հոսպիտալացվել է 222, իսկ թոքաբորբով` 87 մարդ: Երեւանում սուր եւ թեթեւ շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվը հասնում է 342-ի, թոքաբորբով հոսպիտալացվածները 121-ն են:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի խոսքով` միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ դիմածների թիվն աճել է 2.1 անգամ:

«Առաջնային բժշկական կազմակերպությունների դիմելիության ակտիվությունը բավականին լուրջ կանխարգելիչ միջոցառում է համարվում, քանի որ հետագա բարդություններից զերծ ենք մնում», - այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Վանյանը. - «Ունենալով բարձրացում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում` մենք կտրուկ նվազում արձանագրեցինք ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում»:

Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը վստահեցնում է, որ այսօր կյանքին վտանգ սպառնացող դեպքեր հիվանդանոցներում չունեն: Վանյանի խոսքով` գրիպի տեսակը որոշելու համար իրականացվում են ամենօրյա լաբորատոր հետազոտություններ:

«Օրինակ, վերջին 300 հետազոտության արդյունքներով 60 տոկոսում գերակշիռ մասը ընկնում է A տիպի H1N1 ենթատիպին: Արձանագրվում են նաեւ մեծ թվով B տիպի գրիպներ, ինչպես նաեւ ռեսպերատոր սինտիցիալ վիրուսներ. սրանք ավելի քիչ ենք արձանագրել, բայց արձանագրվում է 0-2 տարեկան երեխաների մոտ », - նշեց պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը:

Գնահատելով իրավիճակը` առողջապահության նախարարությունը հորդորում է թեթեւակի գրիպի նախանշանների դեպքում ոչ թե զբաղվել ինքնաբուժությամբ, այլ դիմել գոնե պոլիկլինիկաներ հետագա բարդություններից խուսափելու համար:

«Տանից դուս չգալ, աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բուհ չհաճախել, հնարավորինս խուսափել միջոցառումներից: Այն, որ հիվանդը ինքը նաեւ հետագա բարդություններից պետք է խուսափի, պետք է հիշի, որ ռիսկի գործոն է հանդիսանում նաեւ շրջապատող մարդկանց համար: Չնայած գարուն է, բայց նկատվում է ջերմաստիճանի նվազում, հետեւաբար պետք չէ հրաժարվել ձմեռային հագուստներից: Թեթեւ նշանների դեպքում դիմել բժշկի, նրա ցուցումներով ձեռք բերել համապատասխան դեղամիջոց, իսկ պոլիկլինիկաները բոլորը ապահոված են այդ դեղամիջոցով, դա «Տամիֆլյու»-ն է, որն անվճար հատկացվում է հիվանդներին», - նշեցին բանախոսները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG