Մատչելիության հղումներ

Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվեց


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի նկատմամբ դատավարության առաջին նիստը:

Խաչիկյանը եւ սոցիալական ոլորտի 12 այլ պաշտոնատարներ, հիշեցնենք, մեղադրվում են խոշոր չափերի չարաշահումների մեջ:

Նիստը հետաձգվեց, որովհետեւ ամբաստանյալներից երկուսը հրաժարվեցին իրենց պաշտպաններից (ֆինանսական միջոցների սղության պատճառով) եւ միջնորդություն ներկայացրեցին հանրային պաշտպաններ ունենալու համար:

Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար: Պետությանը պատճառված վնասը, ըստ քրեական գործի նյութերի, կազմում է ավելի քան 376 միլիոն դրամ: Եթե այս մեղադրանքը հաստատվի, նա կարող է դատապարտվել 4-8 տարվա ազատազրկման:

Խաչիկյանը, ով ներգրավվել էր նախ որպես վկա, արդեն որպես մեղադրյալ կալանավորվել է 2012 թվականի սեպտեմբերին:

Նրա շահերի պաշտպան Ժորա Վարոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը: Փաստաբանն ասաց, որ դատաքննության ընթացքում կներկայացնեն Խաչիկյանի անմեղությունն ապացուցող ապացույցներ:

«Գտնում ենք, որ խարդախություն հոդվածը լիովին անիմաստ է դրված: Խարդախության տարրեր չկան», - հայտարարեց Վարոսյանը: - «Բավական հակասություններ կան: Դատաքննության գաղտնիքից ելնելով` ես չեմ կարող հրապարակել, բայց ուզում եմ ասել, որ արդեն իսկ ավելի ծանրակշիռ ապացույցներ են հանդես գալիս»:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 19-ին:
XS
SM
MD
LG