Մատչելիության հղումներ

Փետրվարի 28-ի մամուլ


Արձագանքելով բազմաթիվ երկրներից հղվող, Սերժ Սարգսյանի նախագահությունը ճանաչող ուղերձներին` «Հրապարակ»-ը գրում է. - «Ի վերջո, ինչո՞ւ է շտապում միջազգային հանրությունը, եւ ի՞նչն է նրան դրդում ընտրական փաստաթղթերի թանաքը չչորացած, արդյունքների վիճարկման օրինական ժամկետները չլրացած՝ շնորհավորել մի նախագահի, որի ժողովուրդը բողոքի ակցիաներ է անում եւ չի ճանաչում իր աչքի առաջ տեղի ունեցած ընտրությունները: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն աշխարհի համար կանխատեսելի նախագահ է՝ 5 տարի նրա հետ հարաբերվելու ընթացքում միջազգային հանրությունը համոզվել է, որ նա իրենց նախանշած ուղուց չի շեղվի՝ կանի այն, ինչ կասեն: Իսկ այ, Րաֆֆի Հովհաննիսյանն այն «անփորձ մածունն» է, որի վրա հույս դնել հնարավոր չէ: Եվ սրա պատճառը միայն այն չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գործ չեն ունեցել եւ չգիտեն, թե նա ինչի է ընդունակ: Սրա պատճառներից գլխավորը պետք է փնտրել հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի մեջ: Այն ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որ նա պատրաստվում է վարել նախագահ դառնալուց հետո եւ հատկապես Լեռնային Ղարաբաղը ճանաչելու դրույթը բավական են, որպեսզի «Ժառանգության» լիդերը, ԱՄՆ-ի նախկին քաղաքացին, մեզանում արեւմտամետի համարում ունեցող քաղաքական գործիչն անցանկալի ճանաչվի այդ նույն Արեւմուտքի համար»:

«Հայոց Աշխարհ» թերթի կարծիքով` ընդդիմությունն օգտագործում է ընտրություններն ընդամենը որպես մեխանիզմ` հեղափոխական գործողություններ սկսելու նպատակով. - «Գունավոր քաղտեխնոլոգիաների յուրահատկությունը ոչ թե այն է, որ դրանց կիրառման հետեւանքով բորբոքված ու ոգեւորված ամբոխները դուրս են գալիս փողոցներ, այլ բորբոքման եւ ոգեւորության պատճառները։ Պատվարժան քրիստոնյայի կրոնական հրճվանքը նման է որեւէ աղանդի անդամի կրոնական էքստազին ճիշտ այնպես, ինչպես թմրադեղային էյֆորիան՝ երջանիկ մարդու ուրախությանը»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Բոլորը (այդ թվում ` արեւմտյան դեսպանները) Րաֆֆիին խորհուրդ են տալիս ընդունել ընտրությունների արդյունքները եւ պատրաստվել «հաջորդ քայլին», այսինքն` Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Րաֆֆին էլ կարծես թե դեմ չէ (Արմեն Մարտիրոսյանը, օրինակ, երեկ հայտարարեց, թե Րաֆֆին մտադիր է եւս մեկ անգամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ): Միակ ակնկալինքն այն է, որ այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կկոնկրետացնի իր «ողջամիտ առաջարկները»: Սա նորմալ է, այստեղ որեւէ դատապարտելի բան չկա: Միակ պրոբլեմն այն է, որ այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի իր կողմնակիցներին անկեղծորեն ներկայացնի ճշմարտությունը: Այնպես չստացվի, որ ինքը գնում է բանակցությունների, եւ եթե առեւտուրը հաջող ստացվի` մարդկանց ուղարկի տուն, եթե հաջող չստացվի` մի երկու շաբաթ էլ պայքարեն»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Սերժ Թանգյանի միջեւ վերջին օրերին ծավալվող նամակագրությանը` «168 ժամ»-ը գրում է. - «Աշխարհահռչակ հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի ու ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի` առաջին հայացքից անսահման ժողովրդավարության տպավորություն թողնող հրապարակային նամակագրությունն իրականում վկայում է հայկական իրականության անբաժանելի մասը դարձած պատեհապաշտության, կոնյունկտուրայի գերակայության, երկակի չափանիշների մասին: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե Սերժ Թանգյանի նամակում արտահայտված մտահոգությունների մասին հրապարակավ խոսեր ոչ այնքան աշխարահահռչակ, ամերիկյան վերնախավի հետ հարաբերություններ չունեցող հայաստանյան որեւէ մտավորական: Իշխանական հաստիքային «ինծիլիգենտներն» իսկույն նրան կհռչակեին որպես փտած իմպերիալիզմի հայակործան գաղափարախոսության շահերի սպասարկու, լավագույն դեպքում` որպես գրանտակեր: Բայց Սերժ Թանգյանի պարագան այլ է: Նա համաշխարհային ճանաչում եւ իրական հեղինակություն ունի, նրա հետ, մեղմ ասած, չարժե հարաբերություններ փչացնել… Ու Սերժ Սարգսյանը գրեթե օն-լայն ռեժիմով պատասխանում է Թանգյանի նամակներին: Նույնիսկ արդեն սպորտային հետաքրքրություն է առաջանում` Թանգյան Սերժի քանի՞ նամակի կպատասխանի Սարգսյան Սերժը»: «Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Սերժ Թանգյանը, ով նամակում բարձրաձայնելով Հայաստանի քաղաքացուն եւ ընդհանրապես հայ մարդուն հուզող կենսական խնդիրների մասին, միաժամանակ ընդունում է Սերժ Սարգսյանին` որպես լիիրավ Հայաստանի նախագահ», - ամփոփում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG