Մատչելիության հղումներ

Փետրվարի 27-ի մամուլ


«Ժամանակ» թերթի հետ զրույցում գնահատելով հետընտրական գործընթացները` քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն արձանագրում է, որ Հայաստանում բավական ուժեղ է հակաիշխանական ընտրազանգվածը. - «Դա հետագայում կարող է դերակատարություն ունենալ: Կա մի հարց, որի վրա ուշադրություն չենք դարձնում. անընդհատ հիշեցնում են Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների մասին, նշում են, թե դա ավելի շատ է, քան նախորդ ընտրությունների ժամանակ` մոռանալով, որ ինչպես հիմա, անցյալում եւս ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ընտրությունները սոցիոլոգիական հարցման դեր կատարեցին, ցույց տվեցին, որ բավական ուժեղ են երկրում հակաիշխանական տրամադրությունները: Պետք է դրանից կարողանան օգտվել ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն` ստեղծելով որակյալ կառույցներ: Սա ցույց տվեց իրավիճակը»:

«Չորրորդ ինքիշխանության» հոդվածագիրը Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժման մեջ «գունավոր տեխնոլոգիաներ» է նկատում. - «Սակայն մեզ ավելի շատ այլ հարց է հետաքրքրում` իսկ ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառում իշխանությունները: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս 15 տարիների ընթացքում ընդհանրապես կարողացե՞լ է ինչ-որ տեխնոլոգիա հորինել, թե՞ ոչ: Դատելով իշխանությունների գործողություններից` նրանք ոչ մի բան էլ չեն հորինել ու ընդամենն առաջնորդվում են քարանձավային մարդու բնազդներով: Ի՞նչ տեխնոլոգիա, ի՞նչ բան, ուսանողները դասադուլ են անում` պիտի «չորով» փակել ինստիտուտների դռները, եւ վերջ: Երեւանում հանրահավաք է` փակել ճանապարհները եւ վերջ, մարդիկ չենք ընտրում իրենց` պետք է կաշառք տալ, եթե դա էլ չի օգնում` պետք է թվեր նկարել, դուրս են գալիս փողոց` կրակել, մի տասը հոգու սպանել, եւ վերջ»:

«Հայոց Աշխարհ»-ը մեջբերում է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի` հետընտրական զարգացումների կապակցությամբ երեկ հնչեցրած հայտարարությունը. - «Ցանկացած քաղաքական գործունեություն պետք է լինի օրենսդրության շրջանակներում։ Դա պետք է գիտակցեն թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ ընդդիմության։ Նեղանալ, ասել՝ եթե ինձ նման չես մտածում, իմ կողմնակիցներին կհավաքեմ, կուզուրպացնեմ այս կամ այն տարածքը, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Չեմ կարծում, թե յուրաքանչյուր ընտրությունից հետո երկրորդ տեղը գրաված թեկնածուն պետք է ասի՝ իրավիճակը փոխվել է, եկեք խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնենք։ Մենք չենք կարող տարին մեկ ընտրություններ անցկացնել. կա Սահմանադրություն, եւ, ի վերջո, Հայաստանը հանրապետություն է, ոչ թե բացարձակ միապետություն, որտեղ նախագահը կարող է ցանկացած պահին ցրել խորհրդարանը»։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - «Այս օրերին արդեն իսկ ՀԱԿ-ԲՀԿ-ամերձ քաղաքական տեխնոլոգները սկսել են աջուձախ դժգոհել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը ուղղորդվում է ինչ-որ աներեւույթ ձեռքի կողմից` ըստ երեւույթին զգալով այս կոմբինացիայում բարեւի առաջնորդին վերապահված դերակատարությունը: Եվ այն փաստը, որ դեռեւս մեկ ամիջ առաջ ծրագրավորված ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքը ի վերջո որոշվեց չեղյալ հայտարարել եւ միանալ Մյասնիկյանի արձանի մոտ «Ժառանգության» հրավիրած հանրահավաքին, խոսում է այն մասին, որ մինչ այդ Րաֆֆիին լուրջ չընդունող ընդդիմադիր դաշտը (այլընտրանքայինն էլ` իր հերթին) այլեւս հստակ գիտակցում է, որ Րաֆֆիի` թիվ մեկ ընդդիմադիրը դառնալու հաղթարշավն իրենք կարող են կասեցնել միայն մի դեպքում` միանալով նրա շարժմանը»:

Կասկածի տակ առնելով Հայաստանում արված սոցիոլոգիական տարբեր հարցումների հավաստիությունը` «Ազգ» թերթի մեկնաբանը նկատում է. - «Օրինակ, քվեարկության օրից մեկ շաբաթ առաջ տեղական կամ օտարերկրյա ոչ մի սոցիոլոգիական կազմակերպություն չհայտարարեց, որ փետրվարի 18-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանալու է ընտրողների շուրջ քառասուն տոկոսի ձայները, այնինչ Րաֆֆին այդ ձայներն այսօր ունի եւ քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում տեղի չի ունեցել մի այնպիսի բան, որ թեկնածուներից մեկի վարկանիշը կտրուկ նվազեր կամ հակառակը»: «Հայկական շուկայում աշխատող սոցիոլոգները պարզապես խնդիր ունեին եւս մեկ անգամ բարձրաձայնելու, որ գործող նախագահը հաղթելու է, ինչը կարող է հսկայական ուղղորդիչ ազդեցություն ունենալ ընտրազանգվածի վրա, կամ էլ պարզապես այդ կազմակերպությունները դեռեւս չունեն անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմը: Երկու պարագայում էլ խնդիրն ունենք, ուրեմն` նաեւ անելիք», - ամփոփում է թերթը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG