Մատչելիության հղումներ

ՀՌԱՀ-ը ամփոփել է մշտադիտարկման արդյունքները


ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյան
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյան
2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում հունվարի 21-ից փետրվարի 16-ը ընկած ժամանակահատվածում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) ոչ մի դիմում բողոք չի ստացել թեկնածուների, նրանց ներկայացուցիչների, հասարակական կառույցների ու պետական մարմինների կողմից:

Հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը այսօր լուսաբանման ողջ գործընթացը որակեց բավարար:

«Ի պատիվ բոլոր հեռուստառադիոընկերությունների` բոլորը գործել են բավարար եւ ցուցաբերել են պրոֆեսիոնալիզմ», - ասաց նա:

Ամալյանը նշում է, որ թեկնածուներից յուրաքանչյուրը եթերից օգտվել է տարբեր չափով: Առավելագույն եթեր ստացած թեկնածուն Պարույր Հայրիկյանն է՝ 8479 րոպե, հետո Րաֆֆի Հովհաննիսյան՝ 7079 րոպե, երրորդ տեղում Սերժ Սարգսյանը՝ 5476 րոպե:

Չնայած րոպեների անհամաչափությունն ակնհայտ է, սակայն սա որակել եթերային ոչ հավասար պայմանների ապահովում Ամալյանը ճիշտ չի համարում:

«Հանձնաժողովը իրականացրած ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքում հանգել է եզրակացության, որ այն պայմանավորված է թեկնածուների կողմից իրենց նախընտրական քարոզչության պլանավորմամբ: Այսինքն միջոցառումների քանակական, տարածքային եւ ժամանակացույցային բաշխման անհամաչափություններով, քարոզչության իրականացման, ինչպես նաեւ նրանց նախընտրական հիմնադրամներում առկա միջոցների անվճար եւ վճարովի եթերաժամանակի օգտագործման, հեռուստառադիո ծրագրերում հյուրընկալվելու պատրաստակամության առանձնահատկություններով», - ասաց ՀՌԱՀ նախագահը:

Իսկ ինչ վերաբերում է անվճար եթերաժամանակին, թեկնածուները սպառել են միայն ընդհանուր ժամանակի 75.4 տոկոսը: ՀՌԱՀ նախագահի խոսքով` հատկացված 1368 րոպեից թեկնածուները սպառել են 1032 րոպեն:

«Կարծում եմ` երեւույթը պայմանավորված էր հեռուստահաղորդումներում հյուրընկալվելու ավելի լայն հնարավորություններով եւ նաեւ լրատվական թողարկումներում նրանց ասուլիսների, հանդիպումների լուսաբանմամբ, որոնք կարծես ավելի նախընտրելի էին, քան պատրաստի հոլովակներով հանդես գալը», - ասաց Ամալյանը:

Իսկ թեկնածուներին տրամադրված ողջ երթերաժամը կազմել է 35 213 րոպե:
Ամալյանը նշում է, որ սա աննախադեպ մեծ ցուցանիշ է եւ այն ժամերով արտահայտած ավելին է քան 586 ժամը:

«Սա նույն էր, որ Հայաստանում ողջ քարոզչության ընթացքում գործեր մեկ շուրջօրյա հեռուստաընկերություն, որը բացառապես միայն զբաղված լիներ ընտրությունների, թեկնածուների գործունեությունը լուսաբանելով», - ամփոփեց Ամալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG