Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը մերժել է նոր ընտրություններ անցկացնելու իր առաջարկը։
- Հեղինակ՝ Իրինա Հովհաննիսյան
Նա հանրահավաքում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին առաջարկել է` 1/ պատժել բոլոր ընտրակեղծարարներին` մարզպետներից, նախարարներից, պատգամավորներից սկսած մինչեւ ժողովրդին կաշառող ստորին օղակները, 2/ եթե իշխանությունները չունեն այդ ներուժը ժողովրդի հաղթանակը ճանաչելու, թող կրկնակի ընտրություններ հրավիրեն, 3/ ամբողջովին համամասնական համակարգով ընտրություններ անցկացնել։
«Եվ ի՞նչ էր պատասխանը՝ ոչ։ Ես այլեւս նրանց ասելիք չունեմ», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ - «Մենք առաջիկա ժամանակահատվածում տանելու ենք պայքարը հանդարտ, սահմանադրական, հետեւողական ճանապարհով»։
Րաֆֆի Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ այս շարժումը նախկինների պես չի մարի, եւ հենց վաղը հանրահավաքների շարք է նախատեսել Աշտարակում, Վանաձորում, Գյումրիում, իսկ կիրակի օրը՝ Երեւանի Ազատության հրապարակում։
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ձայնագրությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա աջակիցները այժմ երթ են անցկացնում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Մի պահ ոստիկանները կասեցրեցին երթը, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցություններից եւ երթուղին հստակեցնելուց հետո, ցուցարարներին թույլ տրվեց շարունակել երթը։