Մատչելիության հղումներ

Գյուլը Սարգսյանին շնորհավորել է համաձայն «Թուրքիայի պետական ավանդույթների»


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը թուրքական Բուրսա քաղաքում, 14-ը հոկտեմբերի, 2013թ.
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը թուրքական Բուրսա քաղաքում, 14-ը հոկտեմբերի, 2013թ.

Պաշտոնական Անկարայի հավաստմամբ` շնորհավորանքը քաղաքավարության միջազգային կանոնների շրջանակներում է։

Պաշտոնական Անկարայի պարզաբանմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է «Թուրքիայի պետական ավանդույթներին համապատասխան»։

«Շնորհավորանքը` հղված հարգարժան նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում նրա վերընտրվելու կապակցությամբ, արված է մեր պետական ավանդույթներին համապատասխան։ Այնպես ինչպես, ավելի վաղ, այլ երկրներում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ուղարկվել են շնորհավորական ուղերձներ», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը ի պատասխան ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցման։

Ադրբեջանական գործակալությունը իր հարցը ձեւակերպել էր այսպես. - «Համապատասխանո՞ւմ է արդյոք թուրքական դիվանագիտության ավանդույթներին Աբդուլա Գյուլի շնորհավորանքը` հղված Սերժ Սարգսյանին Հայաստանում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ, թե՞ այդ շնորհավորանքը սոսկ հարգարժան նախագահի անձնական նախաձեռնությունն է»։

APA-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հղած պատասխան նամակում նշվում է, որ պաշտոնական Անկարան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի նոյեմբերի 16-ին։ «Քաղաքավարության միջազգային կանոնների շրջանակներում երկկողմ ձեւով կարող են հղվել ուղերձներ։ Օգտակար կլինի հարցը գնահատել իր բովանդակության շրջանակներում», - գրել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Գյուլը Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել փետրվարի 20-ին` Հայաստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո։

Թուրքական պետության ղեկավարի այդ քայլը, ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, տարակուսանք է հարուցել Բաքվում։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, մասնավորապես, հայտարարել է, թե պաշտոնական Անկարան պետք է պարզություն մտցնի այդ հարցում, քանի որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG