Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն չի անցկացնի նախատեսված հանրահավաքը


Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում այսօր ծրագրած հանրահավաքից` լարվածություն չառաջացնելու համար:

«Որովհետեւ այդ նույն հրապարակում հնչում են հակասահմանադրական կոչեր, իսկ երկու քաղաքական թիմերի, մեր հասարակության երկու տարբեր հատվածների հանդիպումը կարող էր նաեւ անցանկալի հետեւանքներ ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: - «Իսկ մեր նպատակը դա չէ: Մեր նպատակը միասնությունն է, մեր նպատակը հանդուրժողականությունն է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նույնիսկ ցանկացած տեսական առումով ոչ ցանկալի լարվածություն [չլինի]»:

«Անպայման չի բախումներ լինեն. ոչ ցանկալի իրադարձություններ կամ լարվածություն», - շարունակեց նա: - «Հետեւելով այս երկու օրվա հանրահավաքներին` մենք ականատես եղանք, որ արկածախնդրության եւ հակասահմանադրականության կոչերի պակաս չկար»:

Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքում հնչած կոչերից որո՞նք էին հակասահմանադրական, Ազգային ժողովի փոխնախագահը հակադարձեց. - «Իսկ ո՞րը չէր հակասահմանադրական կոչ: Եթե մարդիկ ասում են` մենք 80 տոկոս հավաքել ենք, մենք հաղթելու ենք… դա սահմանադրակա՞ն է: Մենք պետք է սովորենք բոլորս, որպեսզի ամեն ինչ լինի բանակցությունների միջոցով, քաղաքակիրթ ճանապարհի միջոցով, եւ եթե որեւէ թեկնախու կարծում է, որ իր իրավունքները խաթարվել են, նախ դրա համար պետք է փաստեր ներկայացնել, եւ երկրորդը` դրա համար կան դատարաններ, դրա համար կա Սահմանադրական դատարան: Ամբողջ աշխարհում ընդունված է` պարտված թեկնածուն պետք է շնորհավորի հաղթած թեկնածուին: Մանավանդ որ աննախադեպ է եղել ժողովրդավարական ընտրությունների բնույթն ու որակը»:

Անդրադառանալով չեղյալ հայտարարված հանրահավաքին` ՀՀԿ-ի փոխնախագահն ասաց. - «Մենք վստահ ենք, որ շուտով, շատ շուտով Ազատության հրապարակը, որը խորհրդանշական է մեզ համար թե' միասնության առումով, թե' բազմակարծության առումով, թե' հենց անկախության խորհրդանիշն է, այնտեղ մենք բոլորս միասին կարող ենք տոնել մեր հասարակության, մեր ազգի, մեր պետության հաջողությունն ու հաղթանակը առ այն, որ 2013 թվականին մենք ազգովի ապացուցեցինք, որ կարող ենք գնալ ճիշտ ճանապարհով, եւ այդ ճիշտ ճանապարհը ժողովրդավարության զարգացումն է»:
XS
SM
MD
LG