Մատչելիության հղումներ

Փետրվարի 21-ի մամուլ


«Փակ շրջան» վերնագրված խմբագրականում «Հրապարակ»-ը գրում է. - «Ոչ մի իշխանություն չի ուզենա հայտնվել մի իրավիճակում, երբ իշխանության մնալու միակ ձեւը մնում են ընտրակեղծիքները, բռնությունները, մարդկանց ձայները գողանալն ու արար աշխարհի առաջ սեւերես լինելը: Վստահ եմ, որ գործող իշխանությունն ու Սերժ Սարգսյանն ամեն ինչ կտային մաքուր ընտրություններով հաղթելու համար, բայց փաստ է, որ մի կողմից չգիտեն «ինչ տալ», մյուս կողմից` իշխանությունն այնքան քաղցր է, որ պատրաստ են ամեն ինչ տալ այն պահպանելու համար: Այսինքն, գործ ունենք մի կողմից կառավարելու, հասարակության համակրանքը նվաճելու, մյուս կողմից` իշխանությունից կամավոր, խաղաղ ընտրությունների ճանապարհով հրաժարվելու անընդունակության հետ: Ցավալի իրավիճակ»:

Գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային ելույթը` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Րաֆֆիի տեքստերը, ելույթները եւ մասնավորապես երեկվա ելույթը հանրահավաքում չուներ կուռ տրամաբանական կառուցվածք, պարզ չէր, որտեղից է այն սկսվում եւ ինչի է հանգեցնում: Առանձին հատվածներ, իհարկե, շատ էմոցիոնալ էին եւ, ըստ էության ճիշտ: Բայց դրանք, իմ տեսանկյունից, «նպատակասլաց» չէին: Որովհետեւ բացի լավ, արդար, բարեկեցիկ, ժողովրդավարական պետություն ունենալու` բոլորիս կողմից ընդունելի գաղափարից, մենք` քաղաքացիներս, պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչպիսի ճանապարհ է դրա համար առաջարկում տվյալ քաղաքական գործիչը: Եվ ահա, եթե բոլոր ճիշտ դարձվածքները մի կողմ դնենք, «չոր մնացորդում» կմնա, ինձ թվում է, հետեւյալը. պարոն Հովհաննիսյանն առաջարկում է, որ գործող նախագահը գա Ազատության հրապարակ, հրաժարվի իր պաշտոնից եւ նախագահ հռչակի իրեն` Րաֆֆիին (ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա): Եկեք զուտ տեսականորեն ենթադրենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնում է եւ հենց այդպես էլ անում է. դա երկուսի կողմից էլ կլինի անպատասխանատվության, կամայականության եւ ապօրինության գագաթնակետը: Բացի այդ, հարյուր հազարավոր մարդկանց ձայնը ստացած երկու գործիչների վարքը պարզապես ծաղրի առարկա կդառնա աշխարհում»:

«168 ժամ» թերթում կարդում ենք. - «Երեկ Ազատության հրապարակում մեկնարկած նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքի բազմամարդությունն այնքան անսպասելի էր, որքան փետրվարի 18-ին նրա ստացած ձայների քանակը: Ազատության հրապարակում էին ամենատարբեր խավերի, քաղաքական ամենատարբեր նախասիրությունների տեր քաղաքացիներ, որոնց զգալի մասը գուցե անգամ չի համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին: Այնպես, ինչպես, ի դեպ, հանրահավաքի հարթակ բարձրացած ու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած գործիչների մի մասը: Երեկվա հանրահավաքը փետրվարի 18-ի ընտրությունների շարունակությունն էր, մարդիկ Ազատության հրապարակում էին ոչ թե հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ ընդդեմ իշխանության»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ներքաղաքական կյանքում անորոշությունը պահպանվում է: Հայ հասարակությունը շունչը պահած սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերին: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանը, անկախ իրենից, դարձել է Հայաստանի ամենաառանցային քաղաքական ֆիգուրը: Այս իրավիճակը, իհարկե, իր մեջ նաեւ զավեշտի տարրեր է պարունակում: Պետք է հաշվի նստել առկա իրողությունների հետ: Վերջին հաշվով, պետք է հարգել ժողովրդի ընտրությունը»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Իշխանությունները հայտարարում են, որ հույս ունեն, թե ընդդիմությունը չի գնա մի ճանապարհով, որը Մարտի 1-ի կարող է հանգեցնել: Սակայն կա մի շատ կարեւոր բան, այդ հայտարարությունների քարոզչական շրջանակից դուրս: Դա այն է, որ Մարտի 1-ից խուսափելու գլխավոր պատասխանատվությունը իշխանություններինն է, այսինքն` նման զարգացումների հանգեցնում է իշխանական քաղաքականությունը, եւ հետեւաբար` պետք է չկրկնել այն քաղաքականությունը, որը բերում է նման լարված եւ բախումնային իրավիճակների անխուսափելիության»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG