Մատչելիության հղումներ

Ընտրություններին չմասնակցած ընդդիմադիրները քննադատում են անցած ընտրությունները


Հայ ազգային կոնգրեսը այսօր տարածած իր հայտարարության մեջ փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահի ընտրությունները խայտառակ է որակել:

Խստորեն քննադատելով իշխանություններին՝ ՀԱԿ-ը հայտարարում է, որ ընտրություններն անցկացվել են ընտրակեղծիքների մեքենայի լիակատար օգտագործմամբ, կիրառվել են ընտրախախտումների բոլոր գործիքներն ու մեխանիզմները, բնականաբար աղավաղելով ընտրությունների իրական արդյունքները:

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը, մասնավորապես դիտորդական առաքելությունները, դադարեցնեն դայակությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ, հրաժարվեն Հայաստանի իշխանությունների օրենսդրական ձեռնածությունները որպես դրական բարեփոխումներ ներկայացնելու իրենց պրակտիկայից», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանին հարցրեցինք, արդյոք Հայ ազգային կոնգրեսը կմիանա՞ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա նախաձեռնած հանրահավաքին: Նկատենք, որ երեկ Ազատության հրապարակում էր նաեւ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ինչպե՞ս կարող ենք միանալ մի մարդու, որը տասը դիակների արյունը չչորացած այդ ասֆալտի վրա գնաց շնորհավորեց Սերժ Սարգսյանին։ Այս որ կանչում է հանրահավաքների մարդկանց՝ ժամը 5-ին, ուլտիմատում է ներկայացնում, Գյուլնազ տատիկի հեքիաթների շարքից է։ Մի հավատացեք այդ ամեն ինչին։ Մեկ շաբաթ հետո այս ամեն ինչը խաղաղ կավարտվի։ Նա ընդդիմադիր չէ եւ երբեք չի էլ եղել

Գուրգեն Եղիազարյանը իր ընկերներին խնդրեց չմասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաքին:

Խոստացված ամենալավ ընտրությունները հերթական շատ վատն էին, գտնում է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Երկուշաբթի օրը անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ իր գնահատականներն է ներկայացրել նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը:

«Հայաստանի քաղաքացիները փետրվարի 18-ին ապացուցեցին, որ իրենց համբերությունը սահման ունի, որ իրենք շատ ավելի լավ կյանքի եւ իշխանության են արժանի, որ անհնար է մարդկանց մեջ մեռցնել արդարության, ազատության ձգտումը: Ժողովրդի ընդվզումը երկրում առկա քաղաքական, սոցիալական, տնտեսական իրական վիճակի եւ բարոյական մթնոլորտի պատասխանն էր: Պատասխանն էր իշխանության եւ նրա` վերեւից ներքեւ ներկայացուցիչների ինքնագոհ այն պահվածքի, թե իրենք հասարակության բացարձակ մեծամասնության վստահությունն ու աջակցությունն ունեն: Ակնհայտ դարձավ, որ ժողովրդի գերակշիռ մասը գործող համակարգը չի ընդունում: Արդյունքների ամփոփումը ապացուցեց մեր այն համոզումը, որ ընտրությունները կանխորոշված են, միջազգային դիտորդների գնահատականը` կանխատեսելի», - հայտարարում է Դաշնակցությունը՝ հավելելով․ - «Ստեղծված հետընտրական իրավիճակը, հնարավոր զարգացումները հսկայական պատասխանատվություն եւ դժվար որոշումներ են պարտադրում ե՛ւ գործող իշխանությանը, ե՛ւ հիմնական մրցակից թեկնածուին, ե՛ւ ընդդիմադիր ուժերին, ե՛ւ հասարակության ակտիվ հատվածին: Փետրվարի 18-ին մեր ժողովրդի դրսեւորած կամքը չպետք է ոտնահարվի: Դաշնակցությունը ժողովրդի կողքին է, համատեղ ուժերով լուծումներ գտնելու կողմնակից»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություններից հրաժարվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG