Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ցնցող բացահայտումը. փողով չի կարելի բոլորին գնել


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Փողի միջոցով կարելի է որոշ խնդիրներ լուծել, սակայն՝ ոչ բոլորը: Երբեմն էլ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

Ադրբեջանը հրաշալի օրինակ է վիթխարի հարստություն դիզած մի երկրի, որն իր միլիարդավոր նավթադոլարներն օգտագործում է օտարերկրյա քաղաքական գործիչներին եւ զանազան ասպարեզների մարդկանց կաշառելու համար՝ փորձելով բարելավել իր վատ համբավն ամբողջ աշխարհում: Ի դեպ, «խավիարի դիվանագիտություն» եզրույթը հատուկ հորինվել է բնութագրելու համար այն «բարիքները», որոնք ադրբեջանցի պաշտոնատարները կանոնավորապես եւ առատաձեռնորեն բաժանում են՝ իրենց լիրբ նպատակներին հասնելու համար:

Օրինակ՝ Բաքուն հինգ միլիոն դոլար հատկացրեց Մեխիկո քաղաքի զբոսայգին վերանորոգելու համար, միայն մի պայմանով, որ Հեյդար Ալիեւի արձանը տեղադրվի այդ նշանավոր վայրում: Սակայն, երբ մեքսիկացի ակտիվիստներն իմացան այս անվայել գործարքի մասին, բռնակալի արձանն ապամոնտաժվեց եւ առանց ձեւականությունների շպրտվեց պահեստը:

Ադրբեջանի պաշտոնատարները սկսում են հասկանալ, որ ոչ բոլորին կարելի է գնել, եւ դեռ կան շատ պատվարժան մարդիկ այս աշխարհում, որոնք անկաշառ են: Այդ մարդկանցից մեկն էլ Պետեր Սավոդնիկն է՝ մի անբասիր ազնվության տեր անձնավորություն «Նյու Յորք Թայմս» թերթից: Այս ամսվա սկզբին, ադրբեջանցի մուլտիմիլիարդատեր Իբրահիմ Իբրահիմովն ամերիկացի լրագրողին հրավիրել էր Բաքու, որպեսզի «Նյու Յորք Թայմս»-ում գովասանքի խոսքեր գրեր իր ընդարձակ շինարարական ծրագրի մասին:

Ամենեւին չտպավորվելով նորահարուստ ադրբեջանցի օլիգարխի շռայլություններից, Սավոդնիկը ջախջախիչ հոդված էր գրել՝ ծաղրելով Իբրահիմովի անհեթեթ պատրանքը: Ահա համառոտ հատվածներ թղթակցի ծավալուն հոդվածից.

Իբրահիմովը նախատեսում է «խեցգետնի տեսք ունեցող մի լայնատարած շինություն կառուցել Կասպից ծովում՝ Khazar Islands անվամբ, որը բաղկացած է լինելու է 55 արհեստական կղզիներից՝ հազարավոր բնակարաններից, առնվազն ութ հյուրանոցից, «Ֆորմուլա 1»-ի վազքուղով, նավասպորտային ակումբով, օդանավակայանով եւ աշխարհի ամենաբարձր՝ «Ադրբեջանի աշտարակ» շենքով, որի բարձրությունը կկազմի 1050 մետր: Երբ ամբողջ համալիրը կառուցվի … 800 հազար մարդ կապրի Khazar Islands-ում, այնտեղ նաեւ կլինեն հյուրանոցային սենյակներ մյուս 200 հազարի համար ... Այն կարժենա մոտ 100 միլիարդ դոլար»:

Սավոդնիկը հայտնում է, որ Բաքու ժամանելուց մեկ օր առաջ, Իբրահիմովի ներկայացուցիչը եկել էր Մոսկվա, որպեսզի անձամբ իրեն հանձնի Khazar Islands նախագծի մասին գիրք եւ DVD-սկավառակ: Բաքվում լրագրողն ապշել էր օլիգարխի շռայլ ապրելակերպից. - «Այնպես էր բազմել սեւ «Ռոլս Ռոյս»-ի հետեւի նստատեղին, կարծես այն սլանում էր կառուցվելիք կղզեխմբի թիվ մեկ կղզու վրայով: Նրա 23-ամյա օգնական Նիգյար Հուսեյնլին նստած էր առջեւում, սեւ-սպիտակ ծաղկանախշերով կիսաշրջազգեստով, սեւ զուգագուլպաներով եւ սեւ ուղղանկյունաձեւ ակնոցով: Թվում էր, որ նա անընդհատ անհասկանալիորեն մտահոգված էր: Նա չափից շատ օծանելիք էր օգտագործել, որն, ինչպես ինքն ասաց՝ բերվել էր Իտալիայից: «Երբ պարոն Իբրահիմովն Ադրբեջանում է լինում», - ասաց Հուսեյնլին, - «նա միշտ վարում է իր սեւ «Ռոլս Ռոյս»-ը: Իսկ Դուբայում նա մեկ ուրիշ կարմիրն ունի»:

Ցուցադրելով «կոկորդիլոսի կաշվից «Ստեֆանո Ռիչի» ապրանքանիշի կապույտ կոշիկները, որոնք համապատասխանում էին նրա «Ստեֆանո Ռիչի» կապույտ ջինսին, «Զիլլի» կապույտ պիջակին եւ «Զիլլի» կապույտ վերնաշապիկին», Իբրահիմովը Սավոդնիկին ասել է, որ «Ադրբեջանի աշտարակը» անկասկած հայտնվելու է Գինեսի ռեկորդների գրքում: Իբրահիմովն ասել է, որ եթե Սաուդյան Արաբիան կամ Արաբական Էմիրաթները, կամ որեւէ մեկը, որեւէ այլ վայրում փորձի ավելի մեծ շենք կառուցել, ապա նա է՛լ ավելի մեծն է կառուցելու:

Սավոդնիկը գրում է, որ ադրբեջանցի օլիգարխը Իլհամ Ալիեւին բնութագրել է որպես շեֆերի շեֆ, «մեծ պաշտպան, աջակից եւ Ադրբեջանի ժողովրդի փրկչի որդի»: Երբ «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակիցը Իբրահիմովին հարցրել է «Ալիեւի վարչակարգի այլ հատկանիշների՝ թափանցիկության, քաղաքացիական ազատությունների բացակայության եւ ընդդիմության ակտիվիստների կալանավորման մասին», նա տվել է բոլոր օլիգարխներին հատկանշական պատասխանը. - «Ես քաղաքականության մասին ոչինչ չգիտեմ»:

Ամերիկացի լրագրողն իր հոդվածում անարգանքի խոսքեր էր գրել ոչ միայն Իբրահիմովի, այլ նաեւ նրա երկրի մասին. Ադրբեջանը «չի կառուցում այն, ինչ ամբողջ աշխարհին է պետք եւ չունի համաշխարհային ճանաչում ունեցող համալսարաններ: Սակայն, այն ունի նավթ»: Իր երկրորդ հոդվածում, Սավոդնիկը եզրափակում է. - «Բոլոր ապակիների, պողպատի եւ նեոնային լույսերի ներքո, այն [Ադրբեջանը] շարունակում է մնալ որպես բռնատիրական երկիր»:

Առաջին անգամ չէ, որ «Նյու Յորք Թայմս»-ը Ադրբեջանին մերկացնող հոդված է հրապարակում: 2003 թ. հոկտեմբերի 27-ին թերթն իր խմբագրականում գրել էր. - «Գործարար, «փլեյբոյ» եւ նորելուկ քաղաքական գործիչ Իլհամ Ալիեւը գեղեցիկ նվեր ստացավ իր հորից՝ Ադրբեջան երկիրը: Հեյդար Ալիեւը մշտապես, համարյա 34 տարի ղեկավարել էր Ադրբեջանը, սկզբում որպես Խորհրդային քաղբյուրոյի գործիչ, այնուհետեւ որպես բռնակալ: Երբ խիստ հիվանդության պատճառով նա այլեւս չէր կարող շարունակել, նա օծեց որդուն՝ իր փոխարեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Իլհամ Ալիեւն օգտագործելով պետության բոլոր լիազորությունները, կեղծիքներով լի քարոզարշավ ծավալեց, իսկ այնուհետեւ տոնեց իր հաղթանակը՝ ձերբակալելով ընդդիմության մեծ մասին»:

«Նյու Յորք Թայմս» թերթը եզրափակել էր իր խիստ քննադատական խմբագրականը` հորդորելով Միացյալ Նահանգներին «հեռավորություն պահել նախագահ Ալիեւից եւ խուսափել նավթային հարստությունների վրա բազմած բռնակալներին աջակցելու անհաջող պատմության կրկնությունից»: Ցավոք, այս նախազգուշացումն անուշադրության մատնվեց Միացյալ Նահանգների իրար հաջորդող վարչակազմերի կողմից:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG