Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ողջունում է առաջընթացը հայաստանյան ընտրություններում


Քեթրին Էշթոն եւ Շտեֆան Ֆյուլե, արխիվ
Քեթրին Էշթոն եւ Շտեֆան Ֆյուլե, արխիվ
Եվրամիությունը ողջունում է Հայաստանում նախագահական վերջին ընտրություններում արձանագրված առաջընթացը, միեւնույն ժամանակ՝ կոչ է անում արձագանքել առկա մտահոգություններին ու բարեփոխել ընտրական օրենսդրությունը։ Այդ մասին ասվում է Եվրամիության փոխնախագահ, արտգործնախարար Քեթրին Էշթոնի եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ այսօր տարածած հայտարարության մեջ։

Հաշվի առնելով ընտրությունների նախնական արդյունքները, ինչպես նաեւ միջազգային դիտորդների հրապարակած գնահատականները՝ պաշտոնական Բրյուսելը հայտարարում է. - «Մենք ողջունում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակել են առաջընթաց արձանագրել այս ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու իրենց ջանքերում»։

Եվրոպացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ հայտարարությունը փաստում է, որ այս ընտրություններում հատկապես բարեփոխվել է ընտրական գործընթացի վարչարարությունը, երաշխավորվել է բոլոր թեկնածուների՝ ազատորեն քարոզարշավ իրականացնելու իրավունքը, բարելավվել է ընտրացուցակների որակը։

«Միեւնույն ժամանակ, արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Էշթոն եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Ֆյուլեն ակնկալում են, որ առաջիկայում Հայաստանի իշխանությունները պատճաշ կարգով արձագանքեն մի շարք ակնառու մտահոգությունների, այդ թվում՝ հանրային ծառայողների կողմնակալության, վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ հաղորդումներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է Ֆյուլեի խոսնակ Պիտեր Ստանոն եւ հավելում. - «Մենք նաեւ քաջալերում ենք Հայաստանի իշխանություններին սկսել ընտրություններին վերաբերող օրենքները բարեփոխելու համապարփակ եւ թափանցիկ գործընթաց՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդների տված հանձնարարականներին համապատասխան»։

Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը հետաքրքրվել է, թե արդյոք այս գնահատականից հետո Հայաստանը կարող է ակնկալել առավել մեծ աջակցություն եվրոպական կառույցներից։ Ի պատասխան` եվրոպացի պաշտոնյան հորդորել է մի փոքր սպասել։ «Հաջորդ ամիս՝ մարտին, մենք կհրապարակենք մեր հերթական զեկույցը՝ Հարեւանության անդամ երկրներից յուրաքանչյուրի, այդ թվում՝ Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, եւ այդ ժամանակ ձեր հարցի պատասխանն առավել հստակ կլինի», - ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Պիտեր Ստանոն։

Ընտրությունների լավ կազմակերպումը ողջունող հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի ամենամեծ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Վիլֆրիդ Մարտենսը, ով նաեւ շնորհավորել է Սերժ Սարգսյանին` հաղթանակի կապակցությամբ։ «Ես ուրախ եմ, որ այս ընտրությունները լավագույնն էին երկրում անցկացված ընտրությունների մեջ եւ մեծամասամբ համապատասխանում էին միջազգային չափանիշներին», - հայտարարել է ԵԺԿ-ի նախագահը եւ վստահություն հայտնել, թե Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը է՛լ ավելի կընդլայնվի Սերժ Սարգսյանի նախագահության ներքո։

«Ավելին, Հայաստանն այժմ իրական մոդել է Արեւելյան գործընկերության անդամ մյուս երկրների համար, հաշվի առնելով հաջող բանակցությունները Եվրամիության հետ՝ Ասոցիացման համաձայնագրի շուրջ։ ԵԺԿ-ն լիովին սատարում է Հայաստանի եվրոպական ուղին, քանի որ մենք կիսում ենք միեւնույն ժառանգությունը, նույն արժեքները եւ, վստահորեն, կիսելու ենք նաեւ միեւնույն ապագան», - ասվում է կուսակցության ղեկավարի տարածած հայտարարության մեջ։

Մարտենսը նաեւ շնորհավորել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ լավ քարոզարշավի եւ ընտրություններում արձանագրած տպավորիչ արդյունքի համար։

Հիշեցնենք, Հայաստանից երեք կուսակցություն` Հանրապետականը, «Ժառանգություն»-ը եւ «Օրինաց երկիր»-ը, 2012-ից դիտորդ անդամի կարգավիճակ ունեն Եվրոպական ժողովրդական կուսակցությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG