Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց «հանուն Հայաստանի Հանրապետության»


Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է նախագահական ընտրություններում, Երեւան, 18-ը փետրվարի, 2013թ.
Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է նախագահական ընտրություններում, Երեւան, 18-ը փետրվարի, 2013թ.
Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր քվեարկեց «հանուն Հայաստանի Հանրապետության»:

Տեր-Պետրոսյանը քվեարկեց այն նույն ընտրատեղամասում, որտեղ ավելի վաղ քվեարկել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուշագրավ է, որ առաջին նախագահի քվեարկության ժամը մինչեւ վերջին պահը գաղտնի պահվեց: ՀԱԿ-ից հրաժարվում էին հստակ ասել, թե ի վերջո Տեր-Պետրոսյանը քվեարկելու է, թե` ոչ: Սակայն ՀԱԿ-ի ղեկավարը եկավ Սպանդարյանի անվան դպրոց եւ քվեարկությունից հետո կատակեց, թե ափսոս օրենքը թույլ չի տալիս, հակառակ դեպքում միանգամից յոթ թեկնածուների օգտին էլ կքվեարկեր:

«Մեծ սիրով յոթին էլ կքվեարկեի: Յոթն էլ արժանիից ավելի են», - ասաց նա:

Տեր-Պետրոսյանը հակաքարոզչությունից խուսափելու նպատակով հրաժարվեց որեւէ գնահատական տալ Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական կարգախոսին: Այսօր ավելի վաղ գործող նախագահը հայտարարել էր, թե քվեարկում է «ապահով Հայաստանի համար»:

«Ինձ թվում է, էլի հակաքարոզչություն կլինի, եթե ես այդ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսի մասին որեւէ բան ասեմ», - ասաց Տեր-Պետրոսյանը:

Ի պատասխան լրագրողների հարցերին, թե ինչպե՞ս է գնահատում ՀԱԿ-ի ակտիվիստների նախաձեռնությունը, համաձայն որի նրանք ընտրողներին կոչ են անում քվեաթերթիկը անվավեր դարձնել, առաջին նախագահն ասաց, թե դա էլ է քաղաքացու իրավունքը:

«Սահմանադրության մեջ դա չի արգելված: Ես ամեն ինչին կողմ եմ, եթե չի արգելված, ինձ չեք կարող բռնացնել», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG