Մատչելիության հղումներ

Մուկուչյան. «Բոլոր թեկնածուների համար լիարժեք ապահովվեցին ազատ հնարավորություններ»


Տեսակետների խաչմերուկ, 16 փետրվարի, 2013
please wait

No media source currently available

0:00 0:22:41 0:00
«Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» ծրագրի հյուրը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն է։

«Ազատություն». - Քարոզարշավն արդեն ետեւում է։ Այս անգամ շատ, մի տեսակ, յուրօրինակ քարոզարշավ տեղի ունեցավ` մի շարք նորարարական էլեմենտներով, մեզ ոչ այնքան հայտնի։ Դուք ինչպե՞ս կգնահատեիք այս քարոզարշավի ընթացքը` ինչպես զուտ իրավական տեսանկյունից, այնպես էլ` առհասարակ, Ձեր գնահատականը ո՞րն է ։

Տիգրան Մուկուչյան. - Ընդհանուր առմամբ, իհարկե, այս անգամ քարոզարշավը որոշակի առանձնահատկություններ ունեցավ, սակայն պետք է նկատել շատ կարեւորագույն մի հանգամանք` որ, համենայն դեպս, քարոզարշավի ընթացքում բոլոր թեկնածուների համար լիարժեք ապահովվեցին ազատ հնարավորություններ` ներկայացնելու իրենց տեսակետները, իրենց մոտեցումները։ Կարծում եմ, թեկնածուները բոլորն ունեցան հնարավորություններ հանրության հետ շփվելու, օգտվելու զանգվածային լրատվամիջոցների ծառայություններից։

Պետք է նկատել, որ անգամ իրականացված մոնիտորինգները հենց փաստում են այն հանգամանքը, որ թեկնածուները կարողացել են իրենց ասելիքը ազատորեն տեղ հասցնել։

Եվ, թերեւս, քարոզարշավի գնահատման տեսանկյունից` զուտ իրավական առումով, առավել քան կարեւորվում է նշված խնդիրը, այսինքն` արդյո՞ք նրանք ունեին հավասար հնարավորություններ։ Կարծում եմ` այդ հարցի պատասխանը միանշանակ է։

Իսկ ձեւերի ընտրությունը, իհարկե, յուրաքանչյուր թեկնածու ինքն է որոշում։

«Ազատություն». - Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ նախագահի թեկնածուներից առնվազն երկուսը հայտարարել են արդեն իսկ, որ չեն ընդունելու այս ընտրությունների արդյունքները, անգամ եթե հաղթողը իրենք ճանաչվեն։

Տիգրան Մուկուչյան. - Գիտեք, խնդիրը կայանում է հետեւյալում, որ համենայն դեպս, նման հայտարարություններ մենք լսում էինք անգամ այն ժամանակ, երբ չկային նույնիսկ թեկնածուներ, երբ դեռ ընտրապայքարը չէր սկսվել, նմանատիպ հայտարարություններ արվում էին։

Ես կարծում եմ` ցանկացած պարագայում նշված հայտարարությունները ընդամենը պետք է որակվեն քաղաքական հայտարարությունների համատեքստում, որովհետեւ եթե մենք խոսում ենք իրավական գործընթացի մասին, ապա ընտրական գործընթացի արդյունքում եթե առկա են լինում ինչ-ինչ անճշտություններ, ինչ-ինչ սխալներ, թերացումներ եւ այլն, եւ, մեծ հաշվով, եթե ինչ-որ մեկը համաձայն չի լինում արդյունքների հետ, նրան տրված է վիճարկման հնարավորությունը։ Եվ ես կարծում եմ` ունենալով բավականին լայն հնարավորություններ` տեղամասերում վերահսկելու ընտրական գործընթացը, թեկնածուները իրենք եւս պետք է օգտվեն այդ հնարավորությունից` իրականացնելով հասարակական վերահսկողություն ամբողջ գործընթացի նկատմամբ, եւ գործընթացի ժամանակ ի հայտ եկած հանգամանքների հիման վրա պետք է արվեն դատողությունները։

Հիմա, տեսեք, այսօր խոսվում է այդ հանգամանքների վերաբերյալ, բայց եթե մենք նայում ենք փաստերին, ապա փաստերով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջ քարոզարշավի ընթացքում ստացել է ընդամենը չորս դիմում, երկու անգամ սեփական նախաձեռնությամբ է իրականացրել վարույթներ` նկատի ունենալով տարբեր լրատվական կայքերում զետեղված տեղեկությունները տարաբնույթ խախտումների, շեղումների, թերացումների վերաբերյալ։

«Ազատություն». - Նման դեպքերում քննում եք կոնկրետ դիմումնե՞րը, թե՞ նաեւ լրատվամիջոցների ահազանգերը ձեզ համար հիմք են, որովհետեւ, մասնավորապես, թեեւ ասվում է, որ այս անգամ ընտրակաշառքներ կամ չկան, կամ շատ քիչ են, բայց վերջին օրերին մասնավորապես Գյումրիում նման փաստերի հետ կապված «Գալա» հեռուստաընկերությունն է ահազանգ հնչեցրել։ Դուք հետեւո՞ւմ եք այդ ահազանգերին, ինչ-որ վարույթներ հարուցվե՞լ են։

Տիգրան Մուկուչյան. - Միանշանակ։ Այսինքն, մենք միայն չենք բավարարվում, այսպես ասենք, ստացվող դիմումներով, որովհետեւ դիմումների առումով, ինչպես նշեցի, ընդամենը չորս դիմում է ստացվել հանձնաժողովում, որոնք բոլորն էլ քննարկվել են։ Բացի դրանից, երկու դեպքում հանձնաժողովը ինքը սեփական նախաձեռնությամբ հարուցել է վարույթ, եւ այդ վարույթների հարուցման հիմքն է հենց հանդիսացել տարբեր զանգվածային լրատվամիջոցներով ներկայացվող տարբեր հաղորդումները, տեղեկությունները եւ այլն։ Նույնիսկ այդ վարույթների շրջանակներում հրավիրել ենք համապատասխան անձանց, վերջիններիս հետ իրականացրել ենք վարչական լսումներ` փորձելով լիարժեք բացահայտել փաստական հանգամանքները, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր պարագայում այդ խախտումների վերաբերյալ համապատասխան վերաբերմունքներ դրսեւորելու։

Բացի այդ, այս ամբողջ ժամանակահատվածում, Երեւան քաղաքում մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ միասին իրականացրել են շրջայցեր` հետեւելով քարոզչական պաստառների փակցմանը։ Բոլոր այն պաստառները, ի դեպ, դրանք, թերեւս, հանդիպել են երեւի թե բոլոր թեկնածուների մոտ, ովքեր որ ունեն քարոզչական պաստառներ, հայտնաբերվել են պաստառներ, որոնք եղել են փակցված ոչ թույլատրելի վայրերում` դրանք բոլորը հեռացվել են։

Մարզերում այս աշխատանքներն իրականացվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների եւ համապատասխան համայնքի ղեկավարների մասնակցությամբ...

«Ազատություն». - Կոնկրետ այդ ահազանգերի մասին. զանգում են, ասում են, որ «մեզ ընտրակաշառք են խոստացել»։

Տիգրան Մուկուչյան. - Կոնկրետ ահազանգերով։ Ես կցանկանայի նշել մեկ դիմումի քննություն, որի պարագայում եւս մեջբերվում էին նման հանգամանքներ։

Գիտեք, ցանկացած պարագայում, որպեսզի հանձնաժողովը եւս իրավասու լինի որոշակի գործառույթներ իրականացնել, որոշակի` գոնե շատ փոքր փաստական հանգամանքների անհրաժեշտություն կա, այսինքն, գոնե` ո՞վ է հաղորդել այդ տեղեկությունը, ո՞ր հատվածին է վերաբերում, որտե՞ղ է տեղի ունեցել, ինչը հնարավորություն կտա որոշակիացնել եւ փորձել դրա նկատմամբ նաեւ համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ու շատ տարօրինակ է, երբ, օրինակ, նման հայտարարություն ներկայացվում է, սակայն երբ հարցը հասնում է կոնկրետ` թեկուզ մեկ փոքր փաստ տրամադրելուն, հրաժարվում են փաստեր տրամադրել։

Բայց, այս ամբողջ ընթացքում հնչեցված բոլոր ահազանգերով` ոչ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նաեւ` Ոստիկանությունը, ինչի մասին նաեւ նրանք են պարբերաբար տեղեկություններով հանդես գալիս, անգամ նման հաղորդումներ ստանալով ԶԼՄ-ներից, տարբեր թեկնածուների ներկայացուցիչներից եւ այլն, անմիջապես դրանցով համապատասխան վարույթներ են իրականացվում, նյութեր են նախապատրաստվում։ Այսինքն` չկա թերեւս որեւէ հաղորդում, որը պատշաճ արձագանք չստանա պետական պատկան մարմինների կողմից։

«Ազատություն». - Որեւէ պատժի դեպք կա՞ կոնկրետ։

Տիգրան Մուկուչյան. - Գիտեք, արարքը պետք է ըստ էության հաստատվի, որպեսզի հնարավոր լինի խոսել պատժի մասին։ Համենայն դեպս, մինչ օրս ես երբ հետեւում եմ, օրինակ, նույն ընտրակաշառքների հետ կապված, մինչ օրս անգամ զանգվածային լրատվամիջոցներով երբ ներկայացվում են նման տեղեկություններ, անկեղծ, ինձ չի հանդիպել որեւէ տեղեկատվություն, որտեղ գոնե փոքրիշատե կլինեին փաստեր, ենթադրենք, հաղորդման ներկայացնողի հիմքերի վերաբերյալ, դեպքի ավելի մանրամասն հանգամանքներ։ Եվ քանի որ այս հանգամանքները չկան, իհարկե, դրանց բոլորով Ոստիկանությունը պատշաճ վարույթներ իրականացնում է, եւ, բնականաբար, հենց այդ վարույթների շրջանակներում պետք է փորձեն այդ փաստական հանգամանքները լիարժեք բացահայտեն եւ, իհարկե, եթե հնարավոր լինի բացահայտել, միաժամանակ անխուսափելի կլինի պատիժը։

«Ազատություն». - Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ընդդիմադիրների, դիտորդների, առհասարակ` քաղաքացիների հիմնական մտահոգության առարկաներից մեկը մնում է շրջիկ խմբերի գործունեությունը։ Կխնդրեի պարզաբանեիք` ի՞նչ մեխանիզմներ են գործելու, որոնք կերաշխավորեն այդ ընթացքում նման խախտումների բացառումը։

Տիգրան Մուկուչյան. - Նախ, առաջին կարեւորագույն խնդիրը հետեւյալն է, որ եթե ընտրողը գալիս է ընտրական տեղամաս եւ պետք է քվեարկի, նրա անունը պետք է լինի ընտրողների ցուցակում։

Ընտրողների ցուցակները հրապարակված են, ավելին` դրանք ներբեռնման հնարավորությամբ հրապարակվեցին։ Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շուրջ արդեն երկու շաբաթ է, որ նոր, այսպես ասենք, ծառայություն նաեւ, ըստ էության, ներկայացվեց ընտրողներին, եւ վերջիններս կարողանում են կոնկրետ իրենց հասցեով պարզել` ովքեր են հաշվառված իրենց բնակարանում։ Նախկինում եւս կար այս հնարավորությունը, բայց մի քիչ ավելի բարդ էր` պետք էր այցելել Ոստիկանության կայքէջ, այդտեղից պարզել, հիմա ավելի պարզեցված է։

Այսինքն, այս ամենի արդյունքում, ինչպես նաեւ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, համենայն դեպս, կարող ենք փաստել մի բան` որ առկա չէ դեպք, երբ նույն անձը միաժամանակ լինի երկու տարբեր ընտրական տեղամասերի ցուցակներում։ Այսինքն, նշանակում է` երբ մարդը մտնում է ընտրական տեղամաս, պետք է ստուգվի անձնագիրը, նրա տվյալները համադրվեն ընտրողների ցուցակի տվյալներին։ Ընտրական տեղամասերում այդ ամբողջ գործընթացին հետեւում են ԶԼՄ ներկայացուցիչներ, վստահված անձինք, դիտորդներ։ Այսինքն, այս ամբողջ գործընթացը հրապարակային գործընթաց է, եւ եթե որեւէ մեկը փորձ կատարի մտնել մեկ այլ տեղամաս, փորձել քվեարկել, միայն փորձը արդեն իսկ հանցագործություն է։

Այս մասին բազմիցս ենք ասել, եւ այս անգամ եւս ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների ուսուցման ժամանակ այս խնդիրները առավել քան մանրամասն դետելացված ներկայացվել են վերջիններիս, որ ցանկացած նման դեպքի պարագայում անմիջապես հետեւելու է հետեւանքը։

«Ազատություն»․ - Եվս մի մտահոգություն, որ մասնավորապես վերջին շաբաթում արտահայտեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը, վկայակոչելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների եզրակացությունը, նշելով, որ իշխանությունները անելիք ունեն երկու ոլորտներում՝ ընտրակաշառքներ, որի մասին արդեն խոսեցինք, եւ երկրորդը՝ վարչական եւ կուսակցական ռեսուրսի միախառնումը։ Ահա այս կապակցությամբ ահազանգերը շարունակվում են, այդ փաստերը՝ վարչական ռեսուրսի կիրառման, արձանագրված էին նաեւ մեր ռադիոկայանի տեսանյութերում, եւ ահազանգեր կային անգամ դպրոցներում ծնողական ժողովների մասին, որոնց ընթացքում տնօրեններն ու ուսուցիչները բացահայտ քարոզչություն էին իրականացնում։ Գիտեմ, որ ասելու եք, որ կրթության եւ գիտության նախարարը արձագանքել է նման դեպքերին։ Բայց միայն այն դեպքերում, երբ որ եղել է հստակ տեսանյութ, իսկ մյուս դեպքերո՞ւմ։

Տիգրան Մուկուչյան․ - Գիտեք, ցանկացած պարագայում, երբ լինում է տեղեկատվություն, այդ տեղեկատվության հետ կապված բնականաբար ուսումնասիրվում են փաստերը, եւ եթե փաստերը հաստատվում են, միշտ էլ հետեւել է հետեւանքը։ Իհարկե, այս անգամ մենք եւս տեղեկացված ենք, որովհետեւ նաեւ Ձեր ռադիոընկերության կողմից էին համապատասխան ուսումնասիրություններ իրականացվում, շատ օպերատիվորեն ներկայացվում էր տեղեկատվությունը, եւ դեռեւս դժվարանում եմ հիշել գեթ մեկ դեպք, երբ այդ տեղեկությունները պատշաճ կարգով քննության առարկա չհանդիսանային համապատասխան մարմինների կողմից։

Այս ընթացքում աշխատանքը չի բավարարվել բացառապես ԶԼՄ-ների կողմից ներկայացված տեղեկություններով։ Եթե անգամ եղել են ահազանգեր, նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եղել են, օրինակ, ահազանգեր, անգամ անանուն ահազանգեր։ Նույնիսկ այս պարագայում բոլոր պատկան մարմինների միջոցով փորձել ենք պարզել փաստական հանգամանքները։ Երբ հնարավոր է եղել ապահովել որոշակի ապացույցներ, հավաքել, թեկուզ բավարար չափով ունենալ ապացույցներ, որոնք հնարավորություն են տալիս պնդելու, որ տեղի է ունեցել այս կամ այն անթույլատրելի գործողությունը, պատիժը եղել է անխուսափելի։

«Ազատություն»․ - Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմել էր նախագահի թեկնածուներից մեկը, նշելով իր մտահոգությունները, որ այս ընտրությունները եւս կարող են կեղծվել Հայաստանից հեռացած քաղաքացիների ձայները ապօրինաբար հօգուտ թեկնածուներից մեկի հավաքագրելու միջոցով։ Եվ նա վկայակոչել էր տվյալներ, որ Հայաստանը լքել է մոտ 1.5 միլիոն մարդ, եւ հաշվի առնելով նաեւ ընտրական համակարգի նկատմամբ մթնոլորտը, վստահություն էր հայտնել, որ ընտրությունների օրը Հայաստանում է գտնվելու ընտրացուցակներում գրանցված ընտրողների հազիվ մոտ 50 տոկոսը եւ քվարկությանը իրականում կմասնակցի 1 միլիոնից էլ պակաս ընտրող։ Նրա դժգոհությունն էր, որ թեեւ երկու անգամ դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, առաջարկելով, որ կանխի ընտրակեղծարարությունը, իշխանությունը մերժեց ընտրությունների օրինականությունը եւ արժանահավատությունը ապահովող այս պահանջի բավարարումը։

Տիգրան Մուկուչյան․ - Երբ որ արդեն մի դիմումը ներկայացվել է մեկ անգամ, երկրորդ դիմումը, եթե նա համաձայն չէ առաջին դիմումի վերաբերյալ կայացված որոշման հետ, գոյություն ունի ընթացակարգ, որով պետք է դիմել դատարան եւ դատական կարգող վիճարկել ԿԸՀ-ի որոշումը։ Եթե արդեն վարչական մարմինը հայտնել է իր իրավական դիրքորոշումը, ընդհանրապես անընկալելի է կրկին անգամ ներկայացնել դիմում։ Վիճակում չէր եղել։ Այսինքն, կար ԿԸՀ-ի իրավական ակտ, որը իրավաչափ որոշում էր, որովհետեւ հակառակի վերաբերյալ դատական ակտ գոյություն չուներ։ Եվ այս պարագայում այն պահանջը, որը ձեւակերպվել էր երկրորդ դիմումով, ինքը հենց ձեւակերպել էր այնպես, որպեսզի վարույթը չկարճվեր, որովհետեւ եթե պահանջը լիներ իդենտիկ, իհարկե վարույթի կարճում կլիներ։

ԿԸՀ-ն, այնուամենայնիվ, փորձելով հասկանալ ներկայացված պահանջը, ընկալելի դարձավ, որ թերեւս նորից խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից բացակայող քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունների հրապարակմանը։ Նախ՝ նման տեղեկություններ հրապարակելու պարտականություն ԿԸՀ-ն չուներ։ Բացի դրանից, նման տեղեկությունների ԿԸՀ-ն չի տիրապետում։

Այստեղ ամբողջ խնդիրը հետեւյալն է․ եթե քաղաքացին բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, եւ վերջինիս անունը առկա է ընտրողների ցուցակում, այստեղ որեւէ խնդիր չկա, որովհետեւ մեր ցուցակները կազմում են` հիմքում ունենալով Բնակչության պետական ռեգիստրի տվյալները։ Այս պարագայում խնդիրը կայանում է այլ տեղ․ որպեսզի այն անձը, ով տվյալ պարագայում չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, վերջինիս փոխարեն որեւէ մեկը չկարողանա քվեարկությանը մասնակցել։ Այս խնդիրները իրար հետ, ըստ էության կապված չեն, որովհետեւ եթե անգամ անձը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, բայց չի գալիս քվեարկության, միեւնույն է, նրա փոխարեն չի կարող որեւէ այլ քաղաքացի քվեարկել։ Այսինքն, ամեն դեպքում մենք գործ ունենք քրեական հանցագործության հետ։

Իսկ ինչպե՞ս իրականացնել վերահսկողություն նշված գործընթացի վերաբերյալ։ Տեսեք՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնք ձեւավորվում են խորհրդարանական խմբակցություններ ունեցող կուսակցությունների կողմից, վստահված անձինք, որոնք լինում են տեղամասային կենտրոններում, ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ՝ բոլորը հնարավորություն ունեն հետեւելու գործընթացին։ Այս բոլորը այնքան լայն հնարավորություններ են, որի պարագայում ցանկացած նման դրսեւորում անմիջապես ի հայտ կգա եւ համապատասխան պատժի կարժանանա։

«Ազատություն». - Պարոն Մուկուչյան, այս անգամ տեղական դիտորդների թիվը կտրուկ նվազել է: Ի՞նչ եք կարծում, սա կարո՞ղ է վերահսկման խնդրում ինչ-որ հարցեր առաջացնել:

Տիգրան Մուկուչյան. - Նախ ուզում եմ փաստել հետեւյալը` այս անգամ մենք ունենք 26 հասարակական կազմակերպություններ, որոնց անունից դիտորդական առաքելություն են իրականացնելու 6 հազարից ավելի քաղաքացիներ: Միջազգային կազմակերպությունները ունեն շուրջ 600 դիտորդ: Ինչ վերաբերում է տեղական հասարակական կազմակերպություններին, պետք է նկատել, որ նախորդ անգամ մենք ունեինք ավելի մեծ թվով տեղական կազմակերպություններ, որ մասնակցում էին գործընթացին, բայց արդյունքում մենք ունեցանք շատ եզակի եզրակացություններ, որոնք ներկայացվեցին այդ կազմակերպությունների կողմից:

Նախ ուզում փաստել, որ չկա որեւէ դիմում, երբ դիմած դիտորդական առաքելություն իրականացնելու եւ մերժված լինի: Չկա որեւէ դիտորդ, որի նկատմամբ ինչ-որ սահմանափակումներ կիրառած լինեն:

Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր հասարակական կազմակերպությունների կողմից մասնակցությանը, իհարկե, կան որոշ դեպքեր, երբ այս կամ այն կազմակերպությունը ուղղակիորեն չի ցանկացել մասնակցել այս գործընթացին, բայց չպետք է մոռանանք, որ նախորդ անգամ բավականին բացասական երեւույթի հետ շփվեցինք: Մենք ունեինք հասարակական կազմակերպություններ, որոնք ըստ էության, տեղամասերում ավելի շատ ապահովում էին այս կամ այն կուսակցության ներկայացված լինելու խնդիրը: Այսինքն, հասարակական կազմակերպություններ էին, որոնք ուղղակի մասնակցություն ունեին այդ գործընթացին` պայմանավորված այս կամ այն քաղաքական ուժի մասնակցությամբ: Պետք է անկեղծ լինել եւ այս մասին ասել: Եվ այժմ երբ քաղաքական ուժը չի մասնակցում, հասարակական կազմակերպությունների մի մասը ընդհանրապես չցանկացան մասնակցել այդ գործընթացին:

«Ազատություն». - Արդեն իսկ հրապարակված եզրակացությունների մեջ կան քննադատական երանգներ: Մասնավորապես, ամենաշատը դիտորդներ հավատարմագրած «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը արձանագրել է ցուցակային անճշտություններ` ոչ զանգվածային բնույթի, առանձին դեպքերում ՏԻՄ ղեկավարների հակաիրավական մասնակցություն քարոզչական գործընթացներին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը արձանագրել է, որ ԿԸՀ-ն ընդունել է որոշում, որ նախընտրական շտաբի տարածքի վարձավճարը չի համարվում քարոզարշավի համար նախատեսված ծախս եւ հայտարարագրման ենթակա չէ: Ի՞նչ եզրակացություն եք ակնկալում այս քվեարկության վերաբերյալ: Համարո՞ւմ եք, որ եղած պատկերը հիմք տալիս է դրական եզրակացությունների, թե՞ այս քննադատությունները կարող են շարունակվել:

Տիգրան Մուկուչյան. - Նախ մեր որոշման մասին, որ վկայակոչեցիք. նախ ասեմ, որ ԿԸՀ-ն այսօր չի ընդունել այդ որոշումը, այդ որոշումը առկա էր նաեւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այսինքն` այդ որոշման մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այնպես որ, ինչ-որ նոր բան չի հայտնաբերվում կամ էլ նոր բան ԿԸՀ-ն չի ընդունել: ԿԸՀ-ի իրավական դիրքորոշմանը բոլորն են ծանոթ եղել եւ եթե համակարծիք չէին, կարող էին վիճարկել այն:

Ինչ վերաբերում է արձանագրված այդ թերացումներին` դրանք կարեւոր նշանակություն են ունենում աշխատանքի կատարելագործման առումով, բայց պետք է նկատել, որ նախկինում ներկայացված այդ եզրակացություններում առկա առաջարկությունները, դիտողությունները, այս ամեն ինչը եղել է մանրամասն ուսումնասիրման եւ քննարկման առարկա: Ձեռնարկվել են հսկայածավալ աշխատանքներ, կազմակերպված ուսուցումների ժամանակ հիմնական շեշտադրումներն արվել են հենց այդ հարցադրումների վրա, որպեսզի նկատված թերացումները այս անգամ բացառվեն, որովհետեւ դրանք հիմնականում նկատվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներում:

Կարծում եմ, որ իրականացված դասընթացները, որոնց մասնակցեցին շուրջ 16 հազար քաղաքացիներ, այս գործընթացը եւս մեծապես կնպաստի հանձնաժողովի անդամների իրավագիտակցության բարձրացմանը, Ընտրական օրենսգրքին ավելի քաջատեղյակ լինելուն, եւ թերեւս կարծում եմ նաեւ, որ այս ընթացքում իրականացված ամբողջ աշխատանքը չի կարող ուղղակի աննկատ մնալ դիտորդների աչքից:

Հարցազրույցը ներկայացված է մասնակի կրճատումներով։ Այն ամբողջությամբ կարելի է դիտել կից տեսանյութում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG