Մատչելիության հղումներ

Թեկնածուների շտաբերը՝ քարոզչության վերջին օրը


Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի նախընտրական կենտրոնական շտաբում աշխատանքները համակարգում էին շտաբի պետի տեղակալն ու մամուլի պատասխանատուն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ եւ թեկնածուի կենտրոնական ընտրական շտաբի պետի տեղակալ Վարդան Մարգարյանի խոսքով այսօր, քարոզչության վերջին օրը, իրենք ամփոփիչ նախապատրաստական աշխատանքներն են իրականացնում վստահված անձանց հետ: Փորձում են արդյունավետ օգտագործել ժամանակացույցով հատկացված ժամանակահատվածը, ասում է Մարգարյանը:

«Հայտնի իրադարձությունները եւս իրենց կնիքը թողեցին քարոզարշավի վրա, որովհետեւ ի սկզբանե ժամանակը շատ սուղ էր, ու դրա հետ կապված ահաբեկչական մթնոլորտը, անհասկանալի մթնոլորտը եւս որոշակիորեն կրճատեցին պոտենցիալ ընտրողներկ, բնակչության հետ հանդիպումների ընթացքը», - նշեց շտաբի ներկայացուցիչը, հավելելով, որ այդուհանդերձ իրենք պատրաստ են մասնակցել երկուշաբթի օրը նախանշված ընտրություններին:

Հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում չէին դադարում հեռախոսազանգերը, շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շարունակում են աշխատել բնականոն հունով․ - «Ամենակարեւոր աշխատանքը, իհարկե, մոբիլիզացնել ընտրազանգվածը, որովհետեւ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, բնականաբար, նպատակներից մեկն էր նաեւ պարզել, թե որն է մեր ընտրազանգվածը եւ ապահովել, որ մեր ընտրազանգվածը հանկարծ չթուլանա, չհամարի, որ մենք հաղթել ենք, ինչը շատ հաճախ հանդիպող սխալ է նախընտրական ժամանակահատվածում, եւ ապահովել, որպեսզի նրանք իսկապես գնան ընտրությունների ընտրության օրը»։

Ի պատասխան հնչող քննադատությունների, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչապաստառները նկատվել են գյուղապետարաններում, Դավիթ Հարությունյանը ասաց․ - «Դա անթույլատրելի է իսկապես, եւ բոլոր այն դեպքերը, որ մենք բացահայտում ենք, կամ բացահայտում են մեր ընդդիմախոսները, բոլոր այդ դեպքերում մենք անմիջապես արձագանքում ենք»։

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի շտաբի աշխատակիցները հիմնականում հանդիպումների էին, իսկ ովքեր էլ մնացել էին կենտրոնական շտաբում, փորձում էին ավարտին հասցնել կիսատ մնացած գործը:

«Այս դիսկերն ենք գրում, ֆիլմեր են սրանք Պարույր Հայրիկյանի անցած ուղու վերաբերյալ։ Այսօրվա ընթացքում հանրահավաք էլ ունենք, այնտեղ էլ կբաժանենք», - մեզ հետ զրույցում ասաց շտաբի աշխատակիցներից մեկը՝ հավելելով, թե շատ բաներ չեն հասցնում, քանի որ Հայրիկյանի դեմ մահափորձը «շատ բանի խանգարեց»։

Նախագահի թեկնածու Անդիրաս Ղուկասյանի կենտրոնական նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը թեկնածուի կողքին էր, այնտեղ, որտեղ հացադուլ է անում Անդրեաս Ղուկասյանը:

«Մեր աշխատանքը ընդհանուր առմամբ համարում ենք այս պահին անավարտ։ Մեր պայքարը շարունակելու ենք, որպեսզի Հայաստանում վերջ դնենք շինծու ընտրություններին։ Չենք համարում ընտրություններում հաղթելը գլխավոր նպատակ այս պահին։ Այս պահին մեզ համար ամենագլխավոր խնդիրը մրցակցային ընտրությունների առկայությունն է Հայաստանում», - ասաց Գրիգորյանը։

Այցելեցինք նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական միակ շտաբը, զրուցեցինք հենց թեկնածուի հետ, ով այդ պահին շտաբում էր:

Մեր հարցին, թե՝ պատրա՞ստ եք ընտրություններին, նախագահի թեկնածու Արման Մելիքյանն ասաց, թե պատրաստ է նրան, որ ընտրություններ չեն լինելու, այլ լինելու է իշխանության վերարտադրություն:

Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, գործ շատ կա: Մեր այցելության պահին շտաբում եռուզեռ էր:

«Հիմնականում ամբողջ ծավալով մենք մեր աշխատանքը հասցրեցինք ավարտել, խոսքը վերաբերում է թե՛ հանձնաժողովի անդամներին նշանակելը, թե՛ վստահված անձեր հիմա հավաքագրում ենք նաեւ, գործընթացը դեռ չի ավարտվել», - մեկնաբանեց շտաբի խոսնակը։

Ըստ Խուրշուդյանի, քարոզարշավի ժամանակահատվածը կարճ է, դրա համար պետք է գոնե երկու ամիս:

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցումա ասաց, որ վատառողջ է, իսկ շտաբում ոչ ոք չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG