Մատչելիության հղումներ

Ստամբուլի կինոփառատոնում ներկայացվելու է հայ ռեժիսորի ֆիլմը


Ստամբուլի միջազգային կինոփառատոնի պաստառը, արխիվ
Ստամբուլի միջազգային կինոփառատոնի պաստառը, արխիվ
Այսօր Ստամբուլում մեկնարկում է 12-րդ միջազգային անկախ կինոփառատոնը, որ շարունակվելու է մինչեւ փետրվարի 24-ը:

Փառատոնային վերջին օրը 500 հոգի տեղավորող կինոդահլիճում ցուցադրվելու է նաեւ հայազգի ռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմը, որը ճանապարհորդություն է թե տարածության, եւ թե հատկապես ժամանակի մեջ: Ճանապարհորդությունը մեկ դար առաջվա Ստամբուլի, իսկ ավելի ճիշտ Պոլիսի որոնումներն են, այն քաղաքի, որից հեռացել էին ռեժիսորի նախնիները եւ որը ծանոթ էր Նիկոլ Բեզջյանին Հակոբ Պարոնյանի, Գրիգոր Զոհրապի եւ այլ արեւմտահայ գրողների գրքերից: Այս ֆիլմի գաղափարն էլ առաջացել է ռեժիսորի առաջին ճանապարհորդության ժամանակ, երբ ոտք դնելով անծանոթ Ստամբուլ` հանկարծ ծանոթ ու հարազատ Պոլիսն էր գտել:

Իր ապրած զգացողությունները Նիկոլ Բեզջյանը կարողացավ 64-րոպեանոց ֆիլմի վերածել մեկ տարի անց՝ 2010 թվականին, երբ ֆիլմ նկարահանելու առաջարկ ստացավ հայ - թուրքական կինոպլատֆորմից: Նախնական գաղափարը Հակոբ Պարոնյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» ստեղծագործության հետքերով գնալն էր:

Նկարահանելու ընթացքում գաղափարը փոփոխությունների է ենթարկվում, Հակոբ Պարոնյանի նկարագրած 30-ից ավելի թաղերից ռեժիսորը ընտրում է մեկը պտույտի համար՝ Օրթաքոյը: Իր առաջին ճանապարհորդությունից ապրած տպավորությունները ներկայացնում է սփյուռքահայ բանաստեղծ Սագո Արիանի միջոցով, ով հատուկ ֆիլմի համար ճանապարհորդություն է կատարում:

Ֆիլմի վերնագիրը՝ «Կոշիկներս Պոլիս ձգեցի», բառի բուն իմաստով պետք չէ հասկանալ, այն, ռեժիսորի խոսքով, բազմաթիվ հարցերի ու մտորումների տեղիք է տալիս, թե ո՞ւր են այդ կոշիկները հիմա, արդյոք թողնելուց հետո գնացե՞լ են այդ կոշիկները փնտրելու, արդյոք որեւէ մեկը գտե՞լ է դրանք:

Բացի այդ պարզվում է` այս վերնագիրը անգամ ռեժիսորի համար անսպասելի կերպով կապում է այս պատմությունը հենց այն սերունդին, որը հայկական ջարդերի պատճառով ստիպված է եղել լքել Ստամբուլը: Նիկոլ Բեզջյանը պատմում է, որ երբ նկարահանումների ժամանակ մտքում ծնվել է ապագա ֆիլմի վերնագիրը, նա իր թուրք ուղեկցորդներին ասել է այն թուրքերենով: Պարզվել է սակայն, որ ներկայումս Թուրքիայում «կոշիկ» բառի համար այլեւս չի գործածվում այն բառը, որը գործածել էր 100 տարի առաջ Պոլիսը լքած հայի թոռը:

«Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմի առաջին ցուցադրությունը եղել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG