Մատչելիության հղումներ

Նոր մանրամասներ Հրանտ Դինքի սպանության գործով


Թուրքիա - Ոստիկանները դատարան են ուղեկցում Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթին, արխիվ
Թուրքիա - Ոստիկանները դատարան են ուղեկցում Հրանտ Դինքի սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթին, արխիվ
Ստամբուլի դատախազությունը, որը հետաքննում է «Ակոս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը, փետրվարի 13-ին մի ծավալուն նամակ է ստացել բանտարկյալից, ով պնդում է, որ Դինքի սպանության հետ կապված տեղեկությունների է տիրապետում:

«Դողան» գործակալությունը հայտնում է, որ նամակագիր-տեղեկատուն, ով ներկայումս իր պատիժն է կրում Կենտրոնական Անատոլիայի Տոկատ գավառում, նամակում փաստաթղթեր է ներկայացրել Դինքի սպանության գործով եւ համաձայնել է համագործակցել քննության հետ, եթե իշխանությունները երաշխավորեն իր ընտանիքի անվտանգությունը:

Իր նամակում նոր տեղեկատվություն տվող այս անձը գրել է, որ սպանությունը ծրագրվել է մի խմբի կողմից, որի կազմում եղել է ինքը ու նաեւ Էրհան Թունջելը, ով աշխատել է Տրապիզոնի ոստիկանության համար՝ որպես ինֆորմատոր եւ ով ձերբակալվել էր Դինքի սպանությունից հետո:

Բանտարկյալը նամակում նշել է, որ մինչեւ սպանությունը ինքը եւ Թուջելը հերթապահել են «Ակոս» թերթի խմբագրատան առջեւ:

«Դողան»-ի տեղեկություններով՝ դատախազ Մուամեր Ակքաշը, ով հետաքննում է Դինքի սպանության գործը, երաշխավորել է այս տեղեկատվությունը հայտնած անձի եւ նրա ընտանիքի անվտանգությունը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրատան առջեւ՝ ծայրահեղ ազգայնական Օգյուն Սամասթի ձեռքով, ով 2011 թվականին դատապարտվեց մոտ 23 տարվա ազատազրկման:

Յասին Հայալը, ում դատարանը համարել է սպանության կազմակերպիչը, դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Ահաբեկչական խմբավորում ստեղծելու մեղադրանքով ձերբակալված 17 անձինք արդարացվել են, մեկի նկատմամբ դատարանը դեռ վճիռ չի կայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG