Մատչելիության հղումներ

Նախագահի ընտրություններին` խորհրդարանականից 5 անգամ քիչ դիտորդներ


Ընտրություններ Հայաստանում, արխիվ
Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Դիտարկման հին տեխնոլոգիաները «չեն տալիս այն հարցերի պատասխանը եւ այն գնահատականը երեւույթների, որոնք որ տեղի են ունենում», ասում է Հայաստանի առաջին օմբուդսմենը։

Փետրվարի 18-ին նշանակված Հայաստանի նախագահի ընտրությունները կդիտարկեն շատ ավելի փոքր թվով տեղական դիտորդներ, քան անցյալ տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին էր։

Նախագահի ընտրությունների կապակցությամբ դիտորդի վկայական ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմած 26 հասարակական կազմակերպություններից ոչ մեկի հայտը չի մերժվել: Այս տեղեկությունը դիտորդների հայտերն ամփոփելիս ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Խորհրդարանի ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր էին ներկայացրել 54 կազմակերպություններ: Եվ եթե նախագահական ընտրություններին հետեւելու են 6400-ից քիչ ավելի տեղական դիտորդներ, ապա Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղական դիտորդների թիվը մոտ 5 անգամ ավելի էր. մայիսի 6-ի ընտրությունների ընթացքին հետեւում էին տեղական 31 հազարից ավելի դիտորդներ:

Ի՞նչն է խնդիրը, որ նախագահի ընտրություններին ավելի փոքր թվով դիտորդներ են մտադիր հետեւել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կապակցությամբ իր մեկինաբանությունները ներկայացրեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Օրինակ, մեր կազմակերպությունը այս տարի չի մասնակցելու այդ դիտորդական առաքելություն իրականացնելուն», - նշեց Ալավերդյանը` մանրամասնելով. - «Ես կարծում եմ, խնդիրը նրանում է, որ կարծես թե այն հին տեխնոլոգիաները, որով իրականացվում է ինքը դիտարկումը, չի տալիս այն հարցերի պատասխանը եւ այն գնահատականը երեւույթների, որոնք որ տեղի են ունենում»։

«Այն ամենը, ինչ պետք է կեղծվի կամ արվի, դա մի մասը արդեն իրականացվել է, այսինքն` հասարակության մեջ կա բավականին մեծ կամ ապատիա, կամ սպասելիքների շատ նվազագույն աստիճան, իսկ երկրորդը` որ տեխնոլոգիաները կեղծելու կամ չափազանց հմտացած այդ «մասնագետները» անում են այնպես, որ, փաստորեն, դա ոչ թե տեղի է ունենում այն տեղում, որտեղ դիտորդական առաքելություն է իրականացվում, այլ` բոլորովին այլ վայրերում», - ընդգծեց Հայաստանի առաջին օմբուդսմենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG