Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմից կրակել են գյուղերի ուղղությամբ


Սահմանամերձ Չինարի գյուղի համայնապատկեր
Սահմանամերձ Չինարի գյուղի համայնապատկեր
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմից արձակված ինտենսիվ հրաձգության հետեւանքով կա մեկ վիրավոր: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` վիրավորը 22-ամյա զինծառայող է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Զոհեր չկան:

Նախարարությունը հավաստիացնում է, որ գնդակոծված Չինարի, Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում այսօր առավոտից վիճակը խաղաղ է` հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում:

Հրաձգությունը սկսվել էր երեկ ցերեկը, աստիճանաբար դարձել է ավելի ինտենսիվ` մինչեւ կեսգիշեր. վնասվել են բնակելի տներ, Չինարի գյուղի գազատարը, որն այսօր արդեն վերականգնված է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հակառակորդն օգտագործել է տարբեր տրամաչափի, այդ թվում նաեւ մեծ տրամաչափի հրաձգային զենքեր: Նախնական տվյալներով, աշխատել են նաեւ դիպուկահարներ: Պաշտպանության նախարարության հավաստմամբ, նման մասշտաբի հրաձգություն վերջին անգամ եղել էր մոտ վեց ամիս առաջ:

Սահմանամերձ բնակավայրերի գյուղապետերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ ադրբեջանական կողմը կրակել է հենց գյուղերի վրա:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գյուղացիները ստիպված են եղել պատսպարվել նկուղներում. - «Պատկերացրեք, 93 թիվն էր եկել, բոլոր տների լույսերը հանգցրած, մարդիկ նկուղներում, էդ վիճակն էր: Մեր մոտ, որ կրակոցները սկսվում են, գիտենք, թե արդեն 90-ական թվականները սկսվել են»:

Գյուղապետերի փոխանցմամբ` կրակոցները սկսվել են ուրբաթ օրվանից` փետրվարի 8-ից: Փետրվարի 9-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվել էր պայմանագրային զինծառայող: Այդ օրը կրակոցները պարբերաբար կրկնվել են եւ ակտիվացել են երեկ:

«Ուրբաթ օրը որ կրակում էին, ինտենսիվ կրակոցներ էին, խոշոր տրամաչափի, բայց երեկվանը շատ էր, կրակոցների քանակը շատ շատ էր: Կարկուտի պես թափվում էր գյուղի վրա: Որ ասեմ` չեք պատկերացնի, չենք կարողացել, թե գլուխներս նկուղներից հանենք, տեսնենք հլա ինչ իրավիճակ ա», - ասաց Այգեպարի գյուղապետը.- «Էնքան էլ ցուրտ էր, մեկն իր վերմակով, մեկը ադիալներով հավաքվել են, որ գոնե չմրսեն, չհիվանդանան: Երեխաները մենակ տեսնեիք, թե ոնց էին էդ ձայնից թռվռում, վախից լացում էին, լացուկոծ էր: Ո՞նց ասենք, որ վտանգավոր է, ո՞նց բացատրենք: Ախր էդ ձայնն էնքան բարձր է»:

Այգեպարի գյուղապետը փոխանցեց, որ գյուղապետարանում ողջ գիշեր հերթապահություն են իրականացրել, որ որեւէ «վատ դեպքի» պարագայում կարողանան առաջին օգնություն ցուցաբերել: Նա վստահեցրեց, որ գյուղում հիմա խաղաղ է, երեխաները գնացել են դպրոց. - «Հիմա դպրոցը աշխատում է, մարդիկ իրենց առօրյա կյանքով ապրում են, բայց դա կյանք չի էլի… Փոքր երեխան ի՞նչ է տեսնում, ահ ու սարսափի մեջ մեծացող երեխաներն ի՞նչ են անելու… Ամբողջ գյուղը միայն խաղաղություն է ուզում, ո'չ տանիք են ուզում, ո'չ տուն են ուզում, մենակ խաղաղություն են ուզում, որ կարողանան հանգիստ ապրեն»:

Սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը եւս մեզ վստահեցրեց, որ վիճակը նորմալ է. գյուղի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները հնչել են գիշերը 10.30-ից մինչեւ 11.45. - «Մեզ համար դա սովորական բան է: Դե հիմա ով չի գնդակից վախենում, կա՞ տենց մարդ, որ գնդակից չվախենա: Մանավանդ երեխաները, աղջիկ երեխեքը: Բայց կրակոցների ժամանակ հավաքվում ենք ակտիվ մարդիկ, երիտասարդները, միջին տարիքի մարդիկ, սպասում, Աստված չանի, մի արտառոց դեպք, որ օգնության հասնենք: Ամեն ինչ կազմակերպվում է: Այնպես որ, սպասելիքներ էլ չունենք, որ խաղաղություն է լինելու, դրա համար գիտենք մեր քայլերը»:

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ իրավիճակը հայկական զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է, ձեռնարկված են բոլոր քայլերը հակառակորդին զսպելու համար:
XS
SM
MD
LG