Մատչելիության հղումներ

Պարտված թեկնածուներից ո՞վ կշնորհավորի հաղթողին


Եթե խախտվի տարիներ շարունակվող ավանդույթը եւ Հայաստանի նախագահն ընտրվի իսկապես ժողովրդի քվեով, ապա, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա հաղթած թեկնածուին շնորհավորելու մշակույթի սկզբնավորողը:

«Դա պայմանավորված կլինի նրանով, թե ինչքանով են ընտրությունները կայացել արդար, թափանցիկ եւ այլն», - ասաց Հակոբյանը:

Նա, սակայն, համոզված է, որ ընտրություններում հաղթելու է «Ժառանգության» թեկնածուն, եւ չի հավատում տարատեսակ սոցիոլոգիական հարցումներին, որոնց համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտնվի երկրորդ տեղում:

«Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր թիմը գնում է հաղթանակի», - հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:

Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարած «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, մինչդեռ, վստահություն հայտնեց, որ հաղթելու է գործող նախագահը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան շնորհավելու է:

Ընտրապայքարին չմասնակցող Հայ ազգային կոնգրեսին չի հետաքրքրում, թե պարտված թեկնածուներից ով կշնորհավորի հաղթած թեկնածուին: ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի մեկնաբանությամ․ - «Որովհետեւ ընտրություն բառը չկա: Եթե Հայաստանի քաղաքացին զրկված է ընտրության հնարավորությունից, ֆալսիֆիկացիայի արդյունքում ո՞վ, ի՞նչ… բացարձակ չի հետաքրքրում»:

Դաշնակցության ղեկավար ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, հաղթողին կշնորհավորեն այն թեկնածուները, ովքեր նորմալ կգնահատեն ընտրությունները: Դաշնակցությունը, սակայն, համոզված է, որ ընտրությունները շինծու են, ուստի անիմաստ է խոսել հաղթողի կամ պարտվողների մասին:

«Հաղթողներին թվում է, թե իրենք իրենց տոկոսներն ավելացնելով ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, [կարող են] պնդել, որ երկրում էլ վիճակը լավանում է նույն այդ տոկոսներով: Չարաչար սխալվում են», - հայտարարեց պատգամավորը:

Հաղթողին պարտավոր են շնորհավորել բոլոր պարտվածները, կարծում է ՀՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG