Մատչելիության հղումներ

Նախագահի թեկնածուների սոցիալ-տնտեսական խոստումները


«Ազատություն» ռադիոկայանը փորձել է պարզել, թե նախագահի թեկնածուներն ինչ են առաջարկում ընտրողներին երկրի առաջ ծառացած սոցիալական, տնտեսական խնդիրների լուծման համար։

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ասում է, որ իր ծրագիրը իրենից ներկայացնում է «100 քայլ դեպի սոցիալական արդարություն»։ Նա ասում է, որ իր իսկ կողմից առաջ քաշված սոցիալական խնդիրների համար կոնկրետ լուծումներ ունի։

«Ինչպե՞ս են փոքրացնում տարբերությունն աղքատների եւ հարուստների միջեւ՝ պրոգրեսիվ եկամտահարկ, ինչպե՞ս են փոքրացնում տարբերությունը տարբեր մասնագիտությունների միջեւ՝ մասնագիտություն կա 6 անգամ ավել է վճարվում պետության կողմից», - որոշ օրինակներ է ներկայացնում նախագահի թեկնածուն։

Նա նաեւ ասում է, թե ունի հստակ լուծումներ Երեւանի եւ մարզերի միջեւ կենսամակարդակի տարբերությունը կրճատելու համար, որպեսզի Երեւանում եւ օրինակ՝ Տավուշում ապրող մարդկանց կյանքն առնվազն 5 անգամ տարբեր չլինի։

Բագրատյանը խոստանում է լուծել նաեւ սերունդների տարբերության խնդիրը, երբ քառասունից հետո մարդն այլեւս աշխատանք չի կարողանում գտնել։

Քայլ առ քայլ խնդիրները լուծելով, ըստ Բագրատյանի, 10 տոկոսով կիջնի երկրում աղքատության ցուցանիշը։

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրում կարդում ենք․ - «Ստվերը բերման ենթարկելով մենք կունենանք այն նվազագույն զամբյուղը, որ յուրաքանչյուր ընտանիք, անգամ փոքր գնաճի դեպքում, կկարողանա ապահովել իր կյանքը եւ ունենալ հեռանկար»։

Հովհաննիսյանը խոստանում է նաեւ 180 հազար աշխատատեղ ստեղծել։

«Կարող է եւ լինի 350, բայց ասում ենք 180 հազար՝ 5 տարի անց», - ասում է թեկնածուն։

Փոքր եւ միջին բիզնեսը պետք է ունենա պետական աջակցություն։

Հովհաննիսյանը վստահ է, որ ունի ռեսուրսներ 1 տարի անց կենսաթոշակային, կրթության, գիտության, առողջապահության եւ պաշտպանության ծախսերի ֆինանսավորման 50 տոկոսի աճ ապահովելու համար, ինչպես նաեւ բարձր աշխատավարձեր։

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը բարեփոխումների սեփական ծրագիր չունի, սակայն առաջարկում է ազգաբնակչությանը ազատել հարկերից։ Նա ունի գյուղատնտեսությունը զարգացնելու առանձին ծրագիր․ - «Կրճատվելու եւ փակվելու է այն գյուղմթերքների ներմուծումը, որոնք Հայաստանում հնարավոր է արտադրել»։

Նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում մարզեր կատարած իր այցերում հիմնականում սոցիալական խնդիրների մասին է խոսում։

Իր ելույթներից մեկի ժամանակ նա, մասնավորապես, ասաց, որ չի կարծում, թե այս խնդիրների լուծման մեր բոլորիս պատկերացումների մեջ ինչ-որ տարբերություն կա․ -

«Որովհետեւ բոլորս էլ մոտավորապես նույնն ենք ցանկանում․ խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, արժանավայել վաստակ, որակյալ կրթություն եւ առողջապահություն»։

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն էլ հարցի լուծումը տեսնում է համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու մեջ, երբ ամեն մեկն իր գործում իր արածի համար պատասխանատու կլինի։

«Մենք կոնֆետ ու շաղգամ չենք խոստանում ուրիշների նման։ Մենք փոխելու ենք Հայաստանի պետական կառավարման համակարգի որակը։ Ոչ մի քաղաքացի որեւէ տեղ օրինական իրավունքների ոտնահարում չի հանդիպի եւ իրենից կաշառք չեն պահանջի», - ասում է թեկնածուն ու հավաստիացնում՝ «մենք ունենք դեղատոմսերն ու լուծումները»։

Նախագահը սոցիալական ոլորտում արմատական փոփոխություններ կարող է անել միայն խորհրդարանական մեծամասնության աջակցությամբ, մեզ հետ զրույցում ասում է թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ ավելացնելով, որ սոցիալական ծրագրերի մասին խոսողներն այսօր այնքան էլ ազնիվ չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG