Մատչելիության հղումներ

Փետրվարի 7-ի մամուլ


Վերջին օրերի քաղաքական զարգացումներում «Հայոց Աշխարհ» թերթն աներեւույթ, սակայն խիստ որոշակի միտումներ է նշմարում. - «Ի վերջո, ի՞նչ է ուզում «ասել» ԱնդրիասՂուկասյանն իր հացադուլային պայքարով։ Հնարավո՞ր է, որ նրա հացադուլի հիմնական «մեսիջն» այն է, թե վարչախմբի դեմ պայքարի միակ տարբերակը ինքնասպանությունն է կամ ապստամբությունը, որի մասին խոսակցություններն էլ «թարմացնելու» դերը տրվել է մեկ այլ թեկնածուի։ Հնարավոր է, որ հենց նման «երկընտրանքն» էլ ուզում են շեշտել աներեւույթ սցենարիստները։ Միաժամանակ «արեւմտյան» դեսպանների հրապարակային գնահատականները եւս կարող են իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունենալ՝ «գործող անձանց» քաջալերելու, քարոզչական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերելու առումով։ Դե, իսկ հայտնի քաղաքական գործչի ու նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձը միայն լրացնում է ընդհանուր պատկերը։ Տպավորություն է ստեղծվում, որ խնդիր է դրված ընտրությունների շուրջ ստեղծել հիստերիկ ու անառողջ մի խառնակ կացություն՝ անկանխատեսելի զարգացումների հեռանկարով»։

Մեկնաբանելով Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին վերջին շրջանում հաճախ հնչեցվող քննադատությունը` «Հրապարակ»-ը նկատում է. - «Մենք մեր վարքուբարքով ստիպել ենք քաղաքակիրթ աշխարհին դիվանագիտական ակնարկների լեզվից հրաժարվել եւ ուղիղ ու մերկապարանոց ճշմարտություններ հնչեցնել: Եվ որքան էլ արտաքին գործերի նախարարն ու փոխնախարարը, վարչապետն ու պատգամավորները վրդովվեն՝ մենք ինքներս ենք ստեղծել այդ վիճակը, եւ չարժե դեսպանին մեղադրել իր լիազորությունների շրջանակը գերազանցելու մեջ: Եթե դու ի վիճակի չես ինքնուրույնաբար կարգուկանոն հաստատել քո տանը, հարեւանները ստիպված են միջամտել ու օգնել, հակառակ պարագայում վտանգ կա, որ այդ «անկարգությունը» կտեղափոխվի նաեւ ընդհանուր օգտագործման տարածք»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. - «Երբ հայտնի դարձավ, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն չեն առաջադրելու թեկնածուներ եւ չեն սատարելու որեւէ թեկնածուի, քաղաքական գրեթե բոլոր փորձագետները շտապեցին կանխատեսել, որ այս ընտրությունները լինելու են ամենականխորոշված, ամենաանհետաքրքիր եւ ոչ մրցակցային ընտրությունները։ Սակայն ինչպես ցույց տվեցին հատկապես վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները, Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու համար ամենեւին էլ պարտադիր չէ ունենալ ռեսուրսներ։ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո ակնհայտ դարձավ, որ առկա իրավիճակում անգամ մեկ հոգին կարող է հասարակության մեջ այնպիսի կայծ առաջացնել, որը մարելու համար Սերժ Սարգսյանը գուցե ստիպված լինի շատ ավելի մեծ ջանքեր գործադրել, քան նույն Գագիկ Ծառուկյանին կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին խաղից հանելու դեպքում»։

Հակադարձելով ատամնաբույժների բողոքներին` կապված հարկային բեռի կտրուկ ավելացման հետ` վարչապետը երեկ խորհրդարանում ասել էր. - «Եթե դուք 80 հազար դրամը բաժանեք աշխատանքային օրերի վրա եւ ամեն մի կլիենտին մատուցած ծառայության վրա, կտեսնեք, որ դա մի քանի լումայի մասին է խոսքը»: Այս կապակցությամբ «168 ժամ» թերթը գրում է. - «Եթե վարչապետն «օրերի վրա բաժանելով»՝ հաշվում է, թե ատամնաբույժներն օրական որքան են վաստակում, ապա նույն տրամաբանությամբ պետք է իրենց տված 26 հազար դրամ կենսաթոշակը բաժանի ամսվա օրերի վրա: Եվ հաշվի, թե օրական 866 դրամով միայնակ թոշակառուն ինչպե՞ս պետք է գոյատեւի: Իսկ ընտրությունների շեմին նման ոչ պոպուլյար քայլերի գնալը՝ ինչպիսին հարկերի բարձրացումն է, ցույց է տալիս, թե գործող իշխանությունը որքան վստահ է եւ որքան ապահով է զգում իրեն՝ ընտրություններից առաջ: Կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ արխային: Եվ այս առումով՝ գործող նախագահի նախընտրական կարգախոսը շատ ավելի անկեղծ կլիներ, եթե հնչեր այսպես՝ դեպի արխային Հայաստան»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը փորձում է բացատրել, թե ինչու է խոչընդոտվում «Կարֆուր»-ի եւ աշխարհահռչակ այլ ընկերությունների մուտքը Հայաստան: Թերթը գրում է. - «Խնդիրն այն է, որ պատկերավոր ասած` Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ է ոչ միայն դրսից, այլեւ ներսից: Օգտվելով շրջափակումից` Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ արել են ամեն ինչ, որպեսզի հանկարծ աշխարհահռչակ ընկերությունները «քթները չխոթեն» Հայաստան»: Դրանից, ըստ թերթի, առավելապես տուժում է շարքային քաղաքացին, որովհետեւ «մրցակցության բացակայության պայմաններում մեր «շուստրիները» գերշահույթներ են ստանում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG